Ճամբարակում գործող քաղաքապետը պարտվեց. ընտրակեղծարարը` համայնքի ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի են նոյեմբերի 5-ին ՀՀ-ում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավարի ընտրությունների համար պայքարում էր երկու թեկնածու`գործող ղեկավար Յուրիկ Ավալյանն ու անկուսակցական Վազգեն Ադամյանը:

Նախնական արդյունքների համաձայն, ընտրություններում գործող ղեկավարը ստացել է 1424 ձայն, Վազգեն Ադամյանը`4349 ձայն: Ընտրություններին մասնակցել է  5924 քաղաքացի:  Նշենք, որ այստեղ ՀՀԿ-ն սատարում էր գործող քաղաքապետին:

Հիշեցնենք, որ Վազգեն Ադամյանը դեռեւս ամիսներ առաջ հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում:

Վազգեն Ադամյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2017թ. ապրիլի 2-ին տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընթացքում Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 128-րդ հասցեում գտնվող Ճամբարակ քաղաքի ավագ դպրոցի շենքում տեղակայված թիվ 20/24 ընտրական տեղամասում ժամը 12:03:30-ից 12:08:55-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի բնակիչ Արծրուն Աղաբեկի Ղուլյանի քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով խախտել է Արծրուն Ղուլյանի քվեարկության գաղտնիությունը: Նա մոտեցել է Արծրուն Ղուլյանին եւ ցանկացել իմանալ, թե ում օգտին է քվեարկելու: Տեսնելով, որ Արծրուն Ղուլյանը չի ցանկանում տեղեկություններ հայտնել իր քվեարկության վերաբերյալ, նրա հետեւից քայլելով մոտեցել է թիվ 2-րդ քվեախցիկի մոտ եւ Արծրուն Ղուլյանի՝ քվեախցիկում գտնվելու եւ քվեարկություն կատարելու ժամանակ, քվեախցիկի առջեւից ձգվելով՝ հետեւել է Արծրուն Ղուլյանի քվեարկությանը, տեսել, թե ում օգտին է քվեարկում՝ խախտելով քաղաքացու քվեարկության գաղտնիությունը: 




Լրահոս