ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՊԱՑՈՒՑԵԼ, ՈՐ ԽՈՒՄԲՆ ԱՌԱՋՎԱՆՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013-ից հետո, երբ «Էմփիրեյ» ռոք խմբի վոկալիստ Սարգիս Մանուկյանը մեկնեց ԱՄՆ, խմբի մյուս անդամներն ընկան փնտրտուքների մեջ։ Սկզբում Սարգիսին փոխարինեց Եվա Սուջյանը, ապա Սուրեն Պողոսովը: Երկու փորձերն էլ, սակայն, ձախողվեցին։ Հիմա արդեն շուրջ մեկ տարի է՝ «Էմփիրեյի» վոկալիստը երիտասարդ կատարող Գարիկ Խաչատրյանն է։ «Ժողովուրդ»-ը «Էմփիրեյ»-ի անդամ, երաժիշտ Գիսանե Պալյանի հետ զրուցել է խմբի գործունեությունից։ Նա պատասխանել է հարցին, թե Սարգիսի՝ խմբից հեռանալուց հետո «Էմփիրեյին» արդյո՞ք հաջողվել է վերագտնել նախկին հաջողությունը։

-Գիսանե՛, «Էմփիրեյը» առաջիկայում ի՞նչ նորություններ կմատուցի երկրպագուներին։ Այնպիսի տպավորություն է, որ խումբը ստեղծագործական դադարի շրջանում է։
-Դա, այսպես ասած, թվացյալ դադար է, քանի որ մենք շարունակում ենք աշխատել։ Նորություններ, իհարկե կլինեն։ Աշնանը արդեն հանդես ենք եկել մի քանի համերգներով, պատրաստել ենք նոր երգեր, որոնք կներկայացնենք հանդիսատեսի դատին։ Պլանավորում ենք իրականացնել նաեւ ակումբային համերգներ։ Մենք չենք դադարեցրել մեր գործունեությունը, ոչ էլ պատրաստվում ենք նման քայլի գնալ, քանի որ բավական շատ պլաններ ունենք։ Իհարկե, աշխատանքները մի քիչ դանդաղ են ընթանում։ Բանն այն է, որ բացի «Էմփիրեյում» ընդգրկված լինելուց՝ խմբի անդամներից ամեն մեկն ունի այլ աշխատանք եւս։ Հետեւաբար այնքան էլ հեշտ չէ մեր ողջ ուժերը խմբի շուրջ կենտրոնացնելը։
-Թեեւ արդեն մեկ տարի է՝ խումբն ունի մենակատար, որը, ի դեպ, սիրվեց երկրպագուների կողմից, միեւնույն է՝ շատերը կարծիք են հայտնում, որ «Էմփիրեյը» ոչ մի կերպ չի կարողանում վերագտնել իրեն, եւ Սարգիսի՝ խմբից հեռանալուց հետո նախկին հաջողությունը չի վայելում, «Խումբն էլ այն չէ»,-հնչում են նման կարծիքներ։ Համաձա՞յն եք:
-Իհարկե, համաձայն եմ, քանի որ Սարգիսի հետ խումբը այլ էր, Սարգիսից հետո՝ այլ։ Բնականաբար, խումբը սանրվածք չէ, որ փոխես, բայց մարդը մնա նույնը։ Պետք չէ մոռանալ, որ Սարգիսը մենակատար էր, խմբի դեմքն էր, ուզի, թե ոչ՝ ցանկացած վոկալիստ դառնում է խմբի դեմքը. դա անհերքելի փաստ է։ Բացի այդ, Սարգիսը, բացի տաղանդավոր երգիչ լինելուց, շատ վառ անհատականություն է։ Շատերն անգամ կարծում էին, թե «Էմփիրեյը» հենց Սարգիսի անունն էր։ Դա նորմալ է։ Միջազգային պրակտիկայում, երաժշտական աշխարհում շատ են դեպքերը, երբ փոխվում են խմբերի մենակատարները։ Իհարկե, մենք չէինք ուզենա, որ այդպես լիներ, կարծում եմ՝ Սարգիսն էլ չէր ցանկանա։ Պետք է ասեմ նաեւ, որ Սարգիսը, մեր նախկին գործընկերը լինելուց զատ, մեզ հետ կապված է այլ թելերով եւս, օրինակ՝ իմ երեխաների քավորն է։ Նրա՝ խմբից հեռանալը պայմանավորված էր միայն երկրից հեռանալու փաստով։ Կարծում եմ՝ պատճառը օբյեկտիվ էր։ Իսկ մեր խումբը, չնայած ամեն ինչին, դեռ ասելիք ունի։ Գարիկը՝ որպես վոկալիստ, չի զիջում Սարգիսին, մերվել է մեր խմբի հետ, եւ մենք, նրա հետ աշխատելով, մեզ լավ ենք զգում։ Հիմա մենք փորձում ենք ապացուցել, որ Սարգիսի գնալուց հետո էլ խումբը չի մասնատվել, շարունակում է իր գործունեությունը, պահում է իր իդեալոգիան։ Իհարկե, Սարգիսի մասին մեզ էլ են շատ հարցնում, կարծիք են հայտնում, որ նրա կատարումներն ուրիշ էին։ Իհարկե, ուրիշ էին, բայց հիմա էլ ուրիշ են, դա այն ժամանակ էր, սա հիմա է։ Ժամանակն առաջ է շարժվում, մենք՝ նույնպես։
-Ամեն դեպքում, Սարգիսի հետ կապը պահո՞ւմ եք։ Նա Հայաստան վերադառնալու մտադրություն ունի՞:
-Այո՛, կապը, իհարկե, պահում ենք։ Նման մտքեր, ճիշտն ասած, Սարգիսը չունի։ Հարմարվել է ԱՄՆ-ում եւ աշխատում է այնտեղ։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

«ՆԿԱՐԱՀԱՆԵԼ ԵՄ ԻՐԱԿԱՆ ՍԱՐՍԱՓ ՖԻԼՄ»

Դերասան, ռեժիսոր Արմեն Դալլաքյանը զբաղված է միանգամից երկու նոր ֆիլմի արտադրությամբ։ Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ինքը՝ Արմենը։ Հետաքրքրական է, որ դրանցից մեկը սարսափ ժանրի ֆիլմ է, մի ժանր, որին հայկական ֆիլմարտադրողները կարծես թե դեռ չէին մոտեցել. «Ես նկարել եմ իրական սարսափ ֆիլմ։ Ըստ իս՝ այն առաջին հայկական սարսափ ժանրի ֆիլմն է»,-մեզ հետ զրույցում ասաց Արմենը։

Նա նշեց, որ բավական է, որքան մեր հանդիսատեսին հրամցվեց նույնանման պրոդուկտ, ժամանակն է դաշտը «ռեստարտ» անելու։ «Ֆիլմը «18+» է, իսկապես ռիսկային էր մոտենալ սարսափ թեմայի, նկարահանել սարսափ տեսարաններ։ Ասեմ, որ նկարահանումներն իրականացվել են հայկական գյուղերից մեկում»,-ասաց ռեժիսորը»։
Հարցին, թե արդյոք կիրառվել են համակարգչային հատուկ էֆեկտներ, Արմենը պատասխանեց, որ ոչ.«Ֆիլմում նման մոտեցումներ չկան։ Բոլորն իրական կադրեր են։ Գրիմի համար նախատեսված նյութերն էլ բերվել են Միացյալ Նահանգներից»։
Մենք հետաքրքրվեցինք՝ ֆիլմը երբ կհանձնվի հանդիսատեսի դատին. «2018 թվականի փետրվարից այն կհայտնվի էկրաններին»,-պատասխանեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է երկրորդ ֆիլմին, ապա այն արդեն կատակերգական ժանրի գործ է՝ ամանորյա թեմայով.«Այս ֆիլմն էլ հանդիսատեսին կներկայացվի ավելի վաղ՝ դեկտեմբերին։ Այստեղ ես հանդես եմ եկել ոչ միայն որպես ռեժիսոր, այլեւ դերասան։ Երկու ֆիլմերն էլ կրում են ուսուցողական բնույթ։ Այլ մանրամասներ դեռ չեմ հայտնի, թող անակնկալ մնա»,-հավելեց Արմենը։
«Ժողովուրդ»-ը դերասան-ռեժիսորի հետ մի փոքր էլ խոսեց նրա անձնական կյանքի մասին. «Նշանադրված չեմ, ամուսնացած կամ բաժանված չեմ, իմ հարսանեկան երեկոն կլինի գալիք տարում։ Բոլորն էլ կտեղեկանան այդ մասին»,-եզրափակեց Արմենը՝ վերջ դնելով մամուլում պարբերաբար շրջանառվող այն տեղեկություններին, թե դերասանը խզել է սիրելիի հետ հարաբերությունները, պսակադրվել, ապա ամուսնալուծվել է եւ այլն։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ԱԳՐԵՍԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասել է, որ 2018թ. բյուջեն զարգացման բյուջե է լինելու, ավելի ագրեսիվ քաղաքականություն է վարվելու կապիտալ ծախսերի մասով: «Դրանք պետք է ուղղվեն ենթակառուցվածքների զարգացմանը: Եկող տարի մենք ծրագրում ենք 20-40 միլիոն դրամի շահույթ, որը կարող ենք ուղղել այն հուշարձաններին, որոնք զբոսաշրջության համար այնքան էլ հետաքրքիր չեն: Մենք ուզում ենք մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման ընթացակարգը դարձնել էլեկտրոնային. գործընթացը ավելի բաց եւ թափանցիկ կլինի»,-նշել է նախարարը: Ըստ նրա կարեւոր է նաեւ մարզերում մշակութային ծառայությունների համաչափության մատչելիության եւ հուսալիության ապահովումը:

 

 

ՆՎԱՃԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ ՄԵԴԱԼ
Կիպրոսի Լարնակա քաղաքում նոյեմբերի 2-5-ը կայացած թաեքվոնդոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայ մարզիկները նվաճել են երկու մեդալ: 59 կգ քաշային Ռոման Հայրապետովը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ 68 կգ քաշային Անդրանիկ Խաչատրյանը նվաճել է բրոնզե մեդալ: Թաեքվոնդոյի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 30-ին մրցավայր էր մեկնել ավագ մարզիչ Զորայր Մեկինյանի գլխավորությամբ:

 

 

ՀԱՂԹԱՆԱԿ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԺԱՄԱՆԱԿՈՒՄ
Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի Ա լիգայի կանոնավոր առաջնությունում անցկացվել են երրորդ տուրի խաղերը: «Արցախը» Ստեփանակերտում 88:91 հաշվով պարտվել է ՖԻՄԱ-ին, որը հաղթանակի է հասել լրացուցիչ ժամանակում: «Գրանդ սպորտը» 69:40 հաշվով ուժեղ է գտնվել «Ինժեներից», իսկ «Ուրարտուն» 76:69 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Շիրակի» նկատմամբ: Երրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են ՖԻՄԱ-ն ու «Արցախը», որոնք ունեն 5-ական միավոր:

 




Լրահոս