«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Կյուրեղյանի դիմումը բավարարվել է, նա խցում միայնակ է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը:
Հաղորդագրությունում ասվում է.
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Կյուրեղյանի բաց նամակի ու նրանում տեղ գտած պահանջների առնչությամբ Քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում տեղեկացնել հետևյալի մասին:
2016թ. մայիսի 18-ին «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Հ. Կյուրեղյանը դիմում է ներկայացրել ՔԿ հիմնարկի պետին՝ խնդրանքով իրեն մեկուսացնել այլ դատապարտյալներից և կալանավորված անձանցից և խցում պահվել միայնակ: Նույն թվականի մայիսի 20-ին դիմումը բավարարվել է, և այդ օրվանից սկսած՝ առ այսօր դատապարտյալ Հ. Կյուրեղյանը իր պատժի կրման վայրի համապատասխան խցում պահվում է միայնակ, և վերջինիս անվտանգությունը լիարժեք ապահովված է»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Հայկ Կյուրեղյանը նախազգուշացնող բաց նամակ էր ուղարկել «Արմավիր» ՔԿՀ-ից, որտեղ ասվում էր.
«ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի պետ Տ. Նավասարդյանին նույն հիմնարկի 604 խցի դատապարտյալ Հայկ Արմենակի Կյուրեղյանից դիմում.
Քանի որ մեկ ամիս առաջ տեղափոխվելու պահանջով դիմել էի ադմինիստրացիա, և արդյունք չեղավ, ապա այժմ պահանջս ներկայացնում եմ գրավոր և հրապարակավ:
Նախ հիշեցնեմ, որ դատերիս ավարտին 27-օրյա հացադուլով պահանջել էի մեկուսացում (մեկուսի խուց)՝ պահանջելով, որ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հետապնդում և կյանքի, առողջության սպառնալիք կա, որից հետո ի վերջո բավարարվեց պահանջս: Այժմ պնդում եմ, որ նշված պայմանները լիարժեք չեն իրականացվում և պահանջում եմ տեղափոխել ինձ այնպիսի մասնաշենք (5-րդ ) կամ այլ ՔԿՀ, որտեղ կապահովվի լիարժեք մեկուսացում:
Հ.Գ. Եթե ՔԿՀ-ի ղեկավարությունը որոշի, որ չկա տեղափոխման անհրաժեշտություն, ապա հայտարարում եմ, որ իմ նկատմամբ որևիցե սադրանքի դեպքում միակ հեղինակը նախագահի աթոռը զավթած Սերժ Սարգսյանն է»: