Նոյեմբերի 5-ին Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում տեղի ունեցած ընտրություններում պարտված թեկնածու Տիգրան Խուդոյանի կողմնակիցները երեկ վաղ առավոտից փակել էին Եղեգնաձոր-Վարդենիս ճանապարհը՝ պահանջելով չեղարկել ՏԻՄ ընտրությունների արդյունքները։
Ուշագրավն այն է, որ ե՛ւ հաղթած թեկնածու Արթուր Ստեփանյանը, ե՛ւ պարտված Տիգրան Խուդոյանը ՀՀԿ-ականներ են, սակայն իշխող կուսակցությունն ընտրություններում սատարում էր պարտված թեկնածուին: Արթուր Ստեփանյանը ստացել է 1952 ձայն, Խուդոյանը՝ 1816 ձայն: Այս ընտրատարածքում եւս երկու թեկնածու էր առաջադրված, ովքեր սակայն սատարում էին հենց Արթուր Ստեփանյանին:
Այսպիսով՝ ընտրությունների արդյունքների հետ համաձայն չլինելով՝ Խուդոյանի մի խումբ կողմնակիցներ երեկ փակել էին ճանապարհը՝ պահանջելով, որ իրենց համայնքը ղեկավարի հենց նա: Ավելի ուշ ճանապարհը փակած բնակիչներին հանդիպել է Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, բանակցություններից հետո կրքերը հանդարտվել են, եւ բնակիչները բացել են ճանապարհը:
«Ճանապարհը փակել էին հիմնականում Տիգրան Խուդոյանի կողմնակիցները: Նրանք չեն կարողանում համակերպվել իրենց թեկնածուի պարտության հետ: Նրանց հետ հանդիպման ժամանակ ներկա էր նաեւ պարտված Տիգրան Խուդոյանը: Մենք բացատրեցինք, որ ճանապարհ փակելն անօրինական է: Ես բացատրեցի, որ ընտրության արդյունքները բողոքարկելու օրենքով սահմանված տարբերակներ կան, սակայն ճանապարհ փակելը դրանցից մեկը չէ», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:
Վայոց ձորի մարզպետի խոսքով՝ բնակիչները ոչ միայն պահանջում են չեղարկել ընտրությունները, այլ համաձայն չեն վարչատարածքային բաժանման հետ եւ պահանջում են իրենց Շատին համայնքն առանձնացնել, սակայն մարզպետի խոսքով՝ դա այլեւս հնարավոր չէ:
Իրադարձությունների ընթացքի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վայոց ձորի Եղեգիս համայնքի ղեկավարի ընտրություններում պարտված թեկնածու Տիգրան Խուդոյանի հետ:
Եղեգիս համայնքի ղեկավարի ընտրություններում պարտված, Շատին համայնքի նախկին ղեկավար Տիգրան Խուդոյան
-Պարո՛ն Խուդոյան, Ձեր կողմնակիցները երեկ փակել էին Եղեգնաձոր-Վարդենիս ճանապարհը՝ պահանջելով չեղյալ համարել ընտրությունների արդյունքները: Ինքնաբո՞ւխ է եղել, թե՞ Դուք եք ուղղորդել:
-Իհարկե, ինքնաբուխ է եղել: Ես ուշ եմ իմացել, եկել, միացել եմ: Ճանապարհ են փակած եղել, խնդրել եմ, որ ճանապարհը բացել են: Մենք խաղաղ երթ ենք կազմակերպել, վանկարկումներ ենք արել ու գնացել ենք տներով: Ես հիմա վերադառնում եմ Եղեգնաձոր:
-Ձեզ համար սպասելի՞ էր ընտրությունների նման արդյունքը:
-Մի հայտնի պարադոքս կա, ասում են՝ եթե թուղթը սպիտակ է, ուրեմն սպիտակ է: Ես սպասում էի, որ իմ քվեների քանակը պետք է այդքան լիներ, մյուս քվեները մի քիչ շատ եղավ: Բայց ամեն դեպքում ժողովուրդն է որոշել այդպես: ժողովուրդն արժանի է իր ղեկավարին:
-Եթե ժողովուրդն է որոշում, ինչո՞ւ էիք երթ անում:
-Հարցրեք ժողովրդին: Ես նորից եմ կրկնում՝ հավաքն ինքնաբուխ է եղել: Ես ավելի ուշ տեղեկացել եմ, որ ճանապարհ են փակել, եկել եմ, ասել, որ ճանապարհ փակելն անօրինական քայլ է: Ճանապարհ փակելով հարցը չեն որոշում: Ի սկզբանե ասեմ, որ նրանց պահանջն ավելի շատ ոչ միայն արդյունքն էր, այլ նաեւ վարչատարածքային բաժանմունքը:
-Հնարավո՞ր է՝ բողոքարկեք ընտրությունների արդյունքները:
-Ես հիմա մտածում եմ հետագա քայլերի մասին: Այս պահին չեմ մտածել արդյունքները բողոքարկելու մասին, սակայն մտածում եմ:
-Պարո՛ն Խուդոյան, Ձեր թիմակիցները կլսե՞ն Ձեզ եւ այլեւս փողոց չե՞ն փակի:
-Ես եմ լսում իմ թիմակիցներին, այլ ոչ թե նրանք՝ ինձ: Եթե ես մի խոսք պետք է ասեմ, որ դեմ լինի ժողովրդին, ես երբեք այդպիսի խոսք չեմ ասի: Շատ էլ ես եմ թեկնածուն:
Եղեգիս համայնքի ընտրություններում հաղթած թեկնածու Արթուր Ստեփանյան
-Պարո՛ն Ստեփանյան, Ձեր մրցակից Տիգրան Խուդոյանի թիմակիցներն այսօր փակել էին ճանապարհը` պահանջելով չեղյալ համարել նոյեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքները եւ Ձեզ մեղադրում էին խախտումներով ընտրվելու մեջ:
-Յուրաքանչյուր պարտված կողմ ընտրություններից հետո պետք է գնա արդար եւ խելացի ճանապարհով այդ հարցին լուծում տալու, այլ ոչ թե ժողովրդին հանի ոտքի, ճանապարհ փակի: Այդ ինչու ողջ համայնքի ընտրությունների հետ կապված ոչ մի տեղ խնդիր չառաջացավ, միայն Շատին համայնքում առաջացավ: Ի սկզբանե Շատին համայնքի ղեկավար Տիգրան Խուդոյանը ժողովրդի հետ իր հանդիպումների ժամանակ անընդհատ միայն քարոզում էր` ես եմ, ես եմ, ամենաուժեղն եմ, ամենախելոքն եմ, գիտությունների թեկնածու եմ, նախագահն իմ կողքին է…: Դե, հիմա ես այստեղ մեղք ունե՞մ, որ բոլորն իրեն սատարում են, ընտրություններն արդար են անցել, եւ ժողովուրդն ինձ է իր քվեն վստահել: Եթե ես պարտվեի, ես կզանգեի, կշնորհավորեի…
-Տիգրան Խուդոյանը մեզ հետ զրույցում նշեց, թե մտածում է հետագա քայլերի շուրջ, այդ թվում` ընտրությունների արդյունքների բողոքարկման: Խնդիր չե՞ք տեսնում:
-Եթե բոլոր ընտրատեղամասերում եղել են իր մարդիկ, բոլոր ընտրատեղամասերում քվեաթերթիկները հաշվել են հատ-հատ, դրել են, տարել, հանձնել են ԿԸՀ, եւ դրա խնդիրը չկա: ԿԸՀ-ն արդեն հրապարակել է, որ Եղեգիս համայնքի ղեկավար եմ ընտրվել ես: Ես այստեղ խնդիր չեմ տեսնում:
ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ ՈՒ ԱՆԻՐԱԿԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՏԱԼԻՍ
Երեկ խորհրդարանում շարունակվել են 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, որոնք բուռն ընթացք ունեցան: Նախ պարզվեց, որ 2018 թվականի բյուջեով նախատեսվում է առողջապահության նախարարությանը տրամադրել 80.1 մլրդ դրամ գումար, որը շուրջ 5.8 մլրդ դրամով ավելի պակաս է այս՝ 2017 թվականի ցուցանիշից:
Չնայած ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկաներին վստահեցրեց, որ շահառուներին մատուցվող ծառայությունները չեն վատթարացվի, եւ փոքր բյուջեով հնարավոր է մեծ հաջողությունների հասնել, սակայն ոչ բոլորն էին համաձայն:
Օրինակ՝ ԱԺ առողջապահության ու սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը չհամաձայնեց այդ մտքի հետ՝ ընդգծելով, թե առողջապահության ոլորտում լուծում պահանջող այնքան խնդիր կա, որ լուծելու համար բյուջեն չպետք է կրճատվի: «Ցանկացած ոլորտի պարագայում կարիքն ավելի մեծ է, քան հնարավորությունները, որոնք հատկացվում են այդ կարիքները բավարարելու համար», – փորձեց համոզել Ջանջուղազյանը։
Ֆինանսավորման կրճատումից դժգոհեց նաեւ ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: «Դեղորայքների ձեռքբերման համար նախատեսված է 3 մլրդ 330 մլն դրամ, իսկ սարքավորումների ձեռքբերման համար՝ ընդամենը 10 մլն։ Արդյո՞ք ճիշտ է բժշկական սարքավորումների համար նման քիչ գումար նախատեսել»,- հետաքրքրվեց պատգամավորը։ Ջանջուղազյանի խոսքով՝ դա չպետք է արտացոլվի բյուջեի նախագծում:
Հետաքրքիր է, որ Հայաստանում առաջիկա տարիներին նախատեսված է նաեւ կրթության ֆինանսավորման կրճատում: Չնայած օրենքով սահմանվել էր, որ մինչեւ 2018 թվականը կրթությանը տրամադրվող գումարը պետք է հասներ ՀՆԱ-ի 4 տոկոսին, սակայն ոչ միայն չի բարձրանալու, այլ նվազելու է: 2018-2020 թթ. միջնաժամկետ ծախսերով կառավարությունը ծրագրում է այն ՀՆԱ-ի 2.34 տոկոսից հասցնել 1.85 տոկոսի:
Իհարկե, սա մտահոգիչ է, հատկապես, երբ մշտապես ոլորտի մասնագետների կողմից բարձրաձայնվում են կրթության ոլորտում առկա խնդիրների մասին: Եվ հիմա էլ, բացի այդ խնդիրներից, առաջանում է նաեւ ֆինանսավորման կրճատման հարցը: Հետաքրքիրն այն է, որ կրթությանը տրամադրվող գումարների ցուցանիշով ՀՀ-ն ամենացածրն է տարածաշրջանում, իսկ ըստ «Յունեսկօ»-ի վիճակագրության ինստիտուտի հրապարակած աղյուսակի՝ ՀՀ-ն ներկայիս ցուցանիշով 158 երկրների շարքում գտնվում է 136-րդ տեղում:
Չնայած առողջապահության, կրթության ոլորտի հատկացումները նվազում են, իսկ հաջորդ տարի չեն բարձրանալու նաեւ կենսաթոշակներն ու աշխատավարձերը, սակայն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը երեկ լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են՝ քաղաքացիների կյանքը բարելավելու համար: Հերթական ոչինչ չասող հայտարարությունը…
Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ
Ինչպես հայտնի է՝ Ժիրայր Սէֆիլյանի կողմնակիցները հրապարակել են «Հանուն Հայաստան պետության ճակատի» հռչակագիրը: Տեքստի հրապարակումից հետո անդամները զբաղված են ճանապարհային քարտեզի մշակմամբ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը նշեց. «Զբաղված ենք կազմակերպչական բազմաթիվ, բազմաշերտ աշխատանքներով: Զբաղված ենք ճանապարհային քարտեզի մշակմամբ»: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ հետագա քայլերը բազմաբեւեռ են լինելու, սակայն ժողովրդին փողոց հանելը, նրա խոսքով, չպետք է ինքնանպատակ լինի: «Այսօր գնում է քայլերի մշակման փուլը: Դա ժամանակի հարց է, պետք է պահը ճիշտ ընտրվի: Քաղաքականության մեջ պահի ընտրությունը ճիշտ կարեւոր է»:
ԳՆԱՃԸ ԹԵՎԵՐ Է ԱՌԵԼ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ մեր հանրապետությունում հոկտեմբերին գնաճը կազմել է 0.8 տոկոս: Ի դեպ, տեղեկացնենք, որ միայն սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի շուկաներում հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, գրանցվել է 1.3 տոկոս գնաճ: Ինչը հիմնականում պայմանավորվել է մսի, ձկան եւ ծովամթերքի, կաթնամթերքի, պանրի եւ ձվի, յուղերի եւ ճարպերի, բանջարեղենի գնաճով: Նույն ժամանակահատվածում թանկացել է նաեւ ծխախոտն ու ալկոհոլային խմիչքը` 0.9 տոկոսով: Իսկ ահա հագուստն ու կոշիկը թանկացել է 8.4 տոկոսով: Բացի այս՝ «Ժողովուրդ» օրաթերթը ԱՎԾ-ից տեղեկացավ, որ այս հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են 4.2 եւ 2 տոկոսով:
620 ԽՑԻ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԸ
«Արմավիր» ՔԿՀ-ի 620 խցի դատապարտյալ Գեւորգ Մկրտչյանը հայտնվել է խնդրի առաջ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատապարտյալի հարազատները բարձրաձայնեցին, որ Գեւորգը տեւական ժամանակ է, ինչ առողջական խնդիր ունի, խնդրել է ՔԿՀ ղեկավարությանը օգնել իրեն, համապատասխան բժիշկ կանչել, սակայն խնդրին որեւէ ընթացք չեն տալիս. «Վիճակը շատ վատ է, խնդրում ենք՝ ասեք՝ օգնեն, մարդը խնդիր ունի, բժիշկ չեն կանչում, միթե դա արդար է»: Քրեակատարողական հիմնարկից հայտնեցին՝ բժիշկները ստուգել են եւ դատապարտյալին օգնելու համապատասխան քայլեր են իրականացվում:
ՆՎԱԶԵԼ ԵՆ
Հայաստանի պետական պահուստները սեպտեմբերին նվազել են: ԿԲ հաշվետվութունից «Ժողովուրդ»-ը պարզեց, որ պահուստները կազմել են 2 մլրդ 92.9 մլն դոլար, մինչդեռ օգոստոսին այն հասել էր 2 մլրդ 176.4 մլն դոլարի: Նկատենք, որ պետական պահուստներն այս տարի ամենաքիչը եղել են ապրիլ ամսին՝ 1 մլրդ 939.6 մլն դոլար: