ՀԱՐՑ. Եթե օտարերկրացին եկել է Հայաստան եւ պետք է ձեռք բերի կացության կարգավիճակ, ապա նա ի՞նչ պետք է անի: Կացության ինչպիսի՞ կարգավիճակ կարող է ստանալ: Խնդրում եմ ասեք՝ առաջնահերթ ո՞ւմ պետք է դիմի: Ցանկանում եմ մանրամասն ծանոթանալ կարգին:
Իսկուհի Ղանթարչյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Ղանթարչյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիների համար սահմանվում են կացության 3 կարգավիճակներ` ժամանակավոր, մշտական եւ հատուկ:
Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչեւ 1 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ: Մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա ապացուցում է ՀՀ-ում ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսնու կամ մերձավոր ազգականների առկայությունը, ՀՀ-ում ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով եւ մինչեւ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն օրենքով սահմանված կարգով առնվազն 3 տարի բնակվել է ՀՀ-ում: ազգությամբ հայ է կամ ՀՀ-ում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն: Հատուկ կացության կարգավիճակը տրվում է ազգությամբ հայ օտարերկրացիներին: Կարող է տրվել նաեւ ՀՀ-ում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացիների:
Միաժամանակ հայտնում ենք, որ ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը ներկայացվում է ՀՀ ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին: Հատուկ կացության կարգավիճակ uտանալու համար դիմումը ՀՀ տարածքում ներկայացվում է ՀՀ ոuտիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին, իuկ oտարերկրյա պետությունում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոuական հիմնարկ:
ՀՀ միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հատուկ կացության կարգավիճակը տրվում է տասը տարի ժամկետով: Այն կարող է տրվել մեկից ավելի անգամ: