Իշխանությունները ստիպված են համակերպվել. Վանաձորում նոր ընտրություննե՞ր կլինեն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանը երեկ անակնկալ որոշում կայացրեց՝ արձանագրելով, որ Վանաձորի գործող ավագանու գործունեությունը եղել է հակասահմանադրական: Հիշեցնենք, որ Վանաձորի ներկա ավագանին կազմավորվել է անցած տարվա հոկտեմբերի 10-ին: 33 հոգուց բաղկացած ավագանու կազմում իշխող ՀՀԿ-ն եւ նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ ունեն 15 անդամ:

Չնայած իշխանական կոալիցիային չէր հաջողվել Վանաձորի ավագանում մեծամասնություն ունենալ, բայց համայնքի ղեկավարի ընտրութունները փակ-գաղտնի անցկացնելու շնորհիվ իշխանություններին հաջողվեց հոկտեմբերի 10-ին Մամիկոն Ասլանյանին կարգել Վանաձորի քաղաքապետ: Բայց դրանով խնդիրը չլուծվեց, քանի որ Վանաձորի ավագանու մեծամասնությունը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության 10, «Հայկական վերածնունդի» (նախկին ՕԵԿ) 5 եւ ԲՀԿ-ի 3 անդամները, ընդհանուր 18 հոգի, բոյկոտեցին ավագանու նիստերը: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 23 հոդվածի 5 կետի 1-ին ենթակետը սահմանում է. «Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են նաեւ, եթե` 1) ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովվելու պատճառով վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չի կայանում»:

Ուստի իշխանական փոքրամասնությունն իրավիճակը փրկելու համար այս տարվա մարտից սկսեց 15 հոգով ավագանու նիստեր գումարել: Ի վերջո, խնդիրը բողոքարկվեց ՍԴ, որն էլ երեկ որոշեց հակասահմանադրական ճանաչել ՏԻՄ օրենքի այն դրույթը, որի հիման վրա Վանաձորի ավագանու փոքրամասնությունը նիստեր էր գումարում: Իհարկե, ՍԴ-ն ՀՀ խորհրդարանին մինչեւ 2018 թվականի մարտի 31-ը ժամանակ տվեց՝ խնդրին իրավական լուծում տալու, բայց դրանով իրավիճակը էապես չի փոխվում. Վանաձորի ավագանու՝ մեկ տարի, մեկ ամսվա գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը. վերջ եւ կայացված բոլոր որոշումներն ապօրինի են: Այսինքն՝ ՀՀ իշխանությունները պարտավոր են համակերպվել այս փաստի հետ ու Վանաձորում կա՛մ ավագանու նոր ընտրություններ նշանակել, կա՛մ ավագանին պետք է նոր քաղաքապետ ընտրի»:

Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս