ՀՀ-ՈՒՄ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒԹ ԳՈՐԾԻՔ Է, ԱՄՆ-ՈՒՄ՝ ՕՐԵՆՔԻ ԳԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ կառավարող շրջանակներին նախորդ շաբաթ ցնցեց նախագահ Թրամփի քարոզարշավի ղեկավար Փոլ Մանաֆորթի ու նրա օգնականի ձերբակալությունը: Առաջին անգամ գործնական քայլեր կատարվեցին Թրամփի ու ռուսական շրջանակների միջեւ կապեր որոնելու առումով: Թեպետ առաջադրված մեղադրանքներում հատուկ չի նշված ռուսական հետքի մասին, սակայն քաղաքականապես այդ իրադարձությունը մեծագույն հարված էր նախագահ Թրամփի համար: Այժմ վերլուծաբանները միաբերան պնդում են, որ Թրամփի շուրջ օղակը իրապես սեղմվում է:

ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի ներկայացրած մեղադրանքը չի շեշտում ռուսական հետքի հանգամանքը: Դա թույլ էր տվել Թրամփին հայտարարելու, որ առաջադրված մեղադրանքները կապ չունեն իր ու իր քարոզարշավի հետ: Թրամփը իրավաբանորեն ճիշտ է, սակայն քաղաքականապես, երբ նրա նախընտրական շտաբի նախկին ղեկավարին մեղադրում են ԱՄՆ-ի դեմ դավադրության համար, իրավիճակը չափազանց լուրջ ընթացք է ստանում: Մանաֆորթն ու նրա օգնական Գեյթսը չեն ընդունել առաջադրված մեղադրանքները, մինչդեռ ձերբակալված Ջորջ Պապադոպուլոսը ընդունել է եւ անգամ համագործակցում է իրավապահների հետ՝ նրանց մատակարարելով խորհրդապահական տեղեկատվություն: Ըստ էության երեք գործիչներն էլ դերակատարություն են ունեցել Թրամփի քարոզարշավում: Այդ ընթացքում, ըստ Պապադոպուլոսի, ռուսական շրջանակները պաշտոնապես դիմել են Թրամփի քարոզչական թիմին համագործակցության առաջարկներով: Այդ մասին հայտնի է դարձել նաեւ մեծ հավաքի ժամանակ, որին մասնակցած են եղել դեռեւս թեկնածու Թրամփը, ներկայիս գլխավոր դատախազ Սեշընսը եւ այլք: Պապադոպուլոսի ցուցմունքները ակնհայտ հակասության մեջ են գլխավոր դատախազի՝ սենատական հանձնաժողովի առաջ արված խոստովանության հետ, որով վերջինս պնդում էր, որ որեւէ տեղեկություն չի ունեցել ռուսական կապերի մասին: Սենատի դեմոկրատ գործիչներն արդեն իսկ պահանջել են, որ դատախազը կրկնակի հարցաքննության հրավիրվի նոր հանգամանքների բացահայտման պատճառով: Թեպետ վերոնշյալ հանդիպման ժամանակ ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաները բացեիբաց հրաժարվել են գործ ունենալ ռուսական շրջանակների հետ, սակայն հրապարակավ ստել էին՝ պնդելով, որ անգամ տեղյակ չեն եղել կապեր հաստատելու փորձերից: Թրամփի քարոզչական շտաբի համակարգողներից Սեմ Քլովիսը, որի թեկնածությունը գյուղատնտեսության նախարարության ղեկավար պաշտոնի համար պիտի քննարկվեր Սենատում, հրաժարվել է լսումներից: Նա, այդպիսով, հրաժարվել է պաշտոնից՝ խուսափելու համար Սենատում ռուսական հետքի շուրջ անխուսափելի բացահայտումներից:
Թրամփը թեպետ ռուսական հետքի ամբողջ հետաքննությունն անվանում է վհուկների որս, սակայն աստիճանաբար կուտակվող փաստերի դեմ հազիվ թե երկար կարողանա նույնպիսի կեցվածքով դիմադրել: Թրամփի ու նրա թիմի հաջողության գրավականը լինելու է հասարակական-քաղաքական կարծիքի շեղումը այլ ուղղությամբ: Այդ առումով ԱՄՆ-ում պարարտ հող են դարձել տեռորիստական գործողությունները, որի ալիքի վրա Թրամփը դեռեւս պահպանում է իր քաղաքական կենսունակությունը, ինչը երկար շարունակվել չի կարող: Եվ եթե Մյուլլերի հանձնախումբը շարունակի նույնպիսի ճնշումը, նախագահի համար իրավիճակը նույնիսկ կարող է դուրս գալ վերահսկողությունից: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Մյուլերն արդեն իսկ թիրախավորել է Թրամփի՝ ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին եւ ակնկալվում է, որ առաջիկա մեղադրանքները արդեն կներկայացվեն պաշտոնաթող գեներալի նկատմամբ: Այս համատեքստում քաղաքական սկանդալ է հասունանում, իսկ Միացյալ Նահանգները Հայաստան չէ, որտեղ մարդուն բռնացնեն հրապարակային սուտ խոսելու վրա ու խրախուսեն: Այդ երկրում քաղաքական սխալներն ու վրիպումները գուցե շատ ավելի կարեւոր են ու ճակատագրական, քան իրավական հանցանքները: Այս առումով ամպեր են կուտակվում հատկապես դատախազ Սեշընսի շուրջը: Վերջինս հայտարարել էր, որ Թրամփի շրջապատում անգամ չի էլ ճանաչել այնպիսի մի մարդու, որը կապեր կարող էր ունենալ ռուսական շրջանակների հետ: Մինչդեռ այսօր Պապադոպուլոսը պնդում է, որ իր կապերի մասին ինքը հայտնել է բոլորին, այդ թվում Սեշընսին ու նախագահ Թրամփին: Սեշընսին, արդ, բարդ շրջափուլ է սպասում, քանզի նա դեռ պետք է բացատրի, թե ինչու է ստել սենատական հանձնաժողովի առաջ: Հաշվի առնելով հանգամանքը, որ դատախազի գործունեությունից դժգոհ էր նաեւ Թրամփը, կարծելի է, որ Սեշընսը գուցե վերածվի քավության նոխազի, թեպետ դեռեւս պահպանում է իր հավասարակշիռ ու սառնասիրտ կեցվածքը:
Հայաստանում գլխավոր դատախազի նկատմամբ համընդհանուր անվստահությունը, ի տարբերություն ԱՄՆ-ի, եզակի դեպք չէ: Հայաստանում դատախազությունը, ինչպես իրավապահ ողջ համակարգը, ընդունված է ընկալել որպես իշխանության իրական հենարան, առանց որի առաջին դեմքը այդ կարգավիճակում մնալ չի կարող: Այդ առումով զարմանալի չէ, որ դատախազությունը չի ընկալվում որպես օրենքի ու իրավունքի պահապան կառույց: Այդ թերահավատությունը հատկապես մեզանում խորացավ Աղվան Հովսեփյանի գործունեության արդյունքում: Նա դատախազ դարձավ Հենրիկ Խաչատրյանի կասկածելի սպանությունից հետո, սակայն բանակի պահանջով պաշտոնանկ արվեց Քոչարյանի կողմից հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո: Երբ Քոչարյանը վերջնականապես լուծեց իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու հարցը, Հովսեփյանը վերանշանակվեց այդ պաշտոնում: Նրա պաշտոնավարման շրջանում դատախազությունը դարձավ իշխանության բութ գործիքը քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու ու հալածելու համար: Սերժ Սարգսյանը, բնականաբար, պիտի շարունակեր իր ընկեր Քոչարյանի տխրադալուկ ավանդույթները: Դատախազությունը Սարգսյանի իշխանության պայմաններում ապահովեց Մարտի 1-ի խայտառակ դատավարական ընթացքը՝ նպաստելով արդարադատության բռնաբարմանը Հայաստանում: Այս իրավիճակում հայաստանցու համար էական էլ չէ, թե ով է գլխավոր դատախազը, քանզի վերջինս հլու-հնազանդ պիտի անի այն, ինչ հրամայի Սերժ Սարգսյանը: Իսկ երիտթեւը հրահանգները կատարում է առանձնահատուկ նվիրվածությամբ:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

ՄԱՐԶԵՐՈՒՄ 59 ԲԺԻՇԿ ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ

ՀՀ առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրին անցած տարվա սեպտեմբերի 1-ից մինչեւ այս տարվա օգոստոսի 31-ը իրականացված ծրագրերի եւ գործողությունների արդյունքների մասին:

Ըստ այդմ, այս տարվա մայիսից ՀՀ առողջապահության նախարարությունը իրականացնում է շուրջ 1000 հեպատիտ C-ով հիվանդի բուժում` 90 մլն դոլար բյուջեով: Շահառուներն արդեն իսկ ստացել են դեղորայքի առաջին եւ երկրորդ խմբաքանակները: Բացի այս՝ 2017 թվականի փետրվարին դժվարամատչելի ախտորոշիչ, հիվանդանոցային եւ հարակից այլ ծառայությունների գները համապատասխանեցվել են գործող շուկայական գներին: Ինչի արդյունքում ստացվել է մոտ 830 մլն դրամի խնայողություն, որն ուղղվել է 27 հազար բնակչությանը բժշկական ծառայություններով ապահովելուն:
Ըստ առողջապահության նախարարության` այս տարվա ապրիլին շուրջ 350 հազար բնակչություն ունեցող 8 համայնքներին տրամադրվել են բարձր անցանելիություն ունեցող եւ վերակենդանացման միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտ սարքավորումներով հագեցած շտապ օգնության մեքենաներ: Առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ ՀՀ ԱՆ ենթակայության ՊՈԱԿ-ների գնումների կենտրոնացման պիլոտային ծրագրի արդյունքում տնտեսվել է նախատեսված միջոցների 25 տոկոսը: Բացի այս՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզային բժշկական հաստատություններում աշխատանքի է նշանակվել 59 բժիշկ մասնագետ` մարզերում ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններով: Արդյունքում 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզերում բժիշկների թափուր հաստիքների քանակը 372 հաստիքից ներկայումս իջել է մինչեւ 303 հաստիք:

Ս. Հ.

 

 

 

 

ԿԱՎԵԼԱՆԱ՞ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ
Այսօր ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն առաջարկեց բարձրացնել առաջին եւ երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափը՝ 50 հազարից դարձնելով 500 հազար: «Մանուկների ծնունդը նվազում է, բայց կա այլ ցուցանիշ, որ 3-րդ, 4-րդ եւ 5-րդ երեխաների ծնվելու ցուցանիշն ազդում է, այսինքն՝ նրանց համար տրվող նպաստը դեր է խաղում: Չե՞ք կարծում, որ պետք է վերանայենք քաղաքականությունն ու ավելացնենք 1-ին ու 2-րդ երեխաների համար վճարվող նպաստի չափը»,- դիմելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին՝ ասաց Փաշինյանը: Ի պատասխան՝ նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ միանվագ նպաստի ավելացում չի ակնկալվում. նպաստների համար նախատեսված 10 մլրդ-ից միայն 71 տոկոսը հատկացվում է երրորդ եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին:

 

 

 

ԿՐԿԵՍՆ ԱՆԳՈՒՅՆ Է
aravot.am-ը գրում է . կրկեսի շինարարությունը մոտենում է ավարտին: Տանիքն ընթացքի մեջ է, իսկ հոկտեմբերին մի քանի անգամ ապակիների վրա երեւացին գունավոր քառակուսիներ, որոնք կարծես դուր էին գալիս քաղաքացիների մի մասին: Օրեր առաջ կրկեսի ապակիների գունավոր հատվածը «քերվեց»: Ինչու՝ հարցին երեկ «Առավոտին» պատասխանեց գլխավոր ինժեները՝ Ավագ Հովհաննիսյանը. «Եթե նկատել եք, մի քանի անգամ կրկեսի շենքը երեւաց տարբեր գունավոր գամմաներով: Ոմանց դուր էր գալիս, ոմանց թվում էր, թե էժանագին հնարք է: Այս պահին աշխատում ենք ինտերակտիվ ֆասադի վրա: Շուտով կտեսնեք մեծ, գունագեղ, տաք լուծումներով էկրան, որը, կարծում եմ, դուր կգա շատերին»:

 




Լրահոս