ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարության նիստում պարոն վարչապետը ներկայացրել է իրականությունը․ Արամայիս Գրիգորյանը՝ վարչապետի նկատողության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանը բացասական է գնահատել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի գործունեությունը: Պատճառը աղբահանության ոլորտում աշխատանքների ոչ պատշաճ իրականացումն է: Եւ Կարեն Կարապետյանն այդ աշխատանքները համարելով ոչ բավարար՝ ասել էր, թե կարճ ժամանակ անց կրկին կանդրադառնա հարցին:

Վարչապետն Արարատի մարզին անդրադարձել էր նաեւ օրեր առաջ՝ կառավարության նիստի ժամանակ եւ կրկին դժգոհել: Մասնավորապես նա նշել էր, թե Արարատի մարզի մի շարք համայնքներում խիստ անթույլատրելի բնապահպանական իրավիճակ է արձանագրվել: Բայց չնայած այս ամենին՝ մարզպետ Արամայիս Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չհամաձայնեց, թե վարչապետն իր աշխատանքից դժգոհ է մնացել, հակառակը՝ վստահեցրեց, թե բոլոր հանձնարարականները կատարվել են:

-Պարո՛ն Գրիգորյան, նոր հայեցակարգ է մշակվել, թե ինչպիսին պետք է լինի տարածքային կառավարումը մարզերում: Ըստ այդմ, մարզպետները նոր լիազորություններ կունենան: Ծանոթացե՞լ եք հայեցակարգին:

-Հայեցակարգը դեռ քննարկման մեջ է: Ամբողջությամբ հայեցակարգն ավարտված չէ, մենք ունենք մեր առաջարկությունները: Առաջիկայում մեր առաջարկները կներկայացնենք համապատասխան մարմիններին: Դա նախագիծ է դեռեւս, հետո լուրջ քննարկումներ կլինեն, այդ ժամանակ պատկերավոր կներկայացնենք՝ ինչ լիազորություններ են վերցվում մարզպետներից, ինչ լիազորություններ են ավելացվելու:

-Ամեն դեպքում տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընդգծել էր, թե ավելի խստացվելու է աշխատանքը: Դա Ձեզ չի՞ մտահոգում:

-Իհարկե, շատ ավելի լավ կլինի, որ ավելի խիստ դառնա: Մենք այսօր իրավունք չունենք մեզ շռայլություններ թույլ տալու, որովհետեւ մեր երկիրն այն երկրներից մեկն է, որ այսօր մենք պատերազմական իրավիճակի մեջ ենք եւ հնարավորություն պիտի ստեղծենք, որ տնտեսությունը հզորանա, զարգանա, եւ դա պետք է լինի մեր երկրի, մեր ժողովրդի հաջողությունը: Սակայն այդ առումով դեռ վաղ է խոսելը, քանի որ նախագիծը սաղմնային փուլում է:

-Պարո՛ն Գրիգորյան, օրեր առաջ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նկատեց, որ խիստ անթույլատրելի բնապահպանական իրավիճակ է արձանագրվել Արարատի մարզում, իսկ դրանից հետո էլ, երբ վարչապետին ներկայացրել եք կատարված աշխատանքները, վերջինս դժգոհել է աղբահանության ոլորտում կատարված աշխատանքներից՝ ասելով, թե բավարար չէ: Ստացվում է՝ Կարեն Կարապետյանը դժգոհ է Ձեր աշխատանքից:

-Կառավարության նիստում պարոն վարչապետը ներկայացրել է իրականությունը, որոշ լրատվամիջոցներ ում ոնց ձեռք է տվել, խեղաթյուրել են: Վարչապետը ներկայացրեց մեր բոլոր առաջարկությունները կառավարության նիստին, որ մենք ներկայացրել ենք, որ Մասիսի տարածաշրջանում ունենք որոշակի խնդիրներ, բնակիչների դժգոհությունը: Ես գրավոր ներկայացրել էի վարչապետին, դա մեր լիազորություններից դուրս է, դրանով պետք է զբաղվեն այլ մարմիններ: Նա նշեց, թե անմխիթար իրավիճակ է համապատասխան նախարարությունների կողմից:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։

 

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս