ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը որոշել է պարզապես ծաղրել ժողովրդին՝ ամեն կերպ արդարացնելով թանկացումները եւ կոչ անելով զինվել համբերությամբ: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը երեկ հայտարարել է, թե իրենք ուսումնասիրություններ են կատարել կարագի, բենզինի եւ մսի շուկայում եւ պարզել, որ թանկացումները ոչ թե չարաշահումների հետեւանք են, այլ օբյեկտիվ հիմքեր ունեն: Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ասել է. «Նախ եւ առաջ թանկացումներն այնքան շատ չեն, ինչպես որ ներկայացնում են՝ կարագն է, բենզինն է, մսամթերքն է՝ 10 տոկոս եւ ձուկը, բայց շատ ապրանքներ կան, որոնք էժանացել են։ …Մենք ի՞նչ պետք է անենք, ինչպե՞ս արձագանքեն։ Մենք չենք կարող այդ գները զսպել։ Այլ խնդիր է, որ մենք բարենպաստ պայմաններ ստեղծենք, որպեսզի մեր քաղաքացին կարողանա թանկացումներին դիմակայել։ Այդ ամեն ինչին համբերատար պետք է վերաբերվել»: Ի՞նչ է սա՝ ցինի՞զմ, ժողովրդին ծաղրե՞լ, թե սեփական անկարողությունը խոստովանելու տխուր փորձ:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը, ԿԲ-ն ունեն լծակներ, օրենսդրությամբ տրված լիազորություններ՝ գնաճը զսպելու համար, քանի որ ՀՀ մայր օրենքի՝ Սահմանադրության 83.3 հոդվածում հստակ ասված է. «ՀՀ ԿԲ հիմնական խնդիրը ՀՀ գների կայունությունն ապահովելն է»: Այնինչ վարչապետի խոսքերից պարզվում է, որ իրենք չեն կարող իրագործել սահմանադրության այս դրույթը: Եւ ընդհանրապես, իշխանություններն անկարող են ոչ միայն այս հարցում, այլ՝ պետություն կառավարելիս: Մեկ փաստ էլ. որքան էլ իշխանությունները համոզեն, թե գնաճը բնական է, պայմանավորված արտաքին գործոններով, միեւնույն է, դրանից իրավիճակը չի փոխվի, եւ ՀՀ քաղաքացու վիճակը չի թեթեւանա, մանավանդ, մի երկրում, որտեղ արդեն որերորդ տարին է՝ ո՛չ աշխատավարձերն են բարձրացնում, ո՛չ կենսաթոշակները, ո՛չ նպաստները, եւ նույն տխուր հեռանկարն է սպասվում նաեւ հաջորդ տարի, ու փոխարենը գնաճի նոր ալիք է սպասվում:

 

 

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա վիճակին՝ նշելով. «Ես անձամբ կարծում եմ, որ կարգավորման գլխավոր հարցը հանդիսանում է կոնֆլիկտի կողմերի կողմից հարցի ուժային լուծման ցանկացած փորձի մերժումը: Պետք է կողմերն իրենց վրա պարտավորություն վերցնեն հարցը քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով լուծելու»: Վլադիմիր Կազիմիրովը միաժամանակ հայտարարել է. «Կոնֆլիկտի հանդեպ ես չեմ տեսնում ռեալիստական մոտեցում, եւ դուք հասկանում եք, թե որ կողմից»:

 

 

 

Վարդենիսի բնակիչները դժգոհում են Սոթքի ոսկու հանքի շահագործումից՝ պնդելով, որ այն վնասում է հարակից համայնքների բնակիչների առողջությանը: Նրանց խոսքերով, «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը հանքը շահագործում է բաց, հաճախակի պայթեցումներ անում, եւ արդյունքում մարդու առողջությանը վնասակար արտանետումներ են լինում: Բնակիչների մտահոգությունները կիսում են նաեւ բնապահպանները. Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց.«Պայթեցումները` ցնցման, վիբրացիայի հետ մեկտեղ, փոշի են առաջացնում, որն օդ է բարձրանում եւ տարածվում: Դրա մեջ կան նաեւ հենց այն ծանր մետաղները, որոնք հիվանդություններ են առաջացնում: Գրականության մեջ կա նշված այդ մասին: Սոթքի ոսկու հանքավայրի դեպքում նույնն է»: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերություն, սակայն այդպես էլ պատասխան չստացանք:

 

 

 

ՀՀ քննչական կոմիտեի եւ ոստիկանության միջեւ միջգերատեսչական լարվածությունը վաղուց նորություն չէ, եւ պարբարաբար ականատես ենք լինում նրանց միջեւ անուղղակի բախումների: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, սակայն, հակառակն է պնդել. «Ոչ մի այդպիսի բան չկա, կարծում եմ ամեն ինչ կարգավորված է եւ հստակ աշխատում ենք համագործակցված»: ՀՀ փոխոստիկանապետից հետաքրքրվեցինք նաեւ Սերժ Սարգսյանի խոսքերի մասին, որոնք նա հնչեցրել էր հոկտեմբերի 9-ին՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: «…Ոորոշ դեպքերում փորձ է արվում հանցագործությունը համարել բացահայտված, երբ հանցագործներից մեկին ենք հայտնաբերել, իսկ մնացածների մասին ընդհանրապես մոռանում ենք»,- հայտարարել էր Ս. Սարգսյանը: Ու այս խոսքերից հետո «Կոնվերսբանկի» կողոպուտը լրիվ չբացահայտված, Դուք շտապեցիք հայտարարել, թե բացահայտվել է: Բայց ոչ գողը կա, ոչ՝ գողոնը, ինչո՞ւ հարցին, փոխոստիկանապետ Եղիազարյանը պատասխանեց. «Բազմաթիվ ապացույցներ կան, ըստ երեւույթին, դրանով է պայմանավորված»:

 

 

 

ՀԱՄԱՌ ԱԿՆԱՐԿՆԵՐ
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ բացահայտ ձեռնոց է նետել Սերժ Սարգսյանին՝ թարմացնելով ապագա իշխանության համար լուծված համարվող պայքարը: Երեկ Գյումրիում լրագրողները Կարեն Կարապետյանից հետաքրքրվել են, թե ՀՀԿ-ում քննարկել են արդյոք՝ 2018-ի ապրիլից հետո ո՞վ է լինելու վարչապետի թեկնածուն, եւ բացի այդ, իր հետ քննարկել են հետագա պաշտոնավարմանն առնչվող հարցեր: Կարապետյանի պատասխանը բավական ուշագրավ էր. «Ես այդ հարցին պատասխանել եմ, բայց եթե ուզում եք համոզված լինել, թե ես համառ եմ, ապա համոզված եղեք՝ ես համառ եմ»:
Առաջին հայացքից Կարեն Կարապետյանը խուսափել է իր հետագա պաշտոնավարման մասին հարցին կոնկրետ պատասխանելուց: Բայց խուսափելով, վարչապետը լուրջ ակնարկներ է արել՝ շեշտելով, որ ինքը համառ է:
Ինչպես հայտնի է՝ Կարեն Կարապետյանը մեկ անգամ չէ, որ ակնարկել է 2018թ. ապրիլից հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելու մտադրությունների մասին: Պաշտոնավարման առաջին իսկ ամիսներից, երբ Կարապետյանին հարցրել են 2018թ. հետո եւս վարչապետ լինելու մասին, նա դրական պատասխան է տվել: Այս տարվա մայիսին էլ հարցին, թե պատրաստ է վարչապետ մնալ 2018 թվականին եւ դառնալ հանրապետության ղեկավար, նա մեկ բառով էր պատասխանել. «Պատրաստ եմ»։ Արդեն հունիսին, երբ ԱԺ ընտրություններից հետո կառավարությունը խորհրդարանի հաստատմանը ներկայացրեց իր ծրագիրը, Կարեն Կարապետյանը պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ կրկնել էր՝ ինքը պատրաստ է լինել վարչապետ: Ավելին, Կարապետյանը նաեւ ասել էր, թե ինքը չկա Սերժ Սարգսյանին նախագահական ժամկետից հետո վարչապետ դառնալ համոզողների ցանկում: Ընդ որում, նա այս հայտարարությունն արել էր Սերժ Սարգսյանի՝ Ռ-էվոլյուցիա հաղորդաշարին տված հարցազրույցից հետո, որտեղ վերջինս ակնարկել էր իր հետագա պաշտոնավարման ցանկությունների մասին:
Ու հիմա Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե ինքը համառ է, ոչ այլ ինչ է, քան մարտահրավեր Սերժ Սարգսյանին. այսպես Կարապետյանը հասկացնում է, որ ամենեւին մտադիր չէ զիջել դիրքերը եւ պայքարելու է խոստացված պաշտոնի համար: Այլապես, ինչո՞ւ էր ժամանակին համաձայնել Մոսկվայում թողնել «Գազպրոմ»-ի փոխնախագահի պաշտոնը եւ մի քանի ամսով դառնալ վարչապետ, ընդ որում՝ իր վրա վերցնելով ընտրություններին ՀՀԿ-ի դեմքը փրկելու բեռը՝ այդ ընթացքում հողին հավասարեցնելով բարձր վարկանիշը:

 




Լրահոս