ԻՐԱՆՑԻՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ ՀԻՄՆԵԼ ՄԵՂՐԻՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ին առաջիկայում տարածք է տրամադրելու: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այն պայմանավորված է ՀՀ Սյունիքի մարզում Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծմամբ:

ՀՀ կառավարությունը նախատեսում է Մեղրիի ազատ տնտեսական գոտու կառուցման առաջին փուլում կառուցապատել մաքսային կետի հարակից տարածքը` ապահովելով հիմնական վարչական, արտադրական եւ պահեստային տարածքները: Մաքսային հսկողության եւ ազատ տնտեսական գոտու անմիջապես հարեւանությամբ գտնվում է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Ագարակի սահմանային կետի վարչական տարածքը, որի դիրքը եւ կառուցվածքը հարմար են ԱՏԳ-ն շահագործելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս խնդրին կառավարությունը լուծում է գտել. մասնավորապես ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կողմից առաջարկվել է ՍԱՊԾ-ից նշված տարածքը վերցնել եւ տրամադրել «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ին: Ինչի փոխարեն ՍԱՊԾ-ին կհատկացվի ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի տարածքը:
Նշենք, որ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն հիմնադրվել է այս տարվա օգոստոսի 8-ին, իսկ հիմնադիրն է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանվել է 50 հազար դրամ, որը բաժանված է 10 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5 հազար դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: Ընկերության պետական սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահվել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ եռամսյա ժամկետում նախատեսվում էր հաստատել ընկերության կանոնադրությունը, ձեւավորել ընկերության գործադիր մարմինը, ապահովել ընկերության պետական գրանցումը եւ օրենքով սահմանված` ընկերության հիմնադրի մյուս լիազորությունների իրականացումը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ընկերության ստեղծումից անցել է երեք ամիս, բայց կանոնադրությունը դեռ հաստատված չէ: Մեր հարցին՝ ո՞ր փուլում են գտնվում Մեղրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքները, ընկերության տնօրեն Աշոտ Զարբաբյանն ասաց. «Մինչեւ տարեվերջ կհայտարարենք ազատ տնտեսական գոտու մեկնարկի մասին: Սկզբնական փուլում ենք եւ ինտենսիվ աշխատանքներ են կատարվում այս ուղղությամբ: Մեղրիի ազատ տնտեսական գոտու մեկնարկը կհայտարարվի մինչեւ տարեվերջ»:
Ի դեպ, տեղեկություններ են շրջանառվում նաեւ այն մասին, որ բացի Մեղրիի ազատ տնտեսական գոտուց՝ առաջիկայում հարեւանությամբ ստեղծվելու է եւս մեկը, որը ծրագրված էր վաղուց, եւ այդ գոտու սեփականատերը ՀՀ առեւտրի արդյունաբերական պալատն է: Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու միտքը կար նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության մոտ: Ավելին` նա իր վարչապետության օրոք նույնիսկ այցելել էր Մեղրիի տարածաշրջանի այն հատվածը, որտեղ նախատեսվում է ստեղծել: Ու, փաստորեն, ՀՀ վարչապետը նախորդ պայմանավորվածությունները կատարելու փոխարեն մեկ այլ ազատ առեւտրի գոտի է ստեղծում՝ կառավարության 100 տոկոս մասնաբաժնով: Այս հարցին ի պատասխան՝ Զարբաբյանն արձագանքեց հետեւյալ կերպ. «Ես տեղյակ եմ միայն Մեղրիի ազատ տնտեսական գոտուց եւ զբաղված եմ դրա ստեղծման աշխատանքներով: Կա, թե չկա մեկ այլը, կամ մեկնարկ կա մեկ ուրիշի, տեղյակ չեմ»:
Իսկ ահա Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ այս ընթացքում իրենից իրանական կողմի գործարարները շատ են հետաքրքրվում, թե երբ է, ի վերջո, ստեղծվելու ազատ տնտեսական գոտին: «Իրանական կողմի գործարարները հիմնականում ինձ են դիմում, բայց պարոն Կարայանի (խոսքը ՏԶՆ նախարար Սուրեն Կարայանի մասին է-Ս.Հ. ) մի խումբ գործարարներ էին եկել տարբեր երկրներից: Այս պահին ՓԲԸ-ն ստեղծված է, մեզանից ինչ ուզել են, մենք տվել ենք` հողատարածք եւ այլն: Հիմա համապատասխան չափագրումներն են արվում: Մենք սպասում ենք ստեղծված ընկերության կանոնադրության հաստատմանը: Ամեն օր սպասում ենք, թե երբ է բացվելու: Մեզ տեղեկացրել են, որ այս նոյեմբերին պլատֆորմ, որոշակի հիմք պետք է ունենանք»,- ներկայացրեց քաղաքապետը:
Ըստ մեր զրուցակցի` իրանական կողմի որոշ գործարարներ հետաքրքրված են Մեղրիի ազատ տնտեսական գոտում սպանդանոց եւ թռչնաֆաբրիկա հիմնելու ծրագրով: Բայց նաեւ կան գործարարներ, որոնք մտադիր են զբաղվել պլաստմասե իրերի առեւտրով: «Ամեն դեպքում, իրանցի գործարարները շատ են ցանկանում մտնել ԵՏՄ շուկա, իսկ Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելը նրանց ձեռնտու է: Նրանք մտադիր են սպանդանոց հիմնել, որտեղ կկարողանան հայկական ոչխարը մորթել եւ իրանական շուկա մտցնել: Իսկ թռչնաֆաբրիկայում բնականաբար կաշախտեն տեղի բնակիչները: Արդյունքում տեղական շուկայում կհայտնվեն նաեւ իրանական թռչնամիսն ու հավկիթը»,- ոգեւորված նկատեց Մեղրիի քաղաքապետը:
Կարճեւան գյուղի բնակիչները եւս մեծ հույսերով սպասում են ազատ տնտեսական գոտու բացվելուն: Կարճեւանի վարչական ներկայացուցիչ Սուրեն Ղազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց. «Կոնկրետ խոստումներ չեն տվել, այնպես չէ, որ ոսկե սարեր են խոստացել, բայց մարդիկ սպասում են: Նախկինում այդ տարածքում տոնավաճառ կար, մարդիկ կարողանում էին առեւտուր անել, հիմա դա էլ չկա: Բայց մենք էլ հույսով սպասում ենք»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՄԱՍԱՄԲ ԵՆ ԻՐԱԳՈՐԾՎՈՒՄ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստի ընթացքում հանձնարարականներ է տվել գործարար միջավայրի բարելավման հիմնախնդրի վերաբերյալ: «Նշված օրենսդրական եւ գործնական միջոցառումներից մի քանիսն արդեն իսկ իրագործվել են, սակայն հասարակության որոշ հատվածը դրանց վերաբերյալ տեղեկացված չէ: Որոշ գործարարների դրանք պատշաճ չեն ներկայացվել: Գրանցվել են սպասարկման որակի խնդիրներ, եւ այլն: Անհրաժեշտ է, որ մեր քաղաքացին լիարժեք օգտվի արդեն իսկ ընձեռված բոլոր նոր հնարավորություններից, հարկերի վրա ավելի քիչ ժամանակ ծախսի, էլեկտրականության միացումներն ավելի օպերատիվ ստանա, տեղեկանքների համար չհասնի պատկան գրասենյակներ եւ այլն: Հանձնարարում ենք տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին, համագործակցելով ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ, երկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության թե՛ կարճաժամկետ եւ թե՛ երկարաժամկետ միջոցառումների փաստացի եւ ոչ թե փաստաթղթային իրագործման, գործարար աշխարհում դրանց տարանցման օբյեկտիվ ցուցիչների կազմման վերաբերյալ»,-ասել է Կ. Կարապետյանը: Նա նշել է, որ Վաչե Գաբրիելյանին խնդրել է մոտ օրերին խորհրդակցություն կազմակերպել, քանի որ մտավախություն ունեն, որ բարեփոխումների մի մասը մնում է թղթի վրա, հանձնարարականները գնում են, տեղերում իրագործվում մասամբ կամ յուրաքանչյուրը մեկնաբանում է իր պատկերացրածով:

 

 

ԳԵՐԱՂՏՈՏՎԱԾ ՄԻՋԱՎԱՅՐ
Կառավարության երեկվա նստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվել շրջակա միջավայրի աղտոտվածության դեպքերի վերացման եւ դրանց կանխարգելման վերաբերյալ: «Նախկինում հանձնարարականներ են տրվել բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքում պատասխանատվության միջոցների խստացման վերաբերյալ, որոնք այժմ գտնվում են մշակման փուլում: Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են նաեւ շրջակա միջավայրի գերաղտոտվածության դեպքեր: Մասնավորապես վերջին շրջանում խիստ անթույլատրելի բնապահպանական իրավիճակ է արձանագրվել Արարատի մարզի մի շարք համայնքներում: Արձանագրվել են ոռոգման եւ կոյուղու ջրերի խառնվելու դեպքեր: Հանձնարարում ենք արտակարգ իրավիճակների, բնապահպանության, տարածքային կառավարման եւ զարգացման, գյուղատնտեսության, առողջապահության նախարարներին, ինչպես նաեւ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին առաջինը՝ ձեռնարկել միջոցներ՝ ոռոգման եւ կոյուղու ջրերի խառնվելու, ինչպես նաեւ թափոնները ոռոգման ջրատարներ թափվելու դեպքերը վերացնելու ուղղությամբ»,- նշել է վարչապետը:

 




Լրահոս