«Պետք է օրենքի մեջ ևս մեկ կետ սահմանել, ոչ թե տանել-մտցնել բերդ». բանակից խուսափելու համար սահմանված գումարը կդառնա 9 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում բուռն քննարկում ծավալվեց: Բանն այն է, որ ՀՀԿ-ականները մտահոգիչ են համարում Պաշտպանության նախարարության այն առաջարկությունը, որով վերջին անգամ են բանակից խուսափած եւ արտերկրում գտնվող 27 տարին լրացած քաղաքացիներին կոնկրետ գումարի դիմաց հնարավորություն տալիս ազատվել քրեական հետապնդումից եւ վերադառնալ հայրենիք:

Բացի այդ պաշտպանության նախարարությունն առաջարկում է բանակից խուսափելու համար սահմանված վճարի չափը զգալիորեն մեծացնել՝ հասցնելով մոտ 9 միլիոն դրամի: Ամեն բաց թողնված զորակոչի համար սահամանել 500 հազար դրամ, նախկին 30 հազար դրամի փոխարեն։

ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանը հետաքրքրվեց՝ ո՞րն է նախարարության ուզածը՝ դրսում գտնվող երիտասարդներին բա՞նտ ուղարկել։

«Գումարային տեսակետից ահագին բարդ գումար է, հարուստը բերի-մուծի, մյուսը չի կարող մուծել: Տեսեք՝ ժամկետն անցել է, ինքը էդ փողը չունի մուծելու, եկել է Հայաստան, ի՞նչ ենք անում, նստացնո՞ւմ ենք, բանտ ենք տանո՞ւմ: Ռուսաստանում ապրող մեր հայերը, որ գալիս են ստեղ,  փող չունեն, որ հետ են գալիս։ Գործերը չի ստացվել, ոչ մի բան չի ստացվել, թողում, հետ են գալիս։ Մենք նայում ենք, որ ունևոր մարդ պիտի գա՞ հետ, եթե ունևոր մարդ է, չեմ կարծում, որ այդքան հեշտությամբ կգա ու ստեղ փողը կտա, կազատվի, նման փող գրելով արդեն մենք վանում ենք նրան, չենք թողնում, որ գա», – նշեց Ցոլակյանը։

Մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը եւս անթույլատրելի համարեց առաջարկը: «Ինչի՞ չեք ուզում օրենքի մեջ ևս մի կետ նախատեսել դրանց վերաբերող, ոչ թե վզին տանք ու տանենք-մտցնենք բերդ»:

Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն էլ անընդունելի համարեց պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանի առաջարկը: Նա  շեշտեց՝ պետք է այդ երիտասարդներին ողջամիտ պայմաններով հայրենիք վերադառնալու հնարավորություն տրվի:

Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը  սակայն նշեց՝ եթե սահմանափակումներ չարվեն, ապա զինակոչի ենթակա երիտասարդները կշարունակեն դուրս գալ երկրից:

Նշենք, որ դեռևս 2004 թվականին ընդունված «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում մինչ այժմ 8 անգամ կատարվել է փոփոխություն՝ պարբերաբար հնարավորություն տալով հազարավոր երիտասարդների վերադառնալ Հայաստան:

Խորհրդարանի բոլոր խմբակցությունների կողմից ներկայացված նախագծով առաջարկվում է ևս մեկ անգամ երկարաձգել օրենքի գործունեության ժամկետը՝ թույլ տալով, որ արտերկրում գտնվող Հայաստանի այն քաղաքացիները, ում 27 տարին լրացել է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, կարողանան Հայաստան վերադառնալ, օրենքով սահմանված գումարը վճարել և քրեական հետապնդումից ազատվել: Հավելենք, որ խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովը «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը ևս մեկ անգամ կքննարկի այս ուրբաթ:




Լրահոս