ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ եթե կենսաթոշակառտուն համաձայն չէ հաշվարկած թոշակի գումարին, ապա նա ինչպե՞ս կարող է կատարել վերահաշվարկ: Ի՞նչ կարգով է վերահաշվարկվում կենսաթոշակը լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:
Լուիզա Եղոյան (66 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Եղոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ աշխատող կենսաթոշակառուների կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներակայացրել է կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) հետո առնվազն վեց ամիս աշխատած լինելու մասին տեղեկանք:
Ընդ որում, վերահաշվարկված կենսաթոշակը նշանակվում է դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից: Միաժամանակ հայտնում ենք, որ կենսաթոշակը վերահաշվարկելու համար լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է օրենքով սահմանված կարգով:
Այս դեպքում կենսաթոշակի գործում առկա` օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժում առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատած ժամանակահատվածը, քաղաքացիական ավիացիայի` թռիչքային ժամերով հաշվարկված ժամկետները, վկայությամբ հաստատված ժամանակահատվածը, երեխաների խնամքի ժամանակահատվածը, ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածն աշխատանքային ստաժի մեջ պահպանվում են նույնությամբ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս)` աշխատանքային ստաժի հանրագումարի մեջ (տարի, ամիս, օր) մինչեւ 6 ամսվա ժամանակահատվածը չի հաշվառվում, իսկ 6 ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ: