Հարց քաղաքացիներից` բոլորն իրավունք ունե՞ն օգտվելու մանկավարժական մասնակի կենսաթոշակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ բոլորն իրավունք ունե՞ն օգտվելու մանկավարժական մասնակի կենսաթոշակից, թե՞ ոչ: Ո՞ւմ է տրվում այդ կենսաթոշակը: Ընդհանրապես ի՞նչ է իրենից ենթադրում մասնակի կենսաթոշակը:

Գրետա Եղիազարյան (56 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Եղիազարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ համաձայն կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:
Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները: Մասնակի կենսաթոշակը հաշվարկվում է մասնագիտական աշխատանքային ստաժին համամասնորեն:

Միաժամանակ հայտնում ենք, որ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում: Մասնակի կենսաթոշակը նշանակվում է մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ մասնակի կենսաթոշակ տրվում է թատերական եւ թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններին, եթե լրացել է նրանց 50 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է: Նշենք նաեւ, որ կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկելիս հիմք է ընդունվում տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող 25 տարվա աշխատանքային ստաժը:




Լրահոս