
Հայաստանը չի պլանավորում 2018թ. Ջավախքում հյուպատոսություն հիմնել: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին:
«Իրականում, բացի նրանից, որ մենք Թիֆլիսում դեսպանություն ունենք, նաև Բաթումում գլխավոր հյուպատոսություն ունենք: Դրա համար ընդհանուր առմամբ, մենք խնդիրներ չենք ունեցել, օրինակ, փաստաթղթերի ձևակերպման հետ, որպեսզի նման քայլի գնանք»,- նշեց նա: Փոխնախարարն ընդգծեց, որ Հայաստանը և Վրաստանը առանց վիզայի տեղաշարժման իրավունք ունեն, և այդ առումով փաստաթղթային ձևակերպումների լուրջ խնդիրներ չկան: