Մոդելի աշխատանքը Հայաստանում եկամտաբեր չէ. Հռիփսիմե Սարգսյանը` հնդկական գործակալության հետ պայմանագիր կնքելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռիփսիմե Սարգսյանը նկարահանվում է արտասահմանյան արտադրության ֆիլմում։ Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ինքը՝ մոդելը՝ հրաժարվելով հայտնել այլ մանրամասներ։ Նա միայն նշեց, որ ֆիլմն արծարծում է համամարդկային թեմա։

Հարցին, թե արդյոք առաջիկայում կշարունակի զբաղվել մոդելային գործունեությամբ, Հռիփսիմեն պատասխանեց. «Այո, նման պլաններ կան։ Պատրաստվում եմ երեք ամսով պայմանագիր կնքել հնդկական գործակալության հետ, մեկնել Հնդկաստան եւ զբաղվել մոդելային աշխատանքով»։

Մենք հետաքրքրվեցինք՝ ինչպես է ստացվել, որ գործակալությունը հենց իրեն է նման առաջարկ արել. «Անցյալ տարվա ապրիլ ամսին մեկնել էի Հնդկաստան՝ մասնակցելու «Miss Supermodel 2016» մրցույթին։ Հենց այնտեղ էլ ստացա առաջարկը»,-պատմեց մոդելը։

Ինչ վերաբերում է գեղեցկության մրցույթներին, ապա դրանց Հռիփսիմեն կմասնակցի մի փոքր ուշ.այժմ նա իր ողջ ուժերը կենտրոնացրել է ֆիլմի շուրջ։

Հարցին, թե Հայաստանում մոդելային գործունեությամբ զբաղվելը որքանով է հեռանկարային, Հռիփսիմեն պատասխանեց. «Վերջին տարիներին ոլորտում բավական մեծ առաջընթաց կա։ Իհարկե, աճելու տեղ շատ ունենք՝ համապատասխան դպրոցների եւ մասնագետների անհրաժեշտություն կա»։

Հռիփսիմեն նշեց, որ վերջին երեք տարիներին եղել է 25 երկրում, ներկայացել է որպես մոդել, սակայն որեւէ երկիր ընդմիշտ տեղափոխվելու մասին չի էլ մտածում.«Այդ երկրներ այցելելուց հետո ավելի շատ եմ սկսել սիրել Հայաստանը։ Եթե պետք է բացակայեմ հայրենիքից, ապա միայն՝ աշխատանքի բերումով»,-ասաց նա։

Մենք հետաքրքրվեցինք՝ Հայաստանում մոդելային գործունեությամբ զբաղվելը կարո՞ղ է արդյոք եկամտաբեր լինել. «Ցավոք, ոչ։ Շատ մոդելներ բարձունքների չեն հասնում հենց այդ պատճառով։ Նրանք ստիպված են լինում մոդելինգից բացի՝ զբաղվել այլ աշխատանքներով եւս»,-շեշտեց մեր զրուցակիցը։

Նա նաեւ հավելեց, որ մեծ պատասխանատվությամբ է ընդունել ֆիլմում նկարահանվելու հրավերը. «Դա մի նոր աշխարհ է, որը դեռ չեմ բացահայտել»,-եզրափակեց Հռիփսիմեն։

Անի Անտոնյան




Լրահոս