ՀՀ կառավարությունը տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը առաջիկայում կհատկացնի 36.5 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նշված գումարից 11 մլն 810 հազար դրամով նախարարությունը գնելու է համակարգչային սարքավորումներ: Ըստ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության` աշխատակիցները նոր համակարգիչների խիստ կարիք ունեն:
Քանի որ գոյություն ունեցող համակարգիչները եւ համակարգչային տեխնիկայի հիմնական մասը շահագործվում է շուրջ 7-10 տարի, արդեն ֆիզիկապես մաշվել են:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բացի 19 նոր համակարգիչներից, նախարարությունը կարիք ունի նաեւ 10 օդորակիչների, 11 բազմաֆունկցիոնալ տպիչ սարքերի: Նաեւ նշված գումարից տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը գնելու է լուսանկարչական կինոխցիկ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այդ կինոխցիկով ՏԿԶՆ-ն լուսաբանելու է մարզեր կատարվող այցելությունները, հանդիպումները, ասուլիսները: Հուսանք, որ Դավիթ Լոքյանը պետական միջոցներով գնած կինոխցիկով սեփական փիարով չի զբաղվի, այլ կզբաղվի աշխատելով:
Իսկ ահա 24 մլն 690 հազար դրամը ՏԿԶՆ-ն կհատկացնի Գեղարքունիքի մարզպետարանին, որով մարզպետարանը պատրաստվում է կահավորել մարզի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը: Մասնավորապես թատրոնի համար ձեռք կբերվեն վարչական սարքավորումներ եւ հատուկ նպատակային նյութեր: