«Այստեղ կապ չունի՝ հանրապետական կամ ոչ հանրապետական». Վերահսկիչ պալատը նոր ծրագիր կբերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում արտառոց իրավիճակ էր տիրում, որին անգամ չէր սպասում Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանը: Բանն այն է, որ վերջին տարիներին թերեւս առաջին անգամ ՀՀ Վերահսկիչ պալատի ծրագիրը չհաստատվեց եւ բացասական եզրակացություն ստացավ:
Այդ օրը հանձնաժողովի նիստում քննարկվում էր Վերահսկիչ պալատի՝ 2018 թվականի գործունեության ծրագիրը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ զեկուցող ՎՊ նախագահի տեղակալ Արա Նռանյանը եւ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը սկսեցին բանավիճել ծրագրում առկա «վերահսկողական գործառույթ» բառակապակցության շուրջ: Գագիկ Մինասյանը քննարկման ժամանակ ընդգծեց, որ Վերահսկիչ պալատը 2018 թվականի ապրիլից հետո չի կարող վերահսկողական գործառույթ կատարել: Ինչպես հայտնի է՝ նոր Սահմանադրությամբ Վերահսկիչ պալատի իրավահաջորդը դառնում է հաշվեքննիչ պալատը, որը նման գործառույթ չունի:

«Համաձայն ՀՀ Սահմանադրության 198-րդ հոդվածի՝ հաշվեքննիչ պալատը վերահսկողական գործառույթ չի կարող իրականացնել, իր գործառույթը հենց հաշվեքննությունն է, մինչդեռ ՎՊ-ն իր 2018 թվականի ծրագրում ներկայացրել է, որ ամբողջ տարվա համար պետք է վերահսկողություն իրականացնի, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը»,- պարզաբանեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանն էլ հակադարձեց, թե այժմ պետք է առաջնորդվել գործող օրենքով, որը Վերահսկիչ պալատի համար նախատեսում է վերահսկողական գործառույթ, իսկ երբ կլինի նոր օրենքը, այդ ժամանակ էլ կգործեն Սահմանադրության անցումային դրույթները: Երկար ժամանակ այս հարցի շուրջ հանձնաժողովի նիստում բուռն քննարկում տիրեց: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ իր հերթին հորդորեց հետաձգել ծրագրի քննարկումը եւ խորհրդակցել իրավաբանների հետ:

Երկար վեճից հետո Գագիկ Մինասյանն Արա Նռանյանին հարցրեց՝ արդյո՞ք ցանկանում է ծրագիրն այդ տեսքով դնել քվեարկության, վերջինս համաձայնեց, սակայն 6 անդամները դեմ քվեարկեցին, կողմ էր միայն դաշնակցական Արմենուհի Կյուրեղյանը: Հիշեցնենք, որ Նռանյանը եւս դաշնակցական է:
Իսկ ո՞րն է ելքը: Իրավիճակն իսկապես փակուղային է, քանի որ ԱԺ-ի բացասական եզրակացությունը նշանակում է, որ ՀՀ Վերահսկիչ պալատը ծրագիր չի ունենա աշխատելու: «Ժողովուրդ» օրաթերթը իրավիճակից դուրս գալու ելքերի մասին զրուցեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ:

-Պարո՛ն Մինասյան, նախօրեին հանձնաժողովի նիստում Վերահսկիչ պալատի 2018 թվականի գործունեության ծրագիրը բացասական եզրակացություն ստացավ: Ստացվում է՝ ՎՊ-ն ծրագիր չունի, բա կառույցն ինչպե՞ս աշխատի:

-Այդպես չէ, կլինի նոր ծրագիր, որը դրական կստացվի եւ հանձնաժողովի նիստում կարժանանա դրական եզրակացության:

-Ի՞նչ ժամկետներում պետք է նոր ծրագիրը ներկայացվի:

-Մինչեւ դեկտեմբերի 31-ը:

-Դուք նշել էիք, թե ամբողջ տարվա համար իրենք չեն կարող վերահսկողական գործառույթ իրականացնել, այդ դեպքում ելքը ո՞րն է:

-Իրենք պետք է բերեն այնպիսի ծրագիր, որը չի հակասի Սահմանադրությանը եւ նաեւ կընդունվի: Սահմանադրության մեջ ամեն ինչ հստակ ամրագրված է: Վերահսկիչ պալատը 2018 թվականի ծրագրում ներկայացրել է, որ ամբողջ տարվա համար պետք է վերահսկողություն իրականացնի, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:

-Պարո՛ն Մինասյան, առաջին անգամ է, որ Վերահսկիչ պալատի ծրագիրը չի հաստատվում: Թերեւս կարելի է արտառոց համարել, որ ՀՀԿ-ականները դեմ քվեարկեցին ծրագրին:

-Պարզապես ներկայացվել է ծրագիր, որը խնդիրներ ունի Սահմանադրության հետ: Այստեղ կապ չունի՝ հանրապետական կամ ոչ հանրապետական: Պետք չէ հարցերին այդ տեսակետից նայել:

-Ստացվում է՝ Վերահսկիչ պալատում հաշվի չե՞ն առել կատարված փոփոխությունները:

-Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս