ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ կոնկրետ ո՞ր դեպքը ապահովագրական պատահար չի համարվում: Խնդրում եմ նշել օրինակներով:
Ստեփան Հարությունյան (34 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ապահովագրական պատահար է համարվում ՀՀ տարածքում ավտոմեքենայի օգտագործման հետեւանքով տուժող անձին պատճառված անձնական եւ գույքային վնասների պատճառումը: Իսկ ապահովագրական պատահար չեն համարվում հետեւյալ դեպքերը`
1. անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետեւանքով առաջացած պատահարի արդյունքում պատճառված վնասները,
2. ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետեւանքով առաջացած պատահարի արդյունքում պատճառված վնասները,
3. վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ պատճառված վնասները, եթե դրանք կապված են բացառապես վտանգավոր թափոնների հետ,
4. տուժողի դիտավորության հետեւանքով տվյալ տուժողին պատճառված վնասները,
5. պետական սեփականություն համարվող բուսական կամ կենդանական աշխարհին, օդին, մակերեւութային կամ ստորգետնյա ջրերին, ընդերքին պատճառված վնասները,
6. արվեստի գործերին, թանկարժեք զարդերին, քարերին կամ մետաղներին պատճառված վնասները,
7. բեռների փոխադրման պայմանագրով փոխադրվող բեռներին պատճառված վնասները:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ 2016թ. մարտի 4-ից ապահովադիրներն ԱՊՊԱ վկայագրերում պարտադիր պետք է նշեն իրենց էլեկտրոնային հասցեները, որոնցով հետագայում որպես ապահովադիր եւ տուժող կիրականացվեն ԱՊՊԱ ոլորտում նախատեսված նրանց բոլոր ծանուցումները՝ ներառյալ կապված փորձաքննությունների եւ հատուցումների հետ: Նշենք, որ ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման (ԱՊՊԱ) ինստիտուտը գործում է Հայաստանում 2011թ. հունվարի 1-ից: