Քաղաքական դաշտում նոր իրավիճակ է ստեղծել. Վանաձորի ավագանու ճակատագիրը՝ անհայտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը, որի արդյունքում արձանագրվեց, որ Վանաձորի ներկա ավագանու գործունեությունն այս տարվա մարտի 31-ից եղել է հակասահմանադրական, քաղաքական դաշտում փաստացի նոր իրավիճակ է ստեղծել:

Հայաստանի երրորդ քաղաքի տեղական ինքնակառավարման մարմնի գործունեության հակասահմանդրական լինելն այլեւս պաշտոնական բնույթ է կրում: Մինչ ՍԴ որոշումը, ընդդիմությունը պարբերաբար հայտարարում էր, որ Վանաձորի ավագանու գործունեությունը հակասահմանդրական է, սակայն այդ պնդումը համարվում էր սովորական քաղաքական հայտարարություն, հետեւաբար իրավական հետեւանքներ չէր պարտադրում:

Հիշեցնենք, որ ՍԴ որոշմամբ` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ կետը հակասահմանադրական ճանաչվեց։ Սա այն դեպքում, երբ Վանաձորի 33 հոգանոց ավագանին հենց այդ դրույթի հիման վրա էր 15 հոգով, այսինքն, չունենալով մեծամասնություն, նիստեր էր գումարում: Ինչեւէ, ՍԴ որոշմամբ հակասահմանադրական ճանաչվեցին նաեւ Վանաձորի ավագանու առաջին իբր թե կայացած նիստի` այս տարվա մարտի 31-ի թիվ 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները: ՍԴ-ն իր որոշմամբ ԱԺ-ին ժամանակ է տվել մինչեւ հաջորդ տարվա մարտի 31-ը ՀՀ Սահմանադրության հանդեպ օրենքի հակասության փաստը շտկելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Վանաձորի ավագանին 2-Ն որոշմամբ հաստատել է իր կանոնակարգը եւ ուժը կորցրած է ճանաչել Վանաձորի ավագանու 2012 թվականի նոյեմբերի 7-ի «Վանաձոր համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու եւ ավագանու 2005 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 303-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 54-Ն որոշումը:

Նույն օրվա 7-Ն որոշմամբ ավագանին հաստատել է Վանաձորի՝ 2017-2022 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը: Իսկ ահա Վանաձորի ավագանու 8-Ն որոշմամբ` հաստատվել է քաղաքի՝ 2017 թվականի տարեկան բյուջեն: Նշենք, որ ավագանու 9-Ն որոշմամբ` հաստատվել է Վանաձորի՝ 2016 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Սակայն նկատենք, որ եթե կառավարությունը եւ խորհրդարանը որեւէ իրավական լուծում չտան ՍԴ որոշմամբ հակասահմանադրական ճանաչված իրավական նորմերին, ապա 2018 թվականի մարտի 31-ից Վանաձորի ավագանին կհայտնվի իրավական վակուումի մեջ, իսկ ավագանու կայացրած որոշումներն էլ մեխանիկորեն կդառնան հակասահմանադրական, ասել է, թե այդ կառույցը իր կազմավորման օրվանից չի գործել:

Ուստի այս խնդրի հետ կապված ամենապահանջված հարցն այն է, թե Հայաստանի իշխանությունները երբ են նախատեսում Վանաձորում ավագանու նոր ընտրություններ անցկացնել: ՀՀ ԿԸՀ-ն դեռեւս այս տարվա հուլիսին կայացրած որոշմամբ սահմանել է, որ 2018 թվականի մարտի 11-ին Հայաստանի մարզերում տեղական ինքնակառավարման ընտրություններ անցկացնեն:

«Ժողովուրդ» օրաթերթը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց, թե ՍԴ որոշումից հետո արդյոք իրենք չեն պատրաստվում Վանաձորում ավագանու նոր ընտրություններ անցկացնել: «Ես վերջնական որոշումը չեմ կարդացել, բայց որքան ես եմ տեղյակ, այդ դատական ակտով ընտրությունների թեման ընդհանրապես բարձրացված չէ, վերջնական դատական ակտի հետ ծանոթանալուց հետո նոր մանրամասն կարող եմ ասել, թե ինչպես կվարվենք»,- պատասխանեց Մուկուչյանը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս