Beeline-ի աջակցությամբ Հեքըթոնի հաղթողները ստացան իրենց մրցանակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ Beeline Հայաստանի հետ համատեղ անցկացված Հեռահաղորդակցության հեքըթոնի մրցանակների հանձնման արարողությունը։

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը 3000 դոլարին համարժեք գումարի չափով մրցանակով պարգևատրեց հաղթող Lezoo թիմին, ովքեր հեքըթոնի ընթացքում մշակել էին խմբակային զանգի հնարավորություն և համաժամանակյա թարգմանություն ապահովող մի լուծում։ Լուծումը տեխնոլոգիական տեսանկյունից բավականին նորարար էր ու բարդ և մեծ հետաքրքրություն կարող է ներկայացնել հեռահաղորդակցության օպերատորների համար։

Երկրորդ մրցանակին արժանացած iterate և megista թիմերը ստացան 1000-ական ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով մրցանակներ։ Iterate թիմը հեքըթոնի 24 ժամվա ընթացքում մշակել էր մի լուծում, որը թույլ է տալիս հեռահաղորդակցության կապից օգտվողին տեսահոլովակներ նայելու միջոցով հավաքել միավորներ և հետագայում այդ միավորները փոխանակել հեռախոսակապի րոպեների հետ։ Իսկ megista թիմի մշակած պրոդուկտը թույլ է տալիս հաճախորդի տվյալների վերլուծության հիման վրա նրան առաջարկել օպերատորի ամենահարմար սակագնային պլանը։

«Ներկա դրությամբ թվային լուծումներն են բիզնեսի ապագայի գրավականը, և շատ կարևոր է, որպեսզի Հայաստանում այդ լուծումներ մշակելու և կիրառելու ավանդույթ ձևավորվի։ Մենք որպես ՏՏ և հեռահաղորդկացության ոլորտում աշխատող ընկերություն լավ գիտակցում ենք այդ ամենի կարևորությունը և ցանկանում ենք աջակցել Հայաստանում թվային լուծումների զարգացմանը», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Հաղթող թիմերի լուծումները մշակված են նորագույն տեխնոլոգիաների հիման վրա: Նրանց հետագա զարգացման և ճիշտ շուկայահանման դեպքում կարող են դառնալ բավականին նորարար և եկատմաբեր պրոդուկտներ, որոնցով հետաքրքրված կլինեն հեռահաղորդակցության տարբեր օպերատորներ», – նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի Հայաստանի տնօրեն Արտաշես Վարդանյանը հեքըթոնի հաղթող թիմերի հետ քննարկեցին նաև նրանց մշակած պրոդուկտներիի հետագա զարգացման հնարավորությունները, պոտենցիալ շուկաները և թիմերի հետ հնարավոր համագործակցությունը։




Լրահոս