ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ՏՈՂԱՏԱԿԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարություններն ուշագրավ էին: Ի տարբերություն ոստիկանության կոլեգիայի նիստում ունեցած ելույթի, երբ Ս. Սարգսյանն ամենակոշտ բառերով քննադատել էր իրավապահներին` մատնանշելով համակարգի թերությունները, ԶՈՒ խնդիրներին անդրադառնալիս ավելի մեղմ էր գտնվել: Չնայած, նկատենք, այստեղ էլ բավական խնդիրներ կան, որոնք տարիներ շարունակ այդպես էլ չեն լուծվում:

«Պետք է բարելավվեն զինվորական ծառայության պայմանները բոլորի համար՝ առաջին գծում կանգնած զինվորից մինչեւ հրամանատար: …Կարգապահությունը պետք է լինի ամենաբարձր մակարդակի: …Ոչ կանոնադրային հարաբերությունները եւ անփութությունը պետք է իսպառ բացառվեն: Այդ պատճառով մենք կորուստներ չպետք է ունենանք: …Երեկ ես ոստիկանությունում հանդիպում եմ ունեցել եւ այդ հանդիպման ժամանակ կրկնել եմ այն, ինչ տարիների ընթացքում ասում եմ՝ եթե որեւէ կառույցի, որեւէ ստորաբաժանման, որեւէ հիմնարկի միջին եւ ստորին օղակները տեսնեն, որ այդ կառույցի, ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարությունը իրականության մեջ պայքարում է հոռի երեւույթների դեմ, որ նրա համար անընդունելի են, երբ տեսնեն, որ ղեկավարությունը ձգտում է նորին, միշտ ձգտում է փոփոխվել այս արագ փոփոխվող աշխարհում, ապա այնտեղ գործերը կստացվեն: Բայց երբ ներքեւներում, միջին օղակներում տեսան, որ միայն իրենցից պահանջում են, այն էլ ձեւական, իսկ ղեկավարությունը դա չի անում՝ ոչ մի բան էլ չի ստացվելու… Առաջին հերթին կոչ եմ անում հենց ձեզ. աչալուրջ լինել ձեր պարտականությունների կատարման ընթացքում, արմատախիլ անել կոռուպցիոն յուրաքանչյուր դրսեւորում»,- սրանք մեջբերումներ են ՊՆ-ում Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարություններից:
Ընդամենը մեկ օրվա տարբերությամբ Ս. Սարգսյանի տոնայնության նման կտրուկ փոփոխությունը պատահական չէր. առավել եւս, երբ ինչպես ոստիկանությունում, այնպես էլ զինված ուժերում քիչ չեն խնդիրները: Ճիշտ է՝ այս երկու կառույցներում առկա խնդիրները համեմատելի չեն, բայց փաստ է, որ երկու տեղում էլ վիճակը մտահոգիչ է: Իսկ թե այս ամենից հետո ինչո՞ւ է Ս. Սարգսյանը խիստ քննադատում ոստիկանությանը, իսկ ՊՆ-ի հանդեպ մեղմ, կարելի է ամենատարբեր ենթադրություններն անել: Հիշում եք` պարբերաբար լուրեր են շրջանառվում, որ Վովա Գասպարյանը նշանակվելու է պաշտպանության նախարար: Դեռ մայիսին Վ. Գասպարյանն ասել էր, թե ինքը եկել է 60 տարով պաշտոնավարելու, իսկ ՀՀ անկախության օրը Եռաբլուրում ոստիկանապետը նույն միտքն էր կրկնել. «Գտնում եմ, որ բացարձակապես իմ տեղում եմ, 60 տարի հետո միգուցե ուզենամ գնամ պաշտպանության նախարար, 60 տարի հետո»: Ու հիմա Ս. Սարգսյանի հայտարարությունները նրա խոսքերի անուղղակի պատասխանն էին, եւ անգամ կարելի է համարել ոստիկանապետի պաշտոնանկության նախապատրաստություն:
Ս. Սարգսյանի երեկվա ելույթն ուշագրավ էր նաեւ Արցախյան խնդրի վերաբերյալ գնահատականների տեսանկյունից. Ս. Սարգսյանը երեկ խոսել է ԼՂ խնդրի փիլիսոփայության մասին՝ անուղղակի հակադրվելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ժամանակին հնչեցրած գնահատականներին՝ փոխարենը անուղղակի ռեւերանսներ անելով դեպի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ շնորհակալություն հայտնելով «ավագ ընկերներին»:
«ԼՂ հակամարտությունը էթնիկական եւ կրոնական բնույթ չի կրում: Մենք որեւէ խնդիր չունենք ո՛չ ադրբեջանցի ժողովրդի, ո՛չ էլ առավել եւս մահմեդական կրոնի հետ: Մենք վստահ ենք, որ ադրբեջանցի ժողովուրդը խաղաղություն է ցանկանում, պարզապես այդ ցանկությունը պետք է ճիշտ հունի մեջ գցել:
Արցախի ազատագրական շարժման ամենաառաջին իսկ օրվանից մենք ամեն ինչ արել ենք այդ պահին գործող օրենքի եւ միջազգային իրավունքի շրջանակներում: Մենք իսկապես մեր առջեւ խնդիր ենք դրել բոլոր գործողություններն իրականացնել այն ժամանակվա գործող ԽՍՀՄ օրենքին եւ միջազգային իրավունքին համապատասխան: Չգիտեմ՝ ինչքանով մենք պետք է շնորհակալ լինենք մեր ավագ ընկերներին, ովքեր կարողացել են այդ ճիշտ գաղափարը ներարկել մեզ: Եվ հենց այս պատճառով մենք հստակորեն ասում ենք, որ ԼՂ խնդիրը, կոնֆլիկտը տարբերվում է նախկին Խորհրդային Միության տարածքում եղած բոլոր կոնֆլիկտներից՝ ոչ միայն այն պատճառով, որ այս կոնֆլիկտների ծագումնաբանությունն է տարբեր, այլ առաջին հերթին այն պատճառով, որ ամեն ինչ արվել է օրենքին եւ իրավունքին համապատասխան»,- ասել է նա:
Եթե հիշում եք` Քոչարյանը 2003թ. հունվարին Մոսվկա այցի ժամանակ, ելույթ ունենալով դիվանագիտական ակադեմիայում, հայտարարել էր. «Հայերն ու ադրբեջանցիներն անհամատեղելի են»: Ու հիմա Ս. Սարգսյանը՝ հայտարարելով, որ ԼՂ խնդիրն էթնիկական բնույթ չի կրում, հերքում է Քոչարյանի խոսքերը: Փոխարենը նա շնորհակալություն է հայտնել «ավագ ընկերներին», որոնք Արցախի ազատագրական շարժման ամենաառաջին իսկ օրվանից պնդում էին բոլոր գործողություններն այդ պահին գործող օրենքի եւ միջազգային իրավունքի շրջանակներում անելու մասին. հիշում եք ժամանակին այդ առիթով Տեր-Պետրոսյանի բանավեճերը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

ՆԱՂԴԱԼՅԱՆ-ԱՇՈՏՅԱՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախօրեին ՀՀ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ հետաքրքիր դրվագ է գրանցվել: Ինչպես հայտնի է՝ այդ նիստերի ժամանակ հանձնաժողովի նախագահի կողքին մշտապես նստում է փոխնախագահը, ով նաեւ անհրաժեշտության դեպքերում փոխարինում է փոխնախագահին: Այդ հանձնաժողովի փոխնախագահը Հերմինե Նաղդալյանն է, ում «տեղն» այդ օրը զբաղեցրել էր Վահե Էնֆիաջյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Նաղդալյանն էլ դժգոհել էր այդ հանգամանքից: Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ, կարելի է ասել, անուղղակի կերպով կշտամբել է կուսակցին՝ նիստերից բացակայելու համար: «Բա մեր ջանը քարա, որ առանց ձեզ նիստեր ենք անում»,- «Ժողովուրդ»-ի տեղեկություններով նշել է Աշոտյանը: Նշենք, որ սեպտեմբեր ամսին տեղի է ունեցել հանձնաժողովի երեք նիստ, որոնցից միայն մեկին է Նաղդալյանը մասնակցել՝ չնայած մյուս բացակայությունները համարվել են հարգելի:

 

 

 

ՏՐԱԿՏՈՐԻՍՏ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՀՀ Արմավիրի հավերժ քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, չնայած իր խղճուկ աշխատավարձին, զգալի ունեցվածք ունի: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ քաղաքապետը, ըստ պաշտոնական հայտարարագրի, ունի անհատական բնակելի մեկ տուն` հողամասի վրա կառուցված իր տնտեսական շինություններով, եւ նոր կառուցված, ձեռք բերված ինքնակամ շինություններ: Բացի այս՝ նա հայտարարագրել է, որ ունի մեկ հատ թրթուրավոր մեքենա` «ARO 110»: Քաղաքապետը մեկ ընկերությունում ունի 100 հազար դրամի չափով բաժնեմաս: Իսկ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ փոխառությունը կազմում է 36 մլն 673 հազար դրամ: Ի դեպ, քաղաքապետը 8 մլն դրամը գերազանցող գույք է հայտարարագրել, ունի տուն: Խլղաթյանի դրամական միջոցը կազմում է 150 հազար դոլար: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 1 մլն 462 հազար 500 դրամ: Իսկ ստացված փոխառությունները, վարկերը կազմել են 52 մլն 340 հազար դրամ:

 

 

ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՊԱՐՏՎԵՑ
Ազգային ժողովի նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի եւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի միջեւ դատական քաշքշուկը լուծվեց: Նախկին պատգամավորը պարտվել է դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2016թ. դեկտեմբերի 12-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ Տ. Արզաքանցյանից պահանջել է 186 միլիոն 609 հազար 900 դրամ: Ավելին՝ դեռեւս անցած տարի բանկը միջնորդություն է ներկայացրել դատարան, որ նախկին պատգամավորի գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչը գործով դատավոր Արթուր Թամրազյանը բավարարել է: Եւ ահա շուրջ 7 ամիս տեւած քննությունից հետո տեղեկացանք, որ Տիգրան Արզաքանցյանը պարտվել է դատարանում, ասել է, թե դատարանը բավարարել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հայցը: Թերեւս եթե Արզաքանցյանը պատգամավոր լիներ, բանկը կպարտվեր:

 

 

 

 

ԱՆՏԱԿՏ ՊԱՇՏՈՆՅԱՆ
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր խորհրդարանում լրագրողներին «անտակտ» անվանեց: Վերջին երկու օրերին նախարարը խորհրդարանում խուսափում է պատասխանել սահմանային լարվածության վերաբերյալ լրագրողների հարցերին: Արցախի պաշտպանության նախարարն այսօր ասել է, որ առաջիկայում հնարավոր է սահմանային իրավիճակը սրվի: Լրագրողները Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեցին՝ կիսո՞ւմ է այդ կանխատեսումները: Նա ասաց, որ հարցերի չի պատասխանում, իսկ անվտանգության աշխատակիցներն սկսեցին հրել լրագրողներին: Հարցին, թե ինչո՞ւ են անվտանգության աշխատակիցներն այդպես վարվում, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Որովհետեւ դուք անտակտ եք»:

 

 

 

ԴԵՍՊԱՆԸ ԼԱՎԱՏԵՍ Է
Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել է. «Ես հավատում եմ, որ ժամանակին կստորագրվի Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը, ես լավատես եմ: Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք, եւ շատ շնորհակալ եմ իմ բրյուսելյան գործընկերներին եւ անդամ երկրների ներկայացուցիչներին, որ ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի գործի դնեն բոլոր ընթացակարգերը եւ ապահովեն ժամանակին համաձայնագրի ստորագրումը: Ես հավատում եմ, որ դա կիրականացվի, ես լավատես եմ»,- ասել է դեսպանը: Դիտարկմանը, թե որոշ փորձագետներ մտահոգություն են հայտնում, որ ներքին ընթացակարգերի, օրինակ՝ թարգմանության հետ կապված խնդիրների պատճառով, Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը հնարավոր է՝ նոյեմբերին չստորագրվի, Սվիտալսկին այսպես է արձագանքել. «Ես կարող եմ հավաստիացնել, որ բոլոր քայլերը եւ միջոցները ձեռնարկվում են Եվրամիության կողմից, որպեսզի այդ համաձայնագիրը ստորագրվի: Մենք վճռական ենք այդ հնարավորությունը ընձեռելու եւ գործի դնելու բոլոր ջանքերում, որպեսզի պայմանագիրը ժամանակին ստորագրվի»,-շեշտել է Պ. Սվիտալսկին:

 




Լրահոս