ՊԵՏՔ Է ԱԿՏԻՎԱՑՆԵՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ, ստորագրվելիք ԵՄ-ի հետ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Միջազգային նշանակության լուրջ հանցագործությունները եւ Միջազգային քրեական դատարանը
1. Կողմերը վերահաստատում են, որ միջազգային հասարակության համար մտահոգիչ ամենալուրջ հանցագործությունները որպես ամբողջություն չպետք է անպատիժ մնան, եւ որ դրանց արդյունավետ քրեական հետապնդումը պետք է ապահովվի ազգային եւ միջազգային մակարդակով, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի մակարդակով միջոցներ ձեռնարկելու միջոցով:
2. Կողմերը համարում են, որ Միջազգային քրեական դատարանի ստեղծումը եւ դրա արդյունավետ գործունեությունը միջազգային խաղաղության եւ արդարադատության համար կարեւոր զարգացում են: Կողմերի նպատակը պետք է լինի խաղաղության եւ միջազգային արդարադատության խթանման հարցում համագործակցության ամրապնդումը՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը եւ դրան հարակից փաստաթղթերը վավերացնելու եւ կիրարկելու միջոցով, ինչպես նաեւ հաշվի առնելով դրանց իրավական եւ սահմանադրական շրջանակները:
3. Կողմերը համաձայնում են սերտորեն համագործակցել ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների եւ պատերազմական հանցագործությունների կանխարգելման շուրջ` օգտվելով համապատասխան երկկողմ եւ բազմակողմ շրջանակներից:
Հակամարտության կանխարգելումը եւ ճգնաժամի կառավարումը
Կողմերը պետք է ամրապնդեն հակամարտությունների կանխարգելման եւ ճգնաժամի կառավարման ոլորտում գործնական համագործակցությունը, մասնավորապես, նպատակ ունենալով ապահովել ԵՄ-ի կողմից վարվող քաղաքացիական եւ ռազմական ճգնաժամի կառավարման գործառնություններում, ինչպես նաեւ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում համապատասխան զորավարժութուններին եւ վերապատրաստման դասընթացներին Հայաստանի Հանրապետության հնարավոր մասնակցությունը:
Տարածաշրջանային կայունությունը եւ հակամարտությունների խաղաղ կարգավորումը
1. Հետագա տարածաշրջանային համագործակցության պայմանները բարելավելու համար Կողմերը պետք է ակտիվացնեն իրենց համատեղ ջանքերը՝ խթանելով անդրսահմանային տեղաշարժով բաց սահմանների առկայությունը, բարիդրացիական հարաբերությունները եւ ժողովրդավարական զարգացումը՝ այդպիսով նպաստելով կայունությանը եւ անվտանգությանը, ինչպես նաեւ պետք է աշխատեն հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ:
2. 1-ին պարբերության մեջ նշված ջանքերը պետք է հաջորդեն միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման ընդհանուր սկզբունքներին, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում եւ այլ համապատասխան բազմակողմ փաստաթղթերում, որոնց Կողմերը միավորվել են: Կողմերն ընդգծում են հակամարտությունների խաղաղ կարգավորման համար համաձայնեցված առկա ձեւաչափերի կարեւորությունը:
3. Կողմերն ընդգծում են, որ զենքերի վերահսկողությունը եւ վստահության ու անվտանգության մթնոլորտ ստեղծելուն ուղղված միջոցները շարունակում են Եվրոպայում անվտանգության, կանխատեսելիության եւ կայունության համար մեծ կարեւորություն ունենալ:
Զանգվածային ոչնչացման զենքերը, դրանց չտարածումը եւ զինաթափումը
1. Կողմերը համարում են, որ ԶՈԶ-երի տարածումը եւ դրանց մատակարարման միջոցները` թե՛ պետական եւ թե՛ ոչ պետական դերակատարներին, ինչպիսիք են, օրինակ, ահաբեկիչները եւ մյուս հանցավոր խմբերը, ամենալուրջ սպառնալիքներից մեկն են միջազգային խաղաղության եւ կայունության համար: Հետեւաբար, Կողմերը համաձայնում են համագործակցել ԶՈԶ-երի տարածման եւ դրանց մատակարարման միջոցների դեմ պայքարի շուրջ եւ նպաստել դրան՝ լիարժեք համապատասխանելով եւ ազգային մակարդակով իրականացնելով զինաթափման եւ չտարածման վերաբերյալ միջազգային պայմանագրերով եւ համաձայնագրերով սահմանված իրենց առկա պարտավորությունները, ինչպես նաեւ այլ համապատասխան միջազգային պարտավորություններ: Կողմերը համաձայնում են, որ այս դրույթը համարվում է սույն Համաձայնագրի կարեւոր տարրը:
2. Կողմերը համաձայնում են համագործակցել ԶՈԶ-երի տարածման եւ դրանց մատակարարման միջոցների դեմ պայքարի շուրջ եւ նպաստել դրան՝
ա) համապատասխան դեպքերում մյուս բոլոր վերաբերելի միջազգային փաստաթղթերը ստորագրելու, վավերացնելու կամ դրանց միանալու եւ դրանք լիարժեք իրականացնելու համար քայլեր ձեռնարկելու միջոցով, եւ
բ) հետագայում ազգային մակարդակով արտահանման նկատմամբ վերահսկողության, այդ թվում՝ ԶՈԶ-ի հետ կապված ապրանքների արտահանման եւ տարանցման նկատմամբ վերահսկողության, ինչպես նաեւ երկակի նշանակության տեխնոլոգիաներով ԶՈԶ-ի վերջնական սպառման նկատմամբ վերահսկողության արդյունավետ համակարգ մշակելու միջոցով:
3. Կողմերը համաձայնում են հաստատել կանոնավոր քաղաքական երկխոսություն, որը կուղեկցի եւ կհաստատի սույն հոդվածում նշված տարրերը:

Շարունակելի…

 

 

 

 

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ ԵՆ

Երեւանում օրեցօր ավելանում են այն տարածքները, որոնց վրա գրված է՝ «տրվում է վարձով» կամ «վաճառվում է»:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ անշարժ գույքի շուկայում փոքր-ինչ ակտիվություն է նկատվում: Սակայն, ինչպես պարզվում է, բնակարանների վաճառքի գներն էական նվազում չեն արձանագրում:
Հատկանշական է, որ տնտեսությունում ստեղծված ծանր պայմաններում Երեւանում վաճառվող անշարժ գույքի գներն էլ նախորդ տարվա համեմատ նվազում չեն արձանագրել, անգամ թանկացման միտում է նկատվում: Հայաստանում այս տարվա երրորդ եռամսյակում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 48 հազար 527 գործարք: Մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում դրանք կազմել են 43 հազար 323:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Երեւանի մի շարք վարչական շրջաններում այս սեպտեմբերին, օգոստոսի համենատ, գները բարձրացել են: Օրինակ՝ Արաբկիր վարչական շրջանում այս սեպտեմբերին բնակարանի 1 քմ-ի գինը կազմել է 343 հազար 500 դրամ: Այն օգոստոսի համեմատ 1000 դրամով բարձրացել է: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում եւս բնակարանների գները բարձրացել են 900 դրամով՝ 1քմ-ն կազմելով 267 հազար 400 դրամ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բնակարանների գների բարձրացում այս սեպտեմբերին արձանագրվել է նաեւ Նոր Նորք, Ավան, Շենգավիթ, Դավիթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում: Ի դեպ, Կենտրոն վարչական շրջանում այս սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, բնակարանների գները նույնն են մնացել: Բայց անցած տարվա սեպտեմբերին Կենտրոն թաղամասի բնակարանների մեկ քմ-ն թանկացել է 24 հազար 500 դրամով: Նկատենք, որ բնակարանների բարձրացում արձանագրվել է նաեւ մարզային մի քանի քաղաքներում: Օրինակ՝ հոգեւոր քաղաք համարվող Էջմիածնում բնակարանների մեկ քմ-ն մեկ ամսում 5000 դրամով է թանկացել. այս սեպտեմբերին Էջմիածնում բնակարանի մեկ քմ-ի գինը կազմել է 125000 դրամ, օգոստոսի 120000-ի դիմաց:
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում եւս բնակարանները թանկացել են: Այստեղ եթե օգոստոսին բնակարանի մեկ քմ-ն վաճառվել է 148000 դրամ, ապա սեպտեմբերին այն բարձրացել է՝ դառնալով 152000 դրամ: Սյունիքի մարզի Կապան քաղաքում բնակարանները թանկացել են 2200 դրամով, իսկ Վայոց ձորի Եղեգնաձորում՝ 1100 դրամով:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԵՐԲ Է ԾՆՎԵԼ ՊԱՇՏՈՆՅԱՆ
Հայրենի պաշտոնյաների կենսագրական տվյալներն ուսումնասիրելիս երբեմն այնպիսի անհեթեթ տվյալներ են ի հայտ գալիս, որ նույնիսկ զարմանալու ունակությունն է սկսում «դավաճանել»:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեի կազմակերպման եւ հսկողության վարչության ղեկավար Տիգրան Մարտինի Զաքարյանը ՀՀ նախագահի օգնական Մարտին Զաքարյանի որդին է:
Նա ՊԵԿ կայքում ներկայացրած պաշտոնական կենսագրության մեջ նշել է, որ ծնվել է 1969 թվականի հուլիսի 8-ին Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում:


Բայց երբ նույն մարդու տվյալները փնտրում ենք Հայաստանի Հանրապետության ընտրողների պետական ռեգիստրում՝ հավաքելով Տիգրան Մարտինի Զաքարյան անուն, ազգանուն, հայրանունը, միանգամայն այլ տվյալներ է բերում: Մասնավորապես այն, որ Հայաստանում գոյություն ունի մեկ Տիգրան Մարտինի Զաքարյան անուն, ազգանուն, հայրանունով մարդ, որը ծնվել է ոչ թե 1969 թվականին, այլ 1970 թվականի մարտի 12-ին:


Հետաքրքիր է՝ պետեկամուտների կոմիտեի պաշտոնյան երբեւէ առիթ չի՞ ունեցել ստուգելու իր տվյալները, որ հետեւի՝ ուղղեն գոնե ծննդյան տարին: Հակառակ դեպքում՝ ստացվում է, որ Իրինդ գյուղում ծնված պաշտոնյան հայտնի չէ, թե կոնկրետ երբ է ծնվել:
Համաձայնեք՝ սիրուն չէ, հատկապես, երբ հայրն էլ ՀՀ նախագահի օգնականն է:

 




Լրահոս