Ազատամարտիկին դատում են. ռազմամթերք է պահել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 20-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվել է Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Պառավաքար գյուղի բնակիչ Լեւոն Բրուտյանի դատարավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1990-ական թվականներից Պառավաքար գյուղում գտնվող առանձնատանը կից օժանդակ շինությունում ապօրինի կերպով պահել է 350 հատ գործարանային արտադրության 5.45 մմ տրամաչափի, ռազմամթերք հանդիսացող մարտական փամփուշտ եւ ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության Ֆ-1 եւ ՌԳԴ-5 տեսակի ձեռքի նռնակներ:

Լ. Բրուտյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»): Սույն հոդվածը նախատեսում է առավելագույնը 3 ամիս ժամկետով կալանք, կամ առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Պառավաքար համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ Լեւոն Բրուտյանը մոտ 43-44 տարեկան է, նա 90-ական թվականներին ակտիվորեն մասնակցել է ազատամարտին, հայրենի գյուղի պաշտպանությանը եւ այդ ժամանակ վիրավորվել է: Նա այժմ զբաղվում է իր գյուղացիական տնտեսությամբ: Գյուղապետը արտասովոր բան չհամարեց, որ ազատամարտիկի շինությունում 90-ականներից ռազմամթերք է մնացել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս