Մարզերում 59 բժիշկ աշխատանքի է նշանակվել. թափուր հաստիքների քանակն իջել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրին անցած տարվա սեպտեմբերի 1-ից մինչեւ այս տարվա օգոստոսի 31-ը իրականացված ծրագրերի եւ գործողությունների արդյունքների մասին: Ըստ այդմ, այս տարվա մայիսից ՀՀ առողջապահության նախարարությունը իրականացնում է շուրջ 1000 հեպատիտ C-ով հիվանդի բուժում` 90 մլն դոլար բյուջեով: Շահառուներն արդեն իսկ ստացել են դեղորայքի առաջին եւ երկրորդ խմբաքանակները: Բացի այս՝ 2017 թվականի փետրվարին դժվարամատչելի ախտորոշիչ, հիվանդանոցային եւ հարակից այլ ծառայությունների գները համապատասխանեցվել են գործող շուկայական գներին: Ինչի արդյունքում ստացվել է մոտ 830 մլն դրամի խնայողություն, որն ուղղվել է 27 հազար բնակչությանը բժշկական ծառայություններով ապահովելուն:

Ըստ առողջապահության նախարարության` այս տարվա ապրիլին շուրջ 350 հազար բնակչություն ունեցող 8 համայնքներին տրամադրվել են բարձր անցանելիություն ունեցող եւ վերակենդանացման միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտ սարքավորումներով հագեցած շտապ օգնության մեքենաներ: Առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ ՀՀ ԱՆ ենթակայության ՊՈԱԿ-ների գնումների կենտրոնացման պիլոտային ծրագրի արդյունքում տնտեսվել է նախատեսված միջոցների 25 տոկոսը:

Բացի այս՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզային բժշկական հաստատություններում աշխատանքի է նշանակվել 59 բժիշկ մասնագետ` մարզերում ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններով: Արդյունքում 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզերում բժիշկների թափուր հաստիքների քանակը 372 հաստիքից ներկայումս իջել է մինչեւ 303 հաստիք:

Ս. Հ.




Լրահոս