ՊԱՐԶՎՈՒՄ Է՝ ԼԱՎ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ, ՈՒՂՂԱԿԻ ՏԵՂՅԱԿ ՉԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ բավական երկար խոսեց իր կառավարության ձեռքբերումների մասին, մեջբերեց տարբեր ցուցանիշներ` փորձելով համոզել, որ այս տարվա ընթացքում տնտեսության մեջ բոլոր ոլորտներում միայն աճ, միայն առաջընթաց է գրանցվել:

Նա նույնիսկ համոզում էր, թե այս ընթացքում լավացել է ժողովրդի վիճակը, եւ սա այն դեպքում, երբ վերջին ամիսներին Հայաստանում կտրուկ գնաճ է սկսվել, իսկ բնակչության եկամուտներն այդպես էլ չեն ավելացել: Այս մասին հարցին Կարապետյանը շտապեց հակադարձել. «Երբ ասում եք՝ ժողովրդի վիճակը չի լավացել, քանի որ թոշակներն ու աշխատավարձերը չեն բարձրացել, դա այդպես չէ: Բազմաթիվ երկրներ կան, որոնք չեն բարձրացնում թոշակ ու աշխատավարձ, բայց դա չի նշանակում, որ միջին եկամուտները չեն աճում»:
Համաձայնեք՝ հրաշալի արդարացում է: Այս տրամաբանությամբ Կարեն Կարապետյանը կարող էր օրինակ բերել այն երկրները, որտեղ պաշտոնապես չկա կենսաթոշակ հասկացությունը, եւ մարդկանց «երեսով տալ», որ Հայաստանի իշխանություններն, ի տարբերություն այդ պետությունների, չեն գնացել նման քայլերի, ուստի դեռ գոհ ու շնորհակալ պետք է լինենք Աստծուց, որ նման բարեսիրտ իշխանություն է մեզ բաժին ընկել: Կամ վարչապետը կարող էր օրինակ բերել աֆրիկյան հետամնաց պետությունները, որտեղ համատարած աղքատություն է, սով եւ համաճարակ. այ՝ նրանց համեմատ Հայաստանը գերզարգացած պետություն է. այստեղ նույնիսկ ինտերնետ կա, բջջային հեռախոսներ, ավտոմեքենաներ: Այնպես որ, այսքան ուրախ կյանքը մեզ ընկեր ՀՀԿ-ականներն են տվել:
Ի դեպ, ՀՀԿ-ի մասին. մեկ տարի առաջ, երբ Կարեն Կարապետյանը նոր էր ստանձնել վարչապետի պաշտոնը, ԱԺ իր առաջին ելույթում խոստովանել էր. «Տնտեսության վիճակը ծանր է, չափացանց ծանր»: Երեկ լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե վարչապետն ո՞ւմից էր ժառանգել այդ տնտեսությունը, ո՞ր կուսակցությունն է այդ ընթացքում եղել իշխանության. չէ որ նույն ՀՀԿ-ն էր, որին անդամակցեց Կարապետյանը: Վարչապետն ակնհայտորեն սրտնեղեց հարցից. «Շատ համարձակ եմ անդամակցել ՀՀԿ-ին, շատ գիտակցաբար եւ ժամանակին բացատրել եմ, թե ինչու եմ դա անում, որովհետեւ այն մարտահրավերները, տարածաշրջանը եւ այն պրոբլեմները, որի առաջ մեր երկիրը կանգնած է, չափազանց կարեւոր է, որպեսզի մենք ցնցումներ չունենանք: Ինչ վերաբերում է նրան, թե ՀՀԿ-ն հասցրել է այդ կետին, ձեր ձեւակերպմամբ, իսկ ո՞վ է գնահատել, եթե այլ կուսակցություն լիներ այդ տնտեսական անկման պարագայում իրենք ինչի՞ կհասցնեին»: Ընդ որում, ասուլիսի ընթացքում Կարեն Կարապետյանը մի քանի անգամ սխալ արտաբերեց Հայաստանի Հանրապետական կուսակցության անունը, որի առաջին փոխնախագահն է ինքը. պարբերաբար նա ասում էր «Հայաստանի Հանրապետության կուսակցություն»: Եթե հիշում եք՝ ժամանակին էլ ԲՀԿ-ի մասին խոսելիս ասել էր «Բարգավաճ հանրապետական կուսակցություն»:
Բայց մի կողմ թողնենք ներքաղաքական ինտրիգները. այսօր կա շատ ավելի լուրջ խնդիր: Հայաստանն իր զարգացման տեմպերով էապես ետ է մնում հարեւան երկրներից: Մյուս կողմից գնալով խորանում է Հայաստանի տնտեսական մեկուսացումը. հարեւան երկրները միմյանց հետ ակտիվ համագործակցում են, տնտեսական ինտեգրացիոն ծրագրեր են իրականացնում, մինչդեռ Հայաստանը դուրս է մնացել այդ ծրագրերից: Պատճառներն, իհարկե, օբյեկտիվ են՝ պայմանավորված ԼՂ հակամարտության կարգավորված չլինելու հանգամանքով: Եւ իշխանությունները մի կողմից կարծես հակված չեն կամ առայժմ պատրաստ չեն գնալու ԼՂ խնդրի լուծման (ի դեպ, սա էլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով), մյուս կողմից առանձնապես չեն փորձում շրջափակումը ճեղքելու այլընտրանքային ուղիներ փնտրել: Դեռ ավելին՝ երեկ վարչապետի հայտարարություններից տպավորություն էր, որ գոնե ինքը դեռեւս խորությամբ չի գիտակցում այս իրավիճակի հետեւանքները եւ աշխարհին նայում է վարդագույն ակնոցներով:
Ինչպես հայտնի է՝ օրերս Իրանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը նախագահների մակարդակով հայտարարեցին Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակներում երկաթուղային ցանցը միացնելու եւ այդպես Բալթյան երկրներից Հնդկաստան կապող օղակ դառնալու մասին: Բացի այդ՝ մի քանի օր առաջ շահագործման հանձնվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որն ըստ էության Հայաստանին մեկուսացնելու եւս մեկ ծրագիր էր: Իսկ ի՞նչ է այս ամենին հակադրում պաշտոնական Երեւանը՝ պարզ չէ. Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման մասին կարելի է մոռանալ: Երեկ ասուլիսի ժամանակ էլ այդ մասին հարցին ի պատասխան՝ Կարեն Կարապետյանն ասաց, թե Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հարցը դեռ պետք է «դնել կշեռքին», հաշվարկել, թե ինչ ծառայության գին կլինի, ինչ ծավալով ծառայություններ կմատուցվեն: «Պետք է բիզնես տրամաբանություն, դա ինքնանպատակ չէ: Պետք է առաջիկայում ուսումնասիրել Իրանի հետ համագործակցության հոսքերը, դրանց ավելացումը՝ հաշվի առնելով հյուսիս-հարավ ավտոմայրուղու, Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործոնները: Երբ այդ ինդիկատորները լինեն, մենք կքննարկենք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա Կարապետյանի խոսքերով՝ հայ գործարարները դրանից կօգտվեն, եթե առաջարկը լինի ձեռնտու: «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից կօգտվենք, թե ոչ, կախված է առաջարկից: Եթե բիզնեսմենին լինի ձեռնտու առաջարկ, ապա կօգտվի, եթե ոչ, չի օգտվի»,- ասել է նա: Դժվար է միանշանակ պնդել՝ արդյո՞ք վարչապետը չի գիտակցում, որ այդ երկաթուղու կառուցման ողջ նպատակը Հայաստանի մեկուսացումը խորացնելն էր, այլապես կարող էին նորը կառուցելու փոխարեն այդ ցանցում ներառել Գյումրի-Կարս երկաթգիծը: Բայց չեն արել, որպեսզի Հայաստանը որեւէ տնտեսական օգուտ չստանա: Դեռ ավելին՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարել է, որ Հայաստանը կարող է միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհին միայն ԼՂ համակարտության կարգավորումից հետո: «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհին Հայաստանի միանալը հնարավոր է միայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո»,- ասել է Մամեդյարովը՝ հավելելով, որ նախագծի անդամ երկրների հետ պայմանագրի համաձայն՝ կստեղծվի Բաքու-Թբիլիսի-Կարսի գործարքներով զբաղվող համատեղ ընկերություն:
…Այնուամենայնիվ, իսկապես իշխանությունները կա՛մ չեն գիտակցում ստեղծված իրավիճակի լրջությունը, կա՛մ փորձում են ձեւացնել, թե իրենք թքած ունեն այդ ամենի վրա եւ փակ սահմաններով դեռ մի հարյուր տարի էլ կզարգանան: Ամեն դեպքում Կարեն Կարապետյանը երեկ իր ոճի մեջ էր. պաշտոնական թվերը ներկայացնելուց հետո, երբ արդեն պատասխանում էր լրագրողների հարցերին, հանկարծ ոտքի կանգնեց, հանեց պիջակն ու կախեց աթոռին, եւ մնաց իր հայտնի ժիլետով: Նույնիսկ խոստացավ. «Հիմա էլ եմ հայտարարում՝ աշխարհը շուռ ենք տալու, ունենալու ենք լավ երկիր»: Բայց մի տեսակ համոզիչ չէր, եւ հետո՝ ժիլետով հասարակության համակրանքը շահելու ժամանակն արդեն անցել է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

 

ԴԱՍԵՐ Է ՏԱԼԻՍ
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը երեկ որոշել էր դաստիարակի գործառույթներ վերապահել իրեն: Մասնավորապես մարզպետին դուր չեն եկել իր մասին «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումները, եւ երեկ որոշել էր չպատասխանել մեր հարցերին՝ ասելով. «Երբ կոռեկտ բաներ կգրեք, այդ ժամանակ էլ կպատասխանեմ»: Այնուամենայնիվ, փորձեցինք մի քանի հարց ուղղել բարկացած մարզպետին, սակայն նա նյարդային շարժումներով, խառնված արագ-արագ հեռացավ: Նույնիսկ ԱԺ ելքի դռներն էր խառնել: Ի վերջո, շենքից դուրս եկավ, աստիճաններով իջավ մինչեւ վերջ, սակայն կես ճանապարհից նույնքան արագ ետ վերադարձավ. պարզվում է՝ դահլիճում թղթապանակն էր մոռացել: Իսկ մինչ այդ նա լրագրողների հետ զրույցում չէր հերքել, որ Երեւանից Կապան աշխատանքի է գնում ուղղաթիռով:
-Պարո՛ն մարզպետ, Դուք պարզաբանեցիք ուղղաթիռով աշխատանքի գնալու հանգամանքը: Չասեցիք՝ շաբաթը քանի՞ անգամ եք աշխատանքի գնում:
-Չեմ կարող պատասխանել:
-Միայն բարիդրացիական հարաբերություննե՞րն են պատճառը, որ օգտվում եք պղնձամոլիբդենային կոմբինատի ուղղաթիռից:
-Ցտեսությո՛ւն Ձեզ, իմ նյարդերը շատ պինդ են, բայց Ձեզ չորրորդ անգամ եմ ասում՝ ցտեսությո՛ւն Ձեզ:

 

 

 

ՄԱՐԶՊԵՏՆ ՈՒ ԿՐԻՄԻՆԱԼԸ
Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչու է միավորված Եղեգիս համայնքում նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում սատարում կրիմինալ անցյալով ՀՀԿ թեկնածու Տիգրան Խուդոյանին, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Բոլորովին, քրեական բան չունի, ես իրավապահներից ճշտել եմ՝ որեւիցե խնդիր չկա: Դա մարզպետը չի պաշտպանում, դա հանրապետական կուսակցությունն է որոշում կայացրել պաշտպանել, ինչու չէ, ես էլ հանրապետական կուսակցության ղեկավար տարածաշրջանում, իհարկե, պաշտպանում եմ Տիգրան Խուդոյանի թեկնածությունը: Իսկ եթե ժողովուրդը դժգոհում է, ժողովուրդն է ընտրում, մարզպետը չի ընտրում, համբերենք, սպասենք՝ ընտրությունների արդյունքով ժողովուրդն ում է ընտրում»: Նոյեմբերի 5-ն Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: Նշենք, որ Եղեգիսը խոշորացված համայնք է, որի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են 4 թեկնածու՝ Շատին համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Տիգրան Խուդոյանը, Արտաբույնք համայնքի նախկին ղեկավար Արմեն Սեդրակյանը, Քարագլուխ համայնքի նախկին գյուղապետ ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանը եւ Շատին համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Սմբատյանը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել էր, որ Խուդոյանը մի քանի անգամ հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում՝ ոստիկան ծեծելու համար, ընդ որում՝ նրան երեք տարբեր քրեական գործերով մեղադրանք էր առաջադրվել, նույնիսկ դատավճիռ էր հրապարակվել, բայց որոշ ժամանակ անց դատվածությունը մարվել էր. այս ամենը՝ պաշտոնական տվյալներով:

 

 

 

 

ԶՈՐԱԿՈՉԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ Է
Կառավարության երեկվա նիստում հաստատվել է 2017թ. ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին որոշման նախագիծը: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ սահմանվում են պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների՝ 2017թ. ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման, զորակոչի ապահովման գործընթացում պետական ու տարածքային կառավարման մարմինների գործողությունների հետ կապված հարաբերությունները:

 

 

 

ԿՍՏՈՐԱԳՐՎԻ
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հաստատել է, որ նոյեմբերին վերջին կայանալիք «Արեւելյան գործընկերության» հերթական գագաթնաժողովի ընթացքում ստորագրվելու է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը: «Ե՛վ Հայաստանը, ե՛ւ եվրոպական կողմը բարձրագույն մակարդակներով հայտարարել են, որ պատրաստ են նոյեմբերին կայանալիք գագաթնաժողովին ստորագրել համաձայնագիրը: Ինչպես հանրապետության նախագահն է նշել, մենք պատրաստ ենք ստորագրել նոյեմբերին համաձայնագիրը, ԵՄ մեր գործընկերներն էլ վստահեցնում են, որ գործընթացն առաջ է շարժվում՝ ըստ նախատեսված պլանի: Ավելի հստակ չեմ պատկերացնում՝ ինչ կարելի է ասել՝ փարատելու բոլոր մտահոգությունները, որ կան այս խնդրի շուրջ»,-ասել է Կ. Նազարյանը: Նշենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվելու է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը: Չնայած սրան՝ լուրեր են շրջանառվում, որ համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել:

 




Լրահոս