«ՈՉ ԿՈՄԵՐՑԻՈՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՄԲ ԱՆՀՆԱՐ Է ՎԱՍՏԱԿԵԼ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը երգիչ, մի շարք երգերի հեղինակ Գրիգոր Կյոկչյանի հետ զրուցել է շոու-բիզնեսում տիրող իրավիճակի, դաշտում անհատականությունների սակավության, կոմերցիոն երաժշտության գերակշիռ լինելու եւ այլ թեմաների շուրջ։

-Գրիգո՛ր, վերջին շրջանում էկրաններին հաճախ չեք երեւում, ի՞նչն է պատճառը։
-Այո՛, գուցե էկրաններին չեմ երեւում, վաղուց նոր տեսահոլովակ չունեմ, բայց շարունակում եմ ստեղծագործել, շոուբիզնեսցիների համար գրել երգեր։ Աշխատում եմ նաեւ Երգի պետական թատրոնում։ Պարուսույց Հովհաննես Սարգսյանի հետ ունենք ընդհանուր նախագիծ։ Ձեւավորել ենք երգող եւ պարող երեխաների խումբ, արդյունքը մի քանի տարի հետո կտեսնեք, կարծում եմ՝ ծրագրերը հեռանկարային են։ Ինձ հետաքրքրեց «Նվագախմբի երեխաները» մյուզիքլ-սիթքոմը, որին ինտեգրվեցի որպես երաժշտական պրոդյուսեր։ Կարծում եմ՝ Հայաստանում նման մասշտաբային նախագիծ չէր եղել, դաշտն ազատ էր։
-Դուք Ձեզ շոու-բիզնեսի մի մասնիկը համարու՞մ եք։
-Բնականաբար, ես շոու-բիզնեսի մի օղակն եմ՝ նախ որպես ստեղծագործող։ Թեեւ ասեմ, որ հաճախ իմ գրած երգերի տակ չեմ ստորագրում։ Այդ գործը ինձ համար ավելի շատ բիզնեսի է նման։
-Իսկ ունե՞ք կրեատիվ մոտեցումներ, որոնք կցանկանաք կյանքի կոչել։
-Գաղափարները շատ են, բայց այս ասպարեզում գործունեություն ծավալելիս պետք է հասկանալ, որ ամեն քայլ բխում է շուկայի պահանջներից։ Իմ տեսահոլովակները, որոնց համար բավական մեծ գումարներ եմ ծախսել, եկամուտ չեն ապահովել։ Բանից պարզվում է՝ դրանք նկարահանելը բիզնես-տեսանկյունից ինքնանպատակ են։ Վերջին շրջանում հենց այդ պատճառով է, որ տեսահոլովակներ չեմ նկարահանում. իմաստ չունի պարզապես։ Ոչ կոմերցիոն երաժշտություն ներկայացնելով՝ մեր երկրում անհնար է վաստակել։
-Գրիգո՛ր, ըստ Ձեզ՝ շոու-բիզնեսում այսօր անհատականությունների պակաս կա՞։
-Անհատականություններն այս դաշտում անհամեմատ շատ էին 6-7 տարի առաջ։ Այն ժամանակ, օրինակ, կար «Դորիանս» խումբը, որը մեծ ոգեւորություն էր առաջացնում։ Ցավոք, խումբն այսօր դադարեցրել է գործունեությունը, ակտիվ էին Նարինե Դովլաթյանը, Սրբուհի Սարգսյանը։ Վերջինս, օրինակ, երկար ժամանակ է՝ նոր տեսահոլովակով հանդես չի եկել։ Հուսով եմ, որ, այնուամենայնիվ, նա աշխատում է։ Այդ երգիչ-երգչուհիներն այն օազիսներն են, որոնք անապատում ոգեւորություն են առաջացնում։ Հիմա շատ հայտնի երգչի անուն չեք կարող նշել, որը ոչ կոմերցիոն երաժշտություն է ներկայացնում։ Անգամ այն խմբերը, որոնք ժամանակին ալտերնատիվ երաժշտություն էին ներկայացնում, այսօր հայտնվել են կոմերցիոն դաշտում։ Երեւի Իվետա Մուկուչյանն է, որը կոմերցիոն երաժշտություն չի ներկայացնում, նաեւ, օրինակ, Սիրուշոն։
-Հայաստանցի երգչի համար միջազգային մրցույթներին մասնակցելու իմաստ տեսնու՞մ եք։
-Երկու միջազգային մրցույթ կա, որոնք հետաքրքիր են՝ «Նոր ալիքն» ու «Եվրատեսիլը»։ Առաջինը, ցավոք, արդեն կորցնում է իր հետաքրքրությունը, քանի որ ֆորմատային առումով փոփոխությունների չի ենթարկվում։ Իսկ «Եվրատեսիլը», որը ակտուալ է հատկապես երիտասարդ կատարողների շրջանում, ցավոք թույլ չի տալիս ապահովել կապ Եվրոպայի հետ։ Ցույց տվեք գոնե մի հայ երգիչ, որը մրցույթին մասնակցելուց հետո կարողացավ մուտք գործել եվրոպական շուկա։ Օրինակ՝ ռուսներին էլ դա չի հաջողվում։ Մերոնց մենթալիտետն ու սկզբունքները բավական տարբերվում են եվրոպականից։ Մեզ համար «Եվրատեսիլը» տոն է, ավելիի ակնկալիք պետք չի ունենալ։
-Գրիգո՛ր, մի փոքր էլ խոսենք Ձեր անձնական կյանքից։ Մի ժամանակ նշել էիք, որ ընկերուհի ունեք։ Ձեր հարաբերությունները շարունակվու՞մ են։
-Չեմ հիշում՝ երբ եմ դա ասել, ես այդ իմաստով շատ փակ եմ եղել։
-Առհասարակ, կնոջ նախընտրելի տեսակ ունե՞ք։
-Երբ 15-16 տարեկան էի, ինձ համար ունեի նման իդեալ, մտածում էի՝ այդ տեսակի հետ կամուսնանամ, բայց կյանքն ու փորձը ցույց տվեցին, որ մենք չգիտենք՝ ում եւ ամենակարեւորը՝ ինչի համար ենք սիրում։ Իրականում այդ առումով երբեք չի կարելի կանխատեսումներ անել։ Իմ դեպքում էլ եղել են դեպքեր, երբ ասել եմ՝ այս տեսակի մարդը երբեք չի կարող կողքիս լինել, բայց հետո պատկերացրել եմ այդ տեսակին իմ կողքին։ Ես հավատում եմ, որ կա ճակատագիր եւ երկրորդ կես հասկացություն։ Եթե մի բան պետք է լինի՝ կլինի, մենք այդ առումով չենք կարող փոփոխություններ անել։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ԴԱՇՆԱՄՈՒՐ ՆՎԱԳՈՂ ՏՂԱՆ ԳԵՐԵԼ ԷՐ ԶԱՌԱՅԻՆ

«Ժողովուրդը» շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակներում պատմում ենք նրանց կյանքի՝ մինչ այժմ անհայտ կամ քչերին հայտնի դրվագներ, վերջիններս մեր միջոցով կատարում են խոստովանություններ, որոնք միչեւ այսօր չէին արել։ Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Զառա Սահակյանն է, ով հեռուստադիտողներին հայտնի է իր կերտած հումորային կերպարներով։

Նա պատմեց, որ առաջին անգամ սիրահարվել է բավական վաղ տարիքում, երբ նույնիսկ դպրոց չէր հաճախում. «Սիրահարված էի մայրիկիս ընկերուհու եղբորը, որը ուսանող էր, մեր միջեւ բավական մեծ տարիքային տարբերություն կար։ Հիշում եմ, որ նա դաշնամուր էր նվագում եւ այդպիսով գերել էր իմ սիրտը (ծիծաղում է)»,-անկեղծացավ Զառան։
Մենք հետաքրքրվեցինք՝ այդ տղան գիտեր արդյոք իր զգացմունքների մասին.«Կարծում եմ՝ մայրիկս ասել էր նրան։ Հիշում եմ, որ նա կարծես խաղի մեջ էր մտել ինձ հետ, շատ ջերմ էր վերաբերվում ինձ, բայց, իհարկե, ոչ մի լուրջ բան չկար»,-հիշեց դերասանուհին։
Հարցին, թե արդյոք վերջին տարիներին հանդիպել է իր առաջին սիրուն, Զառան պատասխանեց, որ ոչ.«Մայրիկս երբեմն ծիծաղելով հիշեցնում է ինձ նրա մասին։ Հիմա Հովիկը ապրում է արտերկրում, ունի ընտանիք»։
Ի դեպ, Զառան պատմեց, որ փոքրիկ որդին եւս, ինչպես ինքը, սիրահարվել է բավական վաղ տարիքում։ «Քարե դարդի» դերասանուհիներից մեկը պարզապես հմայել է նրան. «Փաստորեն, որդիս եւս, ինչպես ես, սիրահարվել է իրենից տարիքով մեծ մեկին, մենք, իհարկե, հումորով ենք վերաբերվում այդ ամենին։ Համենայն դեպս, որդուս զգացմունքներն օր օրի ավելի են լրջանում»,- ծիծաղելով ասաց դերասանուհին։
Նա համաձայն է այն պնդմանը, որ առաջին սերը երբեք չի մոռացվում. «Ամեն ինչի առաջինն իսկապես չի մոռացվում, կարծում եմ՝ բոլոր դեպքերում հաճելի է նման քաղցր զգացումներ ապրելը»,-եզրափակեց Զառան։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ԴԵՌ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ Է
Թատրոնի եւ կինոյի նշանավոր դերասան Արմեն Ջիգարխանյանը շարունակում է մնալ հիվանդանոցում: Դերասանն իրեն լավ է զգում, վիճակը՝ միջին ծանրության:
Հիշեցնենք, որ Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ին հոսպիտալացվել էր Մոսկվայի քաղաքային հիվանդանոցում, նրա վիճակը գնահատվել էր միջին ծանրության:
Նշվում է, որ 82-ամյա արտիստը հիվանդանոց է ընդունվել մասնավոր կարգով՝ առանց փաստաթղթերի եւ խնդրել է իր առողջական վիճակի մասին չհայտնել ոչ ոքի, ներառյալ 38-ամյա կնոջը:

 




Լրահոս