Հոկտեմբերի 18-ին Ժնեւում տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին լարված իրավիճակ է տիրում: Մի քանի ամիս տեւած ընդմիջումից հետո ադրբեջանական կողմն առաջին անգամ հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է արկեր եւ հրթիռ, ինչը տեղի ունեցավ հենց այդ հանդիպումից հետո: Մինչ այդ էլ սահմանին ադրբեջանական կողմի դիպուկահարի կրակոցից հայկական կողմը նաեւ զոհ է ունեցել:
Մասնավորապես երեկ Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Ժնեւում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիս-արեւելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ՝ հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ եւ «Սպայկ» տիպի մեկ հակատանկային հրթիռ: Արցախի ՊՆ-ն նաեւ զգուշացրել է, որ լինելու է անհամարժեք ու ցավոտ պատասխան «սադրանքները շարունակվելու դեպքում»: «Սպայկ» հրթիռի կիրառման մասին հայտարարություն եղավ նաեւ ավելի ուշ:
Ի վերջո, ինչու այդ հանդիպումից հետո սահմանում կրկին լարվածություն տիրեց: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը:
-Պարո՛ն Եղիազարյան, Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո սահմանին զոհ ունեցանք, երեկ էլ շփման գծում Ադրբեջանը երկու անգամ «Սպայկ» հրթիռ է կիրառել: Սա ինչի՞ հետեւանք եք համարում:
-Գիտեք՝ Ալիեւն իրեն Բաքվում թույլ է տալիս տարբեր արտահայտություններ, թույլ է տալիս իրեն խոսել ուժի դիրքից: Չորս օրվա պատերազմից հետո ողջ Ադրբեջանով տարածում է լուրեր, որ հաղթարշավ էր եւ այլն: Կա ներքին քաղաքականություն, որը վարվում է երկրի համար, եւ կա արտաքին քաղաքականություն: Եվ դրանք, որպես կանոն, չեն համապատասխանում մեկը մեկին: Իսկ հրթիռի կիրառումը նշանակում է, որ կան ուժեր, որոնց ձեռք չի տալիս խաղաղ հանգուցալուծումը: Դա է խնդիրը:
-Ու՞մ նկատի ունեք այլ ուժեր ասելով:
-Ադրբեջանում մի շարք կոմիտեներ են ստեղծված, մի շարք ՀԿ-ներ կան: Ոչ միշտ է Ալիեւը հրահանգ տվողը: Նրան ձեռք չի տալիս այն իրավիճակը, որ ստեղծվում է: Բանակցային գործընթացը նախեւառաջ ակնկալում է խաղաղություն սահմանին: Հնարավոր չէ մի բան պայմանավորվել եւ հետո զոհեր ունենալ: Չէ՞ որ մենք զինվոր կորցրեցինք անմիջապես հաջորդ օրը: Իհարկե, դա նախագահ Ալիեւի հրահանգով չի լինում:
-Այսինքն՝ սա պատասխա՞ն էր այդ հանդիպմանը: Կարո՞ղ ենք այն ձախողված համարել:
-Չենք կարող միանշանակ ասել, որ տապալված է, քանի որ երբ ցանկացած հանդիպման ժամանակ լուրջ ինչ-որ բանի են հասնում, դրանից ինֆորմացիա չենք ունենում: Մենք լուսաբանման աստիճանով կարող ենք հասկանալ, թե որքան լուրջ են դրանք եղել:
-Այս պարագայում ինչպիսի՞ն պետք է լինի միջազգային հանրության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքը:
-Մինսկի խումբը պետք է այդ ամենն ուղիղ գրանցի, որովհետեւ շատ կարեւոր է դա: Ադրբեջանցիները հասել են նրան, որ մեր հանդեպ 7 բանաձեւ է այսօր աշխատում՝ ի վնաս մեզ, մեզ են ագրեսոր համարում: Չորս անգամ որպես ագրեսոր բանաձեւել է ՄԱԿ-ում, երեք անգամ՝ ՆԱՏՕ-ում: Եվ այս ամենը պետք է ուղղակի ի ցույց դնել աշխարհին, ասել, թե իրականում ինչ է կատարվում: Հատկապես վերջին երկու տարվա ընթացքում մենք անընդհատ զինվորներ ենք կորցրել սահմանի վրա, չհաշված չորս օրվա պատերազմը:
-Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, թե պատասխանը լինելու է անհամարժեք եւ ցավոտ: Մեր կողմից ինչպիսի՞ գործողություններ պետք է լինեն:
-Մենք պետք է արդեն հայելային պատասխանենք նրանց գործողություններին: Նրանք պետք է ստանան արժանի հակահարված: Բանակցային այն գործընթացը, որ վարեց Ալիեւ-Սարգսյան զույգը, դրանից հետո զոհ ունենալը, նշանակում է ուղիղ պատասխաններ: Չեմ կարծում, որ դա Ալիեւի հրամանով է եղել, եւ այս վերջին հարձակումն էլ վկայում է այն մասին, որ նա մասամբ չի տիրապետում իրավիճակին: Իրադարձությունները զարգանում են իրեն կամքից անկախ:
-Հանդիպումից հետո ադրբեջանական կողմը Սերժ Սարգսյանին մեղադրեց արդյունքները հրապարակելու մեջ: Արդյո՞ք սա եւս մեկ պատասխան է:
-Ես Ձեզ ասացի՝ երկրների վարած արտաքին քաղաքականությունը մեծամասամբ չի համապատասխանում ներքին քաղաքականության հետ: Ներսում այլ քաղաքականություն է տիրում՝ ռազմատենչ, ոչ մի թիզ հող թշնամուն, իսկ արտաքին քաղաքականության մեջ՝ այլ: Դրանից են ազդվել նրանք, որովհետեւ իրենց պատկերացմամբ Ալիեւն իրեն այդպես չպետք է պահեր Ժնեւում: Ըստ իրենց քաղաքացիների եւ ռազմական գործիչների՝ նա իրեն այդպես չպետք է պահեր:
ՀՌՉԱԿԱԳՐԻՑ ՀԵՏՈ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
Քաղբանտարկյալ Ժիրայր Սէֆիլյանի կոչից հետո ձեւավորված ազգային դիմադրության ճակատը վաղն իր հերթական նիստը կանցկացնի, որի ժամանակ վերջնական տեսքի կբերվի ընդունվելիք հռչակագրի տեքստը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը նշեց, թե հռչակագրի տեքստը գրեթե պատրաստ է. այդ օրն այն մարդիկ, ովքեր չեն ծանոթացել տեքստին, կծանոթանան, որից հետո քննարկումները կանցնեն նոր փուլ:
«Չեմ կարող ասել՝ երբ կհրապարակվի, որովհետեւ պետք է քննարկվի՝ ինչպես, երբ հրապարակել, որովհետեւ ժամանակի ընտրությունը կարեւոր է: Մենք զուգահեռաբար ընդլայնված գործընթաց ենք սկսում, այսինքն՝ միաժամանակ հետագա անելիքներն ենք քննարկում: Դրանք փոխկապակցված են: Անպայման կհրապարակվի, սակայն ժամանակը կհստակեցվի», – նշեց Մակեյանը:
Նրա խոսքով՝ հռչակագրում ամրագրված են երկրում ստեղծված վիճակն ու խորհրդի նպատակները: «Հռչակագրում տրված է Հայաստանում ստեղծված իրավիճակի գնահատականը, մտահոգությունները, նաեւ մեզ սպասվող զարգացումներն ու նպատակները՝ ինչ պետք է արվի: Մենք ցանկանում ենք հասնել ամբողջ համակարգի փոփոխության», – հավելեց նա:
Պետրոս Մակեյանի խոսքով՝ գործողությունների պլանը կմշակվի հռչակագրի վերջնական ընդունումից հետո: «Գործողությունները հռչակագրում չկան, բայց նպատակները կան: Գործողությունները զուգահեռ քննարկվում են: Այլ փաստաթուղթ կլինի, դրանք հռչակագրի հետ փոխկապակցված են, բայց առանձին կլինի: Այդ ամենը դեռ քննարկման նախնական փուլում է, որեւէ բան դեռ ասել չեմ կարող», – հավելեց նա:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը չի ժխտում, որ ժողովուրդը հիասթափված է, բարդ է լինելու, բայց չի էլ կարծում, թե ամեն ինչ այսպես պետք է թողնել: «Իհարկե, բարդ է լինելու, բայց չպետք է մտածել, որ այդ վիճակն է ու ձեռքերը ծալել, նստել: Դա էլ ճիշտ չէ», – հավելեց նա:
Պետրոս Մակեյանը դժվարացավ ասել, թե, ի վերջո, գործողությունների ծրագիրն ու կազմակերպչական այլ հարցեր վերջնականապես կհստակեցվեն, սակայն ընդգծեց, որ ամեն ինչ սահուն գնում է, սակայն կարծիքները տարբեր են, եւ յուրաքանչյուր հարցի շուրջ կոնսենսուս ձեռք բերելը երկար ժամանակ է պահանջում:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սէֆիլյանը դիմել էր հասարակական-քաղաքական գործիչների՝ կոչ անելով համախմբվել եւ ստեղծել ազգային դիմադրության ճակատ: Ճակատի ստեղծման հետ կապված աշխատանքներն էլ նա վստահել էր Պետրոս Մակեյանին եւ Թամար Հովհաննիսյանին: Նշենք, որ Սէֆիլյանի կողմից հրապարակված ցուցակը բաղկացած էր 33 անունից, սակայն ընդհանուր առմամբ քննարկումներին մասնակցում է մոտ 20 հոգի:
Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյանը, ով պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ է, շատ պասիվ է եւ այդ հանձնաժողովի նիստերին հազվադեպ է ներկա լինում: Երեկ նույնպես այդ հանձաժողովի նիստն էր, սակայն Միհրան Պողոսյանն այդ նիստին չէր մասնակցում: Փոխարենը հոկտեմբերի 18-ին ՀՀԿ-ական պատգամավորը մասնակցում էր մեկ այլ՝ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստին, որի անդամ չի հանդիսանում: Իհարկե, պատգամավորներն ազատ են մասնակցելու ցանկացած հանձնաժողովի նիստին, սակայն փաստն այն է, որ Միհրան Պողոսյանն իր հանձնաժողովի նիստերը թողած՝ մասնակցում է այլ նիստերի:
ԱՅԼ ԿԵՐՊ ՀԱՐՍՏԱՑԱԾԸ
ՀՀ վարչական դատարանի 35-ամյա դատավոր Անի Հարությունյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, պատկառելի ունեցվածք է կուտակել: Եւ սա ոչ թե նրա դատավոր լինելու արժանիքն է, այլ Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջ դուստրը լինելու փաստը: Նրա հայրը ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանն է: «Ժողովուրդ» օրաթերթը նրա պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ 7 հատ բնակարան ունի, հասարակական նշանակության երեք հատ շինություն եւ «Volkswagen» «Touareg 4.2» մակնիշի ավտոմեքենա: Դատավորը երկու ընկերությունում ունի 27.9 մլն դրամի բաժնետոմս եւ 50 հազար դրամի բաժնեմաս: «Ժողովուրդ»-ը ուսումնասիրելով 35-ամյա դատավորի հայտարարագրերը՝ պարզեց, որ դրամական միջոցները տարիների ընթացքում փոփոխության չեն ենթարկվել: Այսպես՝ նա ունի 62 մլն դրամ, 350 հազար դոլար եւ 200 հազար եվրո: Եւ սա այն դեպքում, երբ որպես եկամուտ հայտարարագրած ամսական աշխատավարձը անցած տարվա ընթացքում կազմել է 538 հազար դրամ: Պարզվում է, որ դատավորի եկամուտը չի սկսվում եւ ավարտվում աշխատավարձով, նա վարձակալության դիմաց եւս գումար է ստացել, որը կազմել է 27.9 մլն դրամ: Իսկ ահա նրա ամուսինը` Սերգեյ Ազարյանը, ներկայացրել է ընդամենը 2013 թվականի հայտարարագիրը, որտեղ նշված է, որ ունի 100 մլն դրամ եւ ստանում է 202 հազար դրամ:
ՀԱՍԱՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ
««Գրանդ Քենդի» «Հայ-Կանադական ՀՁ» ՍՊԸ-ի աշխատակիցների՝ ընկերությունից դժգոհությունները շարունակվում են: Այստեղ մարդիկ աշխատում են առանց այդ էլ շատ դեպքերում ցածր աշխատավարձով, ու պարզվում է՝ աշխատանքից հեռանալուց հետո վերջնահաշվարկ չեն ստանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընկերության նախկին աշխատակից Սուրեն Ազոյանը դիմել է Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի ««Գրանդ Քենդի» «Հայ-Կանադական ՀՁ» ՍՊԸ-ին պարտավորեցվի վճարել իր վերջնահաշվարկը: Այս գործով մի քանի դատական քննություններ են տեղի ունեցել, սակայն Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Արսեն Չիչոյանը մերժել էր քաղաքացու հայցը: Բայց այս հանգամանքը չի հիասթափեցրել Սուրեն Ազոյանին, եւ նա բողոքարկել է կայացված վճիռը ՀՀ վերաքննիչ դատարանում: