«Ցավոտ լուծում է լինելու Արցախի հարցում: Չի կարող առանց փոխզիջումների լուծում լինել»: Այսպիսի հայտարարություն Սերժ Սարգսյանն արել է հոկտեմբերի 26-ին՝ ՀՀԿ-ի «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում դասախոսությամբ հանդես գալու ժամանակ:
«Ես որեւէ դիրքորոշում չեմ ցանկանում հայտնաբերել, ուղղակի ուզում եմ տեսնել, թե քաղաքական դպրոցում սովորողների դիրքորոշումն ինչպիսին է այդ հարցում: Ես առաջարկում եմ բոլորիդ, կամ նրանց, ում այս հարցը հետաքրքրում է, մի հատ լավ նախապատրաստվեք, եւ մի օր հատուկ այս հարցով փորձենք բանավիճել, ճշմարտությունն ի հայտ բերել: Ես էլ խոստանում եմ անկեղծորեն իրավիճակը ներկայացնել, ոչինչ առանձնապես չթաքցնել»,- շարունակել է Սերժ Սարգսյանը:
Ղարաբաղյան խնդրին Սերժ Սարգսյանն անդրադարձել էր նաեւ պաշտպանական անվտանգության հետազոտական համալսարանում դասախոսությամբ հանդես գալու ժամանակ՝ նշելով. «Կա՛մ բանակցում ենք, կա՛մ էլ կրակում»: Իր խոսքում Սերժ Սարգսյանը մասնավորապես նշել էր. «Խնդրի խաղաղ կարգավորումը, ի թիվս այլ պայմանների, պետք է իսպառ բացառի որեւէ ռազմական սպառնալիք Արցախի խաղաղ բնակչության հանդեպ: Երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իսկապես, չունի ռազմական լուծում: Ուստի հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, իսկ մյուսով բանակցել այդ լուծումը գտնելու նպատակով: Կա՛մ բանակցում ենք, կա՛մ էլ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք: Բանակցությունները պետք է տեղի ունենան զենքի լռության շնորհիվ ձեւավորվող փոխադարձ վստահության պայմաններում: Կարճաժամկետ տակտիկական կամ քարոզչական առավելություն ստանալով` կողմերից ոչ մեկը որեւէ էական հարց իր համար չի լուծում: Ընդհակառակը, սադրանքները պարզապես անհնարին են դարձնում լուրջ բանակցությունները»,- ասել է նա:
Ի վերջո, ի՞նչ ցավոտ լուծման մասին է ակնարկում Սերժ Սարգսյանը: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է իշխող կուսակցության կոալիցիոն գործընկեր ՀՅԴ ԳՄ բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը:
-Պարո՛ն Վարդանյան, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում դասախոսությամբ հանդես գալու ժամանակ իր խոսքում նշել էր. «Ցավոտ լուծում է լինելու Արցախի հարցում: Չի կարող առանց փոխզիջումների լուծում լինել»: Ի՞նչ ցավոտ լուծման մասին է ակնարկում Սերժ Սարգսյանը:
-Ցավոք, Հայաստանում չեմ եղել, նախագահի ելույթին մանրամասը չեմ հետեւել: Բայց մենք ունենք այսօր մի իրողություն, որտեղ մեր հարեւանը որեւէ փոխզիջման մասին խոսել չի ցանկանում: Բնականաբար, հայկական կողմը միշտ պատրաստ է եղել հարցը քննարկել խաղաղ բանակցություններով, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Որ, ի վերջո, այո՛, ցավոտ է լինելու, դա հանրապետության նախագահի նաեւ պարտականությունն է այդ մասին խոսել, ասել ժողովրդին: Բայց այսօր մենք գոնե իբրեւ Դաշնակցություն չենք խոսում որեւէ զիջման մասին, քանի դեռ ադրբեջանական կողմը որեւէ նախաձեռնություն, պատրաստակամություն չի հայտնել: Մենք այսօր պետք է պատրաստ լինենք ցանկացած լուծման՝ միշտ պատրաստ լինելով բանակցություններով խաղաղ կարգավորման, բայց հարեւանն այնպիսին է, որ նա ուղղակի հնարավորություն չի տալիս բանակցային եղանակով խնդիրը լուծել:
-Ի վերջո, ցավոտ լուծումը ո՞րն է: Մեկ տարածքի հանձնումը կարո՞ղ է այդպիսին համարվել:
-Ես կարծում եմ, որ նախագահը խոսում էր ավելի ընդհանուր, եւ բնական է, որ այստեղ բազմաթիվ խնդիրներ կան: Նույն Արցախի իշխանությունները խոսում են նաեւ այն տարածքների մասին, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ՝ Շահումյանի, մյուս տարածքների մասին: Բայց այսօր, քանի դեռ չկա կոնկրետ բանակցության թեմա, քանի դեռ խաղաղ կարգավորման փուլը չի երեւում, այն, ինչ անում է Ադրբեջանը, ապակառուցողական, եւ նա որեւէ տեղ չի թողնում խոսելու այդ փուլերի մասին: Դա է փաստը:
-Օրեր առաջ էլ Սերժ Սարգսյանը երկու տարբերակ էր առաջ քաշել՝ կա՛մ բանակցում ենք, կա՛մ կրակում ենք: Նրա դիրքորոշումներում փոփոխությո՞ւն է եղել:
-Իհարկե, երկու տարբերակ կա. կա՛մ կողմերը բանակցություններով փորձում են հարցը կարգավորել, կա՛մ, եթե բանակցություններ չկան, կրակոցներ են լինում, ինչ ադրբեջանական կողմը փաստորեն անընդհատ անում է: Այն, ինչ որ նախկինում ձեռք էր բերվել… տեսեք, նաեւ դրսեւորում է սա: Ադրբեջանական կողմը գնում է հանդիպումների, ասում, հայտարարում մի բան, անմիջապես երկրորդ օրն անում է դրան հակառակ հայտարարությունները եւ փաստորեն երկու դեմքով է հանդես գալիս: Սա է մեր ունեցած հարեւանը, բայց ես կարծում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Իհարկե, փոփոխություններ չեն, բազմիցս հայտարարվել է այդ մասին, նոր բան չկա:
Նաիրա Հովհաննիսյան