Ինչպես հայտնի է, այսօր Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ Մանուշակ մանկապարտեզ ներխուժած անձին ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել տղամարդուն մեղադրանք առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։
Քիչ առաջ ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյան հայտնեց, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի միջնորդութունը և երկամսյա կալանքի տակ է վերցրել պատանդառու Աբգար Հովիկյանին։ Ասել է թե պատանդառուն կալանավորվել է։
Մեզ նաև տեղեկություններ հասան այն մասին, որ հաշվի առնելով, որ պատանդառուն վիրահատության է ենթարկվել միջնորդություն է ներկայացվել, որ նրան տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ»։