ՄԻ ՔԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՆԱԿՆԿԱԼ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Հայաստանի 69 համայնքներում տեղի ունեցան համայնքի ղեկավարի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Արդյունքում ՀՀ մի քանի համայնքներում գործող ՀՀԿ-ական ղեկավարներ չվերընտրվեցին:

Արագածոտնի մարզ
ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում ղեկավարի ընտրությունները թեժ են անցել: Առաջադրված թեկնածուները վեցն են եղել: Բայց Ալագյազի գյուղապետ նրանցից ընտրվել է Ջամմ Մախմուդովը` հավաքելով 449 ձայն: Նա Արագածոտնի մարզպետարանի գյուղվարչության գլխավոր մասնագետն է եւ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հայրն է: Ասել է, թե պատգամավորի հայրը ընտրվեց գյուղապետ: Նույն մարզի Ապարանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարել է առաջադրված միակ թեկնածուն` «Գնթունիք» ընկերության հիմնադիր տնօրեն ՀՀԿ-ական Կարեն Եղիազարյանը: Վերջինս հավաքել է 10868 ձայն: Արագածավան գյուղում վերընտրվել է առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուն՝ Անդրանիկ Պապիկյանը` հավաքելով 2925 ձայն: Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում եւս բավականին բուռն են անցել համայնքի ղեկավարի ընտրությունները: Այստեղ առաջադրված թեկնածուները երեքն են եղել, իսկ գործող գյուղապետ Նորաին Հակոբյանը վերընտրվել է` հավաքելով 2467 ձայն: Սուսերում ինքն իր դեմ պայքարի է դուրս եկել գործող ՀՀԿ-ական գյուղապետ Գուրգեն Զաքարյանը եւ հավաքելով 94 ձայն` վերընտրվել է:
Արարատի մարզ
Արարատի մարզի Այգավան գյուղում եւս առաջադրված եւ պայքարող միակ թեկնածուն գործող ՀՀԿ-ական գյուղապետ Վիգեն Հարությունյանն է եղել: Նա հավաքելով 1148 ձայն՝ վերընտրվել է: Նույն իրավիճակն է նաեւ Արարատի մարզի Այնթապ գյուղում. առաջադրվել է գործող ՀՀԿ-ական գյուղապետ Կարեն Սարգսյանը եւ հավաքելով 3537 ձայն՝ վերընտրվել է: Ավշար գյուղում առաջադրված թեկնածուն գործող ՀՀԿ-ական Սուրիկ Գրիգորյանն է եղել, ով հավաքելով 1060 ձայն՝ վերընտրվել է: Նշենք, որ Սուրիկ Գրիգորյանը Արարատի մարզպետ Արամայիս եւ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանների եղբայրն է: Հուսանք, որ այս հարցում եղբայրներն իրենց «դերակատարությունը» չեն ունեցել: Արարատ քաղաքում վերընտրվել է գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Հայկ Հայկյանը: Նրա օգտին քվեարկել է 3985 մարդ: Ինչպես հայտնի է` Արտաշատի քաղաքապետի առաջադրված միակ թեկնածուն Կարեն Բենիամինյանն է, ով հավաքելով 4571 ձայն՝ ընտրվել է: Դարակերտի գործող ՀՀԿ-ական գյուղապետ Ղուկաս Սիմոնյանը եւս վերընտրվել է` հավաքելով 746 ձայն: Լանջառում եւ Ջրահովիտում գործող ՀՀԿ-ական գյուղապետերը վերընտրվել են: Լանջառի գյուղապետ Երվանդ Այվազյանը վերընտրվել է` հավաքելով 91, իսկ ջրահովիտցի Համլետ Ղազարյանը` 407 ձայն: Նշավան գյուղում գործող ՀՀԿ-ական գյուղապետ Պապ Հակոբյանը 3 ձայնով պարտվել է: Իսկ անկուսակցական Մյասնիկ Հովհաննիսյանը, հավաքելով 441 ձայն, ընտրվել է:
Արմավիրի մարզ
Արմավիրի մարզում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություն տեղի է ունեցել միայն Ծաղկալանջ գյուղում, որտեղ առաջադրվել է երկու թեկնածու: Ինչի արդյունքում Ծաղկալանջի գյուղապետի պաշտոնում վերընտրվել է գործող ՀՀԿ-ական Մանվել Մկրտչյանը` հավաքելով 446 ձայն:
Գեղարքունիքի մարզ
Գեղարքունիքի մարզում եւս հետաքրքիր ընտրություններ են տեղի ունեցել: Այստեղ մի քանի համայնքներում անգամ գործող համայնքի ղեկավարները չեն վերընտրվել, այլ պարտվել են: Օրինակ՝ Գեղամասարում գյուղապետ ընտրվել է Նար-Միլ ընկերության ՀՀԿ-ական տնօրեն Հակոբ Ավետյանը` 2078 ձայնով: Իսկ Գեղաքարում ընտրվել է ՀՀԿ-ական գործող կին գյուղապետը` Կարինե Մարտիրոսյան: Նա հավաքել է 67 ձայն: Ծովինարում վերընտրվել է գործող ՀՀԿ-ական գյուղապետ Մհեր Մարտոյանը` 1239 ձայնով: Ձորագյուղում եւս վերընտրվել է գործողը` ՀՀԿ-ական Լեւիկ Գրիգորյանը` 1239:
Ճամբարակում ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող քաղաքապետ Յուրա Ավալյանը չի ընտրվել, նա հավաքել է 1424 ձայն: Փոխարենը ընտրվել է ընտրակեղծարար Վազգեն Ադամյանը: Բայց չնայած սրան` Ադամյանին քաղաքապետ «ընտրեցին» 4349 ճամբարակցի: Ի դեպ, նա քաղաքապետ դարձավ իր ընկերների շնորհիվ, ովքեր ո՛չ գումար, ո՛չ էլ ջանք ու եռանդ չխնայեցին դրա համար: Խոսքը այն ընկերների մասին է, որոնք ժամանակին Ավալյանի համար են «դոշ տվել»:
Գեղարքունիքի հաջորդ քաղաքը, որտեղ գործող ՀՀԿ-ական ղեկավարը պարտվել է, Վարդենիսն է: Նա հավաքել է 2119 ձայն, իսկ առաջադրված մյուս թեկնածուն` Արամ Հարությունյանը, ով մարզպետարանի աշխատող է, հավաքելով 4401 ձայն՝ ընտրվել է: Նույն մարզի Շողակաթ գյուղում պայքարի էին դուրս եկել երկու գյուղապետ. Շողակաթի գործող ՀՀԿ-ական գյուղապետ Սուլիկո Շուշանյանը հավաքել է 889 ձայն, իսկ Դրախտիկի գյուղապետ Վալենտին Պետրոսյանը` 850:
Լոռու մարզ
Լոռու մարզի Ալավերդի քաղաքում մինչեւ ընտրությունները հայտնի դարձավ, որ առաջադրվելու է մեկ թեկնածու` ՀՀԿ-ի սրտով: Խոսքը Լոռու մարզպետարանի կանանց եւ երեխաների իրավունքների բաժնի պետ Սասուն Խեչումյանի մասին է, ով հավաքել է 6914 ձայն: Իսկ ահա մարզի մյուս` Ախթալայի գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը 176 ձայնով պարտվել է: Եւ Ախթալայի քաղաքապետ ընտրվել է Ճոճկանի գյուղապետ Արկադի Թամազյանը: Նշենք, որ Խաչիկյանին ընտրել է 1374 քաղաքացի, իսկ Թամազյանին` 1550: Գյուլագարակ գյուղում պարտվել է գործող գյուղապետ Խաչիկ Վարդանյանը` հավաքելով 1420 ձայն, իսկ մյուս թեկնածուին` Մհեր Գեւորգյանին, քվեարկել է 2675 մարդ: Մեծավան գյուղում եւս պայքարը թեժ է եղել: Այստեղ առաջադրված թեկնածուները երեքն են եղել, իսկ վերընտրվել է գործողը` Սերյոժա Վարդանյանը` հավաքելով 1072 ձայն:
Շիրակավանում գյուղապետի պաշտոնի համար պայքարել է 4 թեկնածու: Բայց հավաքելով 410 ձայն՝ ընտրվել է անկուսակցական Աշոտ Երանոսյանը: Իսկ Շնողի բնակիչները ընտրել են գործող ՀՀԿ-ական գյուղապետ Դավիթ Ղումաշյանին: Վերջինս հավաքել է 1158 ձայն: Սարչապետում գործող գյուղապետ Բորիս Բարոյանն է վերընտրվել, ով հավաքել է 1585 ձայն:
Ստեփանավանում գործող ՀՀԿ-ական «հավերժ քաղաքապետ» Միքայել Ղարաքեշիշյանը վերընտրվել է: Նա եղել է միակ թեկնածուն եւ հավաքել է 5028 ձայն: Տաշիրում եւս նույն պատկերն է. գործող ղեկավար Էդգար Արշակյանը վերընտրվել է` հավաքելով 4484 ձայն: Օձունում գործող գյուղապետը ընտրվել է` հավաքելով 1885 ձայն:
Կոտայքի մարզ
Կոտայքի մարզի Ակունքում վերընտրվել է ԲՀԿ-ական գործող գյուղապետ Հունան Ռուբենյանը` 3397 ձայնով: Բյուրեղավանում եւս վերընտրվել է գործող ԲՀԿ-ական ղեկավարը` հավաքելով 3235 ձայն: Եղվարդում նույնպես վերընտրվել է գործող ՀՀԿ-ական գյուղապետ Նորայր Սարգսյանը: Նրա օգտին քվեարկել է 8339 մարդ: Մեղրաձորում եւս վերընտրվել է ՀՀԿ-ական գյուղապետ Կառլեն Հովհաննիսյանը` 1876 ձայնով: Չարենցավանում կշարունակի ղեկավարել կրկին «հավերժ» քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը: Նրան ընտրել է 12 հազար 443 մարդ: Ջրվեժում եւս վերընտրվել է գործող ԲՀԿ-ական համայնքապետ Ռոբերտ Պետրոսյանը` 2842 ձայնով:
Շիրակի մարզ
Շիրակի մարզի Ախուրյան գյուղում վերընտրվել է ՀՅԴ-ական գյուղապետը` Արծրուն Իգիթյանը` 2393 ձայնով: Բայց նկատենք, որ նրա հետ պայքարում եղել է ինչպես ԲՀԿ-ական, այնպես էլ ՀՀԿ-ական: Անի գյուղում ընտրվել է ՀՀԿ-ական Արտակ Գեւորգյանը, ով հավաքել է 3909 ձայն: Նա եւս ունեցել է ԲՀԿ-ական մրցակից: Մարմարաշենում գյուղապետ ընտրվել է ՀՅԴ-ական Կարեն Արշակյանը, ով հավաքել է 1463 ձայն:
Սյունիքի մարզ
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ընտրվել է Առուշ Առուշանյանը` հավաքելով 12 հազար 945 ձայն: Իսկ նրա մրցակից Սամվել Հարությունյանը պարտվել է` հավաքելով 56 ձայն: Կապանում վերընտրվել է ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը` հավաքելով 12 538 ձայն: Սիսիանում եւս վերընտրվել է գործող ՀՀԿ-ական գյուղապետ Արթուր Սարգսյանը` հավաքելով 10 հազար 457 ձայն: Քաջարանում եւս վերընտրվել է գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Մանվել Փարամազյանը՝ հավաքելով 4232 ձայն:
Վայոց ձորի մարզ
Վայոց ձորի մարզի Արենի գյուղում գործող գյուղապետը պարտվել է, իսկ համայնքի ղեկավար ընտրվել է ՀՀԿ-ական Հուսիկ Սահակյանը, ով Ռինդի նախկին գյուղապետն է եղել: Գլաձորում գործող գյուղապետ Արմեն Մովսիսյանը վերընտրվել է` հավաքելով 1629 ձայն: Եղեգիս գյուղում թեկնածուների միջեւ ընտրապայքարը թեժ է անցել: Ինչի արդյունքում գյուղապետ է ընտրվել Արթուր Ստեփանյանը, ում քվեարկել է 1952 մարդ:
Տավուշի մարզ
Տավուշի մարզի Աչաջուրի համայնքի ղեկավար ընտրվել է Կարեն Ղալթախչյանը եւ հավաքել է 952 ձայն: Իսկ Բերդում վերընտրվել է գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Հարություն Մանուչարյանը, ով հավաքել է 7089 ձայն: Նա, ի դեպ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի խնամին է:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ՀԱՄԱՏԵՂՈՂ ԾՐԱԳԻՐ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնել է, որ ՀՀ կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել երիտասարդ մայրերին աշխատանքը եւ երեխայի խնամքը համատեղող ծրագիր ներդնելու օրենսդրական նախաձեռնություն: «Զբաղվածության ոլորտում նախատեսում ենք երեք նոր ծրագրեր, որոնք ուղղված են սոցիալ-ժողովրդագրական խնդիրների որոշակիորեն լուծմանը: Ազգային ժողով ենք ներկայացրել համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկում ենք ներդնել երիտասարդ մայրերի համար աշխատանքը եւ երեխայի խնամքը զուգակցելու ծրագիր»,-ասել է նախարարը:

 

 

 

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ՊՐՈԴՈՒԿՏ Է
Ըստ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի՝ գաղտնիք չէ, որ մոտ 3 տարի չէր գործում առողջապահության տեսչությունը, այն այսօր կայացման փուլում է եւ հունվար-փետրվարից կանցնի կանոնավոր գործունեության, եւ որոշ երեւույթներ կստանան իրենց օբյեկտիվ արտացոլումը կամ կհերքվեն: Նախարարը նշել է, որ 2018թ. բյուջեի հատկացումներից գոհ չէ. «Կարող էր ավելի շատ լինել, եւ մենք գիտեինք, թե որտեղ էինք ծախսելու այդ գումարները»: Նա նշել է, որ առողջապահության բյուջեն կրճատվել է 5.8 մլրդ-ով:
Խոսելով սրտի ստենտավորումից՝ նախարարը նշել է, որ տրամաբանական է, որ պետությունը սրտի ստենտավորման համար կարող է հատկացնել 700-750 հազար դրամ, իսկ անհատ անձը հիվանդանոցում դրա համար պետք է վճարի անհամեմատ թանկ: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարց է ուղղել նախարարին. «Եթե պետպատվերի շրջանակում պետությունը յուրաքանչյուր ստենտավորման համար նախատեսում է բուժհաստատությանը վճարել 750 հազար դրամ, արդյո՞ք այդ գինը տարածվում է նաեւ սովորական հիվանդի վրա, որը գնում է հիվանդանոց, եւ պարզվում է, որ իր համար պետությունը չի վճարելու, եւ իր գրպանից պետք է վճարի ստենտավորման համար: Այսինքն՝ պետպատվերով բուժվողի եւ առանց պետպատվերի բուժվողի համար նույն գի՞նն է գործելու: Եթե պետությունը ամեն մարդու ստենտավորման համար վճարում է 750 հազար դրամ, սովորական քաղաքացին, ով պետպատվերից դուրս է, կարո՞ղ է նույնքան վճարել, որովհետեւ այսօր այդ գները սկսում են 1,2 մլն դրամից»:
Ի պատասխան՝ նախարար Ալթունյանն ասել է. «Միգուցե պոպուլյար բան չեմ ասի, բայց այդ տարբերությունը տրամաբանական է, որովհետեւ ակնհայտ է, որ առողջությունը պրոդուկտ է, որը պետք է ձեռք բերել»:

 




Լրահոս