Հարց քաղաքացիներից` արտասահմանում տրամադրված ժամանակավոր անաշխատունակության թերթիկն արդյոք անցողիկ է ՀՀ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ եթե վարձու աշխատողին արտասահմանում տրամադրվել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ բժշկական հաստատության կողմից, ապա արդյո՞ք այդ թերթիկն անցողիկ է ՀՀ-ում: Եթե այո, ապա կցանկանայի իմանալ, թե ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատունակության նպաստը:

Մարիա Աբրահամյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Աբրահամյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ կառավարության «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին ՀՀ օրենքի կիրառումն ապահովելու մասին» N-1024-Ն որոշման հավելված 6-ով, համաձայն որի` օտարերկրյա պետության բժշկական հաստատության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի (ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը հաստատող այլ փաստաթղթի) (այսուհետ` բժշկական փաստաթուղթ) հիման վրա քաղաքացուն տրամադրվում է ՀՀ կառավարության սահմանած ժամանակավոր անաշխատունակության թերթիկ:

Քաղաքացին ՀՀ առողջապահության նախարարություն է ներկայացնում հյուպատոսական վավերացմամբ, իսկ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքում` ապոստիլի հիման վրա վավերացված բժշկական փաստաթուղթը եւ դրա նոտարական կամ հյուպատոսական կարգով վավերացված թարգմանությունը: ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացված փաստաթղթերի հիման վրա տալիս է գրավոր թույլտվություն` քաղաքացուն անաշխատունակության թերթիկ տրամադրելու համար: Քաղաքացուն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունը, ՀՀ առողջապահության նախարարության գրավոր թույլտվության հիման վրա, անձին տրամադրում է անաշխատունակության թերթիկ:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դեռ լավ է, որ բավական երկար ճանապարհ անցնելուց ու թղթաբանական իսկական քաշքշուկի մեջ ընկնելուց հետո օրենքը թույլ է տալիս արտասահմանից ուղարկած փաստաթղթով ստանալ անաշխատունակության նպաստ:




Լրահոս