«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նիստում երեկ քննարկվեց «Ելք» խմբակցության՝ Հայաստանի ավիացիայի ոլորտի վերաբերյալ հարցապնդումը: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների կողմից 2013 թվականից կիրառության մեջ մտցված «Բաց երկնքի» քաղաքականությունը ոչ միայն իրեն չարդարացրեց, այլեւ հակառակը՝ վերջնականապես ոչնչացրեց հայկական ավիաընկերություններին:
Ինչպես պարզեց «Ժողովուրդ» օրաթերթը, ավիափոխադրումների շուկայի ծավալները տարեկան հասնում են մոտ 500 մլն դոլարի, որի 53 տոկոսը տնօրինում են ռուսական ավիաընկերությունները: Իսկ հայկական ավիաընկերություն, որպես այդպիսին, փաստացի չկա: Նաեւ սա է պատճառը, որ այսօր Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից դեպի եվրոպական երկրներ ավիատոմսերը շատ ավելի թանկ են, քան հարեւան Վրաստանից:
Եւ երեկ «Ելք»-ի անդամները պնդում էին՝ եթե պետությունը քաղաքական մոտեցումը չփոխի, ինչ-որ լուծումներ չտա, ապա հայկական ազգային փոխադրող երբեք չի կարողանա ձեւավորվել եւ զարգանալ, իսկ ռուսների ազդեցությունը մեր ավիափոխադրումների շուկայում գնալով ավելի կավելանա»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: