ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԸ՝ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԿՌԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեի եւ ոստիկանության գերատեսչական կռիվներին, ասաց. «Ոչ մի այդպիսի բան չկա, կարծում եմ, որ ամեն ինչ կարգավորված է, հստակ աշխատում ենք այդ ուղղությամբ՝ իրար հետ համագործակցված»:

Նկատենք, որ քննչական կոմիտեի եւ ոստիկանության միջեւ առկա գերատեսչական տարաձայնությունները գնալով նոր երանգներ են ստանում: Հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն մշակել ու կառավարություն է ներկայացրել դեպքի վայրի պահպանությունը կանոնակարգելուն ուղղված օրենսդրական նախագծերի փաթեթ, որն էլ արժանացել է կառավարության հավանությանը: Ըստ այդմ, քանի որ հիմա դեպքի վայրի պահպանությունը դրված է միայն հետաքննության մարմիններից ոստիկանության եւ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների վրա, Քննչական կոմիտեն առաջարկում է այդ ցանկում ներառել նաեւ հետաքննության մյուս մարմիններին՝ հարկային, մաքսային, ԱԱԾ: Քննչական կոմիտեի այս նախաձեռնությունը, թերեւս, պատահական չէ. քննչական կոմիտեն իր գործողություններով կասկածի տակ է դնում ոստիկանության գործունեության արդյունավետությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանի հետ:
-Պարո՛ն Եղիազարյան, Քննչական կոմիտեն մշակել ու կառավարություն է ներկայացրել դեպքի վայրի պահպանությունը կանոնակարգելուն ուղղված օրենսդրական նախագծերի փաթեթ, ու այս նախաձեռնությունը զուգադիպեց Հերացու փողոցում տեղի ունեցած ավտովթարի դեպքի հետ, երբ ոստիկաններն այդպես էլ չէին կազմակերպել դեպքի վայրի պահպանությունը: Քննչական կոմիտեի այս նախաձեռնությունը, թերեւս, պատահական չէ. Քննչական կոմիտեն իր գործողություններով կասկածի տակ է դնում ոստիկանության գործունեության արդյունավետությունը: Ի՞նչ կասեք այս մասին:
-Այդ հարցին չեմ կարող պատասխանել: Չէ, գիտեք դրանք սահմանված են օրենքով, հստակ սահմանված կա, ու այնպես է, որ որեւէ խնդիր չկա:
-Միգուցե օրենսդրական որոշակի քայլեր անելը ոստիկանության մենաշնորհը կոտրելու համա՞ր է իրականացվում:
-Հակառակը, ոչ մի այդպիսի բան չկա, կարծում եմ ամեն ինչը կարգավորված է եւ հստակ աշխատում ենք այդ ուղղությամբ՝ իրար հետ համագործակցված:
-Վերնիսաժի կրակոցների հաջորդ օրը ոստիկանությունը պաշտոնապես հայտարարեց, որ դեպքը բացահայտված է եւ մինչ օրս գործով երկու անձի փնտրում են: Այս ամենից հետո՝ հոկտեմբերի 9-ին, Սերժ Սարգսյաը Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին, անդրադառնալով քննիչների եւ ոստիկանության համագործակցությանը, ասել էր. «Ես հատկապես ցանկանում եմ ձեր ուշադրությունը այս հարցի վրա սեւեռել, ընդ որում, երկու տեսանկյունից. նախ՝ որոշ դեպքերում փորձ է արվում հանցագործությունը համարել բացահայտված, երբ հանցագործներից մեկին ենք հայտնաբերել, իսկ մնացածների մասին ընդհանրապես մոռանում ենք: Ես կարող եմ տասնյակ այդպիսի օրինակներ բերել՝ շատ լավ հասկանալով այն, ինչ Քննչական կոմիտեի նախագահն ասաց ցուցանիշների ամփոփման տեսանկյունից: Եվ մյուսը՝ շատ դեպքերում ուղղակի մոռանում ենք, որ, այո՛, նախնական հայտնի է, թե ով է կատարել հանցագործությունը, բայց հանցագործը տարիներ շարունակ ուղղակի հանրապետությունում է մնում. հանրապետությունից դուրս չէ: Ես խնդրում եմ այս հարցին վերաբերվել բարեխղճությամբ, որովհետեւ դուք ինձ ավելի լավ կբացատրեք, որ յուրաքանչյուր հանցագործության, ընդհանրապես հանցագործությունների կանխման լավագույն ձեւը դրանց բացահայտումն է ամբողջությամբ»: Ինչ էր ուզում ասել Սերժ Սարգսյանը ոստիկանությանը:
-Ես չեմ կարող մեկնաբանել նախագահի խոսքերը:
-Սերժ Սարգսյանի ելույթը մնացել է անհետեւանք, նա հստակ ասել էր, որ որոշ դեպքերում փորձ է արվում հանցագործությունը համարել բացահայտված, երբ հանցագործներից մեկին ենք հայտնաբերել: Օրինակ «Կոնվերս» բանկի կողոպուտի դեպքը ոստիկանությունն ասում է բացահայտված է, բայց հիմնական կասկածյալին, ով թալանել է բանկը, դեռ չեն գտել,դեռ ավելին՝ գողոնն էլ չկա:
-Բազմաթիվ ապացույցներ կան, ըստ երեւույթին, դրանով է պայմանավորված:
-Միգուցե նշել է պետք, որ մասնակի է բացահայտվել, ի վերջո, բազմաթիվ ապացույցները դեռ հիմք չեն ասելու, որ հանցագործությունը բացահայտվել է:
-Կոնկրետ այդ դեպքում այդպես չէ, կան գողերը, դրանով արդեն հրապարակումներ եղել են մամուլում , հեռուստատեսությամբ, այնպես որ…
-Իսկ այն կատարողը կամ գողոնը չկա:
-Բոլոր դեպքերում չէ, որ գողոնը հայտնաբերվում է, բայց կան այլ բազմաթիվ ապացույցներ, որոնք մեզ վստահեցնում են, որ հանցագործությունը բացահայտված է:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԸՆԿԵՐԸ
Սերժ Սարգսյանի մանկության ընկեր Միխայիլ Հարությունյանին պատկանող «Միկմետալ» ընկերության շուրջ դատական պատմությունները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Պրոմեթեյ բանկը դիմել է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ «Ապավեն» ՍՊԸ-ից, «ԴարՖ» ՍՊԸ-ից, «Միկմետալ» ՓԲԸ-ից եւ այլ ընկերություններից գումար է պահանջում: Տեղեկացանք, որ գումարի չափը կազմում է մոտ 1,5 միլիոն դրամ:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը պարզել էր, որ 2017 թվականի հոկտեմբերի 5-ին «Միկմետալ» ՓԲԸ-ն դիմել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ «Հայր եւ որդի Բեգլարյաններ» ՍՊԸ-ից պահանջելով շուրջ կես միլիոն դրամ: Երկու ընկերությունների միջեւ առկա դատական գործի քննությունը մակագրվել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին, ով ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի դուստրն է, ուստի դժվար չէ կռահել, թե ինչ ընթացք կունենա այս դատաքննությունը:

 

 

 

ՍԻՍԻԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի հերթապահ մասի պաշտոնատար անձինք հայտնվել են ամբաստանյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վլադիմիր Սաֆրազյանին, Մանասեր Ստեփանյանին եւ Ռազմիկ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք համապատասխանաբար զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի հերթապահ մասին տեսուչ-հերթապահի, հետախուզության բաժանմունքի պետի, հետաքննության գծով ավագ տեսուչի պաշտոնները, չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, վնաս պատճառել ինչպես պետությանը, այնպես էլ՝ անչափահաս Լյուբա Մարտիրոսյանի իրավունքներին ու օրինական շահերին: Այս քրեական գործը հոկտենբերի 17-ին ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, գործը մակագրվել է դատավոր Դավիթ Սարգսյանին, իսկ ահա պաշտոնատար անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ
Ընտանեկան բռնության հերթական դեպքն է գրանցվել Լոռու մարզում: Մեծավան գյուղում ամուսինը դանակահարել է կնոջը միս կտրելու դանակով: Ամուսինն իր առանձնատան խոհանոցում դանակով միս կտրելու ժամանակ կնոջը մեղադրել է իր եւ քույրերի միջեւ ստեղծված լարված հարաբերությունների մեջ, հայհոյել: Դանակի հարվածը հասցվել է կնոջ կրծքավանդակի ձախ կեսի շրջանին` դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող: Կինը տեղափոխվել է բժշկական կենտրոն եւ նրա մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք` ձախակողմյան պնեւմոհեմոթորաքսի եւ 2-րդ աստիճանի տրավմատիկ շոկի զարգացմամբ:

 

 

ՓԱԿ ԴՌՆԵՐ
ԱԺ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է դրվել «Ելք» խմբակցության մի քանի պատգամավորների կողմից առաջարկված «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, որ օրենքի 48-րդ հոդվածը հստակ սահմանում է այն անձանց շրջանակը, ովքեր առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր անարգել ելքի եւ մուտքի իրավունք ունեն եւ նման իրավունք վերապահված է նաեւ ԱԺ պատգամավորին:
«Ես ակնկալում եմ, որ ՔԿՀ-ում չլինի դուռ, որ ԱԺ պատգամավորի առաջ չի կարող բացվել»,-ասել է նա, ապա պատասխանելով հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի հարցադրումներին՝ հավելել. «Մենք գնում ենք, կանգնում ՔԿՀ-ի խցի մոտ, չենք կարողանում տեսնվել, քանի որ կալանավորի հետ տեսակցությունն արգելված է»:

 

 

ՕՐԵՆՔՆԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ
Սերժ Սարգսյանը ստորագրել է «Անտառարդյունաբերական համալիրի եւ անտառային տնտեսության բնագավառում համագործակցության մասին» 1998թ. սեպտեմբերի 11-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին, «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների նմուշների հանձնման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կորեայի Հանրապետության կառավարության միջեւ մշակույթի, սպորտի եւ կրթության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «Ռազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավորող կամ այլ գազերի օգտագործման եւ մանրէաբանական պատերազմի միջոցների արգելման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին ՀՀ օրենքները:

 

 

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է
Հոկտեմբերի 18-ին՝ լուսադեմին, երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանը: Նա տառապում էր ծանր հիվանդությամբ: Մահից ժամեր առաջ ասել է, որ իրեն հուղարկավորեն Մոսկվայում՝ ծնողների կողքին: Լեւոն Գուրգենի Հայրապետյանը ծնվել է 1949թ. Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում:

 




Լրահոս