Որքա՞ն գումար է Մշակույթի նախարարությունը ծախսել գործուղումների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը ՀՀ մշակույթի նախարարությունից պարզել է` գերատեսչությունը 2016-2017 թթ. պետական բյուջեից գործուղումների համար որքան գումար է ծախսել: Այսպիսով` նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Մուրադյանը մեզ պատասխանել է, որ տվյալ ժամանակահատվածում պետական բյուջեից գործուղումների համար ծախսվել է 9 միլիոն 751 հազար դրամ: Ընդ որում, 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախարարությունը ծախսել է 2 միլիոն 811 հազար դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված գործուղումների համար` 2 միլիոն 750 հազար դրամ:

Իսկ 2017 թվականի միայն առաջին կիսամյակի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախարարությունն արդեն ծախսել է 2 միլիոն 665 հազար դրամ, հանրապետության տարածքում գործուղումներին տրամադրված գումարը կազմել է 1 միլիոն 524 հազար դրամ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր 2016 թվականին պետական բյուջեից 30 տոկոսով կրճատել գործուղումների համար հատկացվող միջոցները: ՀՀ կառավարությունը հաստատել էր ՀՀ նախարարությունների, կառավարությանն առընթեր պետական մարմինների կողմից 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին վարկային, քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները:
Հայաստանի գերատեսչությունները, ընդհանուր առմամբ, գործուղումների համար պետք է ծախսեին 141 միլիոն 500 հազար դրամ: ՀՀ մշակույթի նախարարության համար նախատեսված էր 6 միլիոն 200 հազար դրամ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս