ՀԱՐՑ. Եթե ուսանողը սովորում է 1-ին կուրսում, ապա նա կարո՞ղ է հենց 1-ին կիսամյակում օգտվել ուսման վարձի զեղչից:
Վարդուհի Հարությունյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված եւ ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող 1-ին կուրսի ուսանողներին, ըստ սահմանված չափերի, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում տրամադրվում է պետության կողմից ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի մասնակի փոխհատուցում:
Բակալավրի եւ ինտեգրացված կրթական ծրագրով սովորողների համար հաշվի են առնում ընդունելության քննություններից ստացած գումարային գնահատականը, իսկ մագիստրատուրայի ուսանողների համար՝ բակալավրի կրթական ծրագրի միջին որակական գնահատականը (ՄՈԳ):
ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ 2012 թվականից սկսած՝ ամեն տարի դպրոցների շրջանավարտների թիվը նվազում է: Այս միտումը շարունակվելու դեպքում խնդիրներ կլինեն հատկապես 2017-2018-ին: