Հոկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպից 7 օր անց մանկապարտեզը բացվեց, սակայն պատանդ վերցված 3-ամյա Հմայակ Համազասպյանը մանկապարտեզ չի հաճախում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հայտնեց, որ երեխային տեղափոխել են այլ մանկապարտեզ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանը ժամը 16:25-ի սահմաններում ներխուժել էր Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ եւ պահանջել իր կնոջը: Ու մինչ նրա կինը կներկայանար, տղամարդը մանկապարտեզի սան, 3-ամյա Հմայակ Համազասպյանին նստեցրել է իր գիրկը, դանակը պահել վզին: Իրավապահները շուրջ 4 ժամ բանակցություններ վարեցին եւ վնասազերծելով պատանդառուին՝ կարողացան փրկել 3-ամյա փոքրիկին: Արգամ Հովիկյանն այս քայլին գնացել էր, քանի որ կինը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, հեռացել էր տանից, ընդհատել հղիությունը: Կատարվածում Արգամ Հովիկյանը մեղադրել էր իր նախկին կնոջ՝ Լիլիթ Հովհաննիսյանի տատիկին՝ «Մանուշակ» մանկապարտեզի տնօրեն Ռոզա Վարդանյանին:
Միջադեպից 7 օր անց
Եվ այսպես՝ կատարվածից 7 օր անց՝ երեկ, «Մանուշակ» մանկապարտեզը բացվեց, սակայն պատանդ վերցված 3-ամյա Հմայակ Համազասպյանը մանկապարտեզ չէր հաճախել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հայտնեց, որ երեխային տեղափոխել են այլ մանկապարտեզ:
-Պարո՛ն Խլղաթյան, մանկապարտեզը մինչ օրս փակ էր:
-Մանկապարտեզը 7 օրով էր փակվել. այսօր (խոսքը երեկվա մասին է, Ք.Մ) արդեն աշխատում է:
-Բոլոր երեխաները հաճախե՞լ էին մանկապարտեզ, թե՞ ծնողները անվտանգության նկատառումներից ելնելով՝ չէին բերել նրանց մանկապարտեզ:
-Մանկապարտեզի երեխաների հաճախումների թիվը՝ 95 երեխա է եկել:
-Այսինքն՝ բացականեր չկայի՞ն:
-Ընդամնենը 10 երեխա չի եկել:
-Իսկ պատանդ վերցված փոքրիկը գնացե՞լ է մանկապարտեզ:
-Ո՛չ, այդ երեխային մենք տեղափոխել ենք այլ մանկապարտեզ:
-Ինչո՞ւ, ծնողները չեն ցանկացել, որ նա այդ մանկապարտեզ հաճախի՞:
-Դուք այլ հարցեր եք տալիս արդեն, տրագեդյա եք սարքում, մանկապարտեզի անունը գցում:
-Մանկապարտեզի անունը «գցում են» պատանդառուի եւ տնօրենի հարազատները. պնդումներ կան, որ պետք է պատժվի մանկապարտեզի տնօրենը՝ Ռոզա Վարդանյանը, քանի որ նա էր հասցրել Արգամ Հովիկյանին այն վիճակին, որ ներխուժեց մանկապարտեզ:
-Բայց ինչո՞ւ, նա երկարամյա փորձ ունի, 40 տարի վարիչ է աշխատել, դեկտեմբերին թոշակի է գնալու: Դա ընտանեկան իրավիճակի հարց է. ո՛չ ուզում եմ՝ դրա մասին հարց տաք, ո՛չ ուզում եմ՝ պատասխան տամ: Անձնական հարց է դա:
-Լավ, տնօրենը գնաց թոշակի, իսկ Լիլիթը Հովհաննիսյա՞նը, որ նույնպես մանկապարտեզում է աշխատում, նա կշարունակի՞ աշխատել:
-Լիլիթը դեռ հիվանդանոցային վիճակում է, դեռ չգիտեմ:
-Իսկ Դուք անձամբ երեխային գնացել, տեսել ե՞ք:
-Գնացել ենք, տեսել ենք, նվերներով, շորերով խաղալիքներով: Հոգեբանի հետ ենք պայմանավորվել. տարել ենք հոգեբանի մոտ:
ՑԲ-ն Պատանդառուին չի ընդունել
Այսպիսով՝ մինչ հոգեբանները կաշխատեն փոքրիկի հետ, պատանդառու Արգամ Հովիկյանի գլխին սեւ ամպեր են կուտակվում:
Բանն այն է, որ Արգամ Հովիկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ միջնորդություն է ներկայացվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նրան տեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց, քանի որ վնասվածքներ ունի: Նա փորձել է ինքնավնասում անել՝ վիրավորելով իրեն սրտի եւ ձեռքի շրջանում: Ահա այսպես, նոյեմբերի 2-ին Հովիկյանը տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատապարտյալների հիվանդանոցում Հովիկյանին չեն ընդունել, նրան տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային բաժնից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ հիվանդանոցը նեղ մասնագիտական հարցերով բժիշկ չունի, ուստի հաշվի առնելով, որ կալանավորը վիրահատվել է, ճիշտ է համարվել, որպեսզի նա շարունակի բուժումը քաղաքացիական հիվանդանոցում:
Կրիմինալ աշխարհը չի ների
Իսկ երբ ապաքինվի ու տեղափոխվի կալանավայր, նրան սպառնում է ոչ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածներով՝ հանցափորձ, 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով՝ պատանդ վերցնելու հատկանիշներով՝ ազատությունից զրկելով 12-15 տարով կամ ցմահ: Աներկբա է, որ օրենքով նախատեսված ամենախիստ պատիժն է ստանալու Արգամ Հովիկյանը: Բայց պարզվում է՝ նրան պատիժ է սպասվում նաեւ չգրված օրենքներով:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ քրեական աշխարհը չի պատրաստվում ներել 3-ամյա երեխայի վրա 4 ժամ դանակ պահած Արգամ Հովիկյանին: Մեզ հասած լուրերի համաձայն՝ պատանդառուն իր պատիժը կրելու է «Նուբարաշեն» կամ «Արմավիր» ՔԿՀ-ում: Եւ այնտեղ իրենց պատիժը կրող քրեական աշխարհի ներկայացուցիչներն արդեն միմյանց խոստացել են, որ Արգամ Հովիկյանը պետք է պատասխան տա իր արարքի համար նաեւ չգրված օրենքներով: Ասել է, թե պատանդառուն քրեակատարողական հիմնարկում մի շարք բացատրություններ ունի տալու:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
«ՄԱՆՐ ՁԿՆԵՐԸ»
Երեկ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն ՀՀ տարբեր անտառտնտեսություններում մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի հանցագործությունների թողտվության, հովանավորչության, կաշառք ստանալու, կաշառք տալու դեպքեր է բացահայտել:
Այս առիթով նոյեմբերի 1-ին ձերբակալվել են բնապահպանության նախարարության նախկին բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալը, տեսչության ավագ տեսուչը, «Հայանտառի» անտառտնտեսության անտառապետը եւ վերջինիս օժանդակած անձը:
Հիշեցնենք, որ 2017թ. ապօրինի ծառահատման շուրջ 10 քրեական գործ է ուղարկվել դատարան, եւ ամբաստանյալի աթոռին են հայտնվել շուրջ 13 անձ:
Դավիթ Մարկոսյանը 2017թ սեպտեմբերի 6-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքից ապօրինի հատել է 2 հատ հաճարենի տեսակի թաց, կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 720 հազ դրամի վնաս:
Վահե Գուլանյանը 2017թ. սեպտեմբերի 6-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Դիլիջան տեղամասի 10-րդ պահաբաժնի տարածքից ապօրինի հատել է 8 հատ սոճի եւ 2 հատ թեղի տեսակի թաց, կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 1 միլիոն 142 հազ 500 դրամի:
Արման Բեգլարյանը 2017թ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Հաղարծին տեղամասի 12-րդ պահաբաժնի տարածքից վնասել է 2 հատ հաճարենի տեսակի՝ 90 000 դրամ ընդհանուր սակագնային արժեքով թաց, կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 450 հազ դրամի վնաս:
Գագիկ Սանթրոսյանը «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարբեր հատվածներից շարունակաբար ապօրինի հատել է 5 հատ տարբեր տեսակի թաց, կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 219 հազ դրամի վնաս:
Հայկ Խաչատրյանը 2017թ հունիսին Իջեւանի անտառտնտեսության մասնաճյուղի Խաչարձանի անտառպետության Ածուխի հանք կոչվող հատվածում ապօրինի հատել է 2 հացենի, 2 թեղի տեսակի կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 354 հազ դրամի վնաս:
Արամայիս Զարգարյանը հունիսին Իջեւանի անտառտնտեսություն մասնաճյուղի Խաչարձանի Ածուխի հանք կոչվող հատվածում ապօրինի հատել է 4 հատ բոխի եւ 1 հատ հաճար տեսակի կանգուն ծառեր՝ պետությանը պատճառելով 568 հազ 500 դրամի վնաս:
Հարություն Իգիթխանյանը 2017թ. հուլիսի 13-ից մինչեւ հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում Հրազդանի անտառատնտեսության Արզական անտառամասից, բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է տարբեր տրամագծերի 10 հատ սոճի՝ պատճառելով խոշոր՝ 517.500 ՀՀ դրամի վնաս:
Սեւակ Խանումյանը՝ Իջեւանի անտառտնտեսություն մասնաճյուղի Խաչարձանի անտառապետության անտառապահը, 2017թ հուլիսի սկզբներին հորեղբոր որդուն՝ Վրույր Խանումյանին թույլատրել է պահաբաժնից ապօրինի դուրս բերել ընդհանուր 109 հազ 800 դրամ արժողությամբ բոխի եւ հաճարենի ծառատեսակների՝ 12.2մ թափուկ վառելափայտ՝ պետությանը պատճառելով 219 հազ 600 ՀՀ դրամի վնաս:
Գարուն Ավթանդիլյանը Սյունիքի մարզի բնակիչներ Արամ Դավթյանի եւ Արմեն Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ Ճակատեն անտառպետությունից 479 հազ դրամ ընդհանուր արժողությամբ կաղնի եւ բոխի տեսակի ծառեր են գողացել:
Նորիկ Դոխոլյանը 2010թ. մայիսի 25-ից մինչ օրս աշխատելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության մասնաճյուղի անտառապահի պաշտոնում՝ 2015թ. ընթացքում 2 անգամ հայտնաբերելով ապօրինի հատված ծառերի փայտանյութը անտառից դուրս բերելու փաստը՝ չի արձանագրել:
Նկատենք, որ միայն դատարան ուղարկված գործերով պետությանը հասցված վնասի ընդհանուր չաթը կազմում է մոտ 5 մլն դրամ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԽԱՆԴՈՅԱՆԸ ԲՈՐԲՈՔՎԵԼ Է
«Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամի գործով դատական հերթական նիստը հետաձգվել է, քանի որ պաշտպաններից շատերը չէին ներկայացել: Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դեռեւս նախորդ նիստին պաշտպանները հայտարարել էին, որ չեն կարող շաբաթական երկու անգամ գալ այս գործով նիստերին: Նրանք պահանջում էին շաբաթական մեկ անգամ՝ չորեքշաբթի, նիստերն անցկացնել, սակայն նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը չի համաձայնել եւ նիստ նշանակել է երկուշաբթի եւ չորեքշաբթի օրերին: Երեկ նիստի մեկնարկին պարզ է դարձել, որ պաշտպաններից գալ կարողացել են միայն երեքը՝ Հայկ Ալումյան, Մուշեղ Շուշանյան եւ Ինեսսա Պետրոսյան: Ի դեպ, նիստի մեկնարկին Արայիկ Խանդոյանը վիճել է դատավորի հետ՝ պահանջելով իրենց ամբաստանյալներ չկոչել: Խանդոյանը բորբոքվել է, երբ նիստերի քարտուղարն ընթերցում էր, թե ամբաստանյալներից ովքեր են ներկայացել դատարան: «Մենք ազատամարտիկներ ենք, ամբաստանյալը Դուք եք… ամբաստանյալը դու ես»,- ասել է «Միայնակ գայլը»՝ դիմելով դատավորին եւ նիստերի քարտուղարին: Դատական նիստը հետաձգվել է եւ նշանակվել նոյեմբերի 8-ին:
ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՉԷ
ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, «Իգլա»-ի գործով մեղադրյալ Սամվել Բաբայանի պաշտպան, փաստաբան Արտաշես Քալաշյանը համոզված է՝ մեղադրող կողմի ներկայացրած ապացույցները չեն հիմնավորում, որ Սամվել Բաբայանը հանցագործություն է կատարել: Երեկ՝ «Իգլա»-ի գործով հերթական դատական նիստի ավարտին, նա հայտնել է, որ Բաբայանն անմեղ է: Քալաշյանը չի մասնավորեցրել, թե, ի վերջո, ո՞ւմ եւ ինչո՞ւ է ձեռնտու ազատազրկել Բաբայանին, բայց որպես իրավաբան նշել է. «Կարող եմ միայն արձանագրել, որ մեղադրանքը հիմնավորված չէ»: Հավելենք, որ առաջիկա նիստերում կլսվեն մեղադրական ճառն ու ամբաստանյալների վերջին խոսքը: