ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան գումար է անհրաժեշտ Ամանորը Հայաստանում և արտերկրում անցկացնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորը համարվում է ընտանեկան տոն, եւ մեր հայրենակիցների մեծ մասը նախընտրում է այն նշել տներում՝ հարազատների միջավայրում: Բայց վերջին տարիներին այս ավանդույթը կարծես թե ձեւափոխվել է, քանի որ քաղաքացիների գերակշիռ մասը նախընտրում է Նոր տարին դիմավորել հարեւան Վրաստանի Հանրապետությունում կամ ՀՀ հանգստյան տներում եւ հյուրանոցներում:

Հայ կանանց մի մասի մոտ Ամանորը, բացի տոն լինելուց, նաեւ հոգս է ու վազվզոց, ավելորդ ծախսեր: Էլ չենք խոսում հետամանորյա սթրեսների մասին: Եւ հանգստյան տներում կամ այլ երկրում Նոր տարին դիմավորելու մտքից ավելի շատ ոգեւորվում են կանայք: Քանի որ այդպես նրանք ազատվում են բլինչիկի, տոլմա փաթաթելու, խոզի բդի եւ աղցաններ պատրաստելու պարտադրված աշխատանքներից: Բայց հաշվի առնելով մեր հայրենակիցների մեծ մասի սոցիալական պայմանները՝ ոչ բոլորն են ի վիճակի Ամանորը նշելու հյուրանոցում` տարբեր շոու-ծրագրերին մասնակցելով: Իսկ դրամական ինչպիսի՞ արտահայտություն է ունենում ամանորյա տոնակատարությունը դրսում կամ տանը նշելու դեպքում:

«Ժողովուրդ»-ը փոքր հաշվարկ կատարեց եւ պարզեց, որ Նոր տարին տանը դիմավորելու եւ անցկացնելու համար ծախսվում է միջինը 300-450 հազար դրամ: Իսկ Ծաղկաձորի, Աղվերանի հանգստյան տներում ամանորյա փաթեթների արժեքը սկսում է հիմնականում 500 հազար դրամից: Իսկ եթե ընտանիքը երկու հոգուց ավել է, ապա գինը կրկնակի բարձրանում է եւ 1 մլն դրամը գերազանցում: Բայց այս տարի մեր քաղաքացիների հիմնական մասը ամանորյա ծախսերը կկրճատի: Պատճառը շոշափելի գնաճն է եւ աշխատավարձի չբարձրանալը: Արդյունքում անցած տարվա համեմատ՝ այս տարի ամանորյա գնումներին ավելի քիչ գումար կհատկացնեն:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս