Աստված կամեցավ, որ ընտրյալս հայուհի լինի. Միքայել Շարաֆյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեւական ժամանակ է՝ Հայաստանում է հագուստի դիզայներ, ամերիկաբնակ դերասան Միքայել Շարաֆյանը: Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ հայրենիք է եկել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես խորհրդական հանդես գալու համար: Միաժամանակ Միքայելը բեմադրությունների շրջանակում պետք է զբաղվի հագուստի դիզայնով: Նա, ի դեպ, Հայաստան է եկել թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հրավերով:

«Ինձ համար առանձնակի հաճույք է աշխատել մի թատրոնում, որտեղ մայրս՝ Ռուզան Մուրադյանը, երեսուն տարի եղել է գլխավոր կոնցերտմայստեր»,-ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Միքայելն այս տարի արժանացել է մրցանակի՝ դեռ երեք տարի առաջ էկրան բարձրացած «Հարսնացուն Վեգասից» կատակերգության գլխավոր հերոսի դերը մարմնավորելու համար։ Մենք հետաքրքրվեցինք՝ ֆիլմերում հանդես գալու ծրագրեր էլի կա՞ն. «Ես ընդհանրապես չէի պատրաստվում նկարահանվել այդ ֆիլմում, կարելի է ասել՝ ստիպողաբար նկարվեցի (ծիծաղում է):

Մտադիր էի զբաղվել միայն ֆիլմի զգեստների ձեւավորմամբ, սակայն ռեժիսորը եւ այլ թիմակիցներ մի քանի ամիս «հետապնդում էին» ինձ եւ հասան նրան, որ ես տվեցի իմ համաձայնությունը: Ամեն դեպքում, պետք է շեշտեմ, որ դերասանությունն իմ մասնագիտությունը չէ: Իհարկե, որպես դերասան հանդես գալու առաջարկները կարելի է երբեմն ընդունել, քանի որ փորձ եմ ձեռք բերում, նաեւ որպես դիզայներ գործնականում պատկերացում եմ կազմում, թե դերասանն այս կամ այն հագուստի մեջ իրեն ինչպես է զգում»,-պատասխանեց Միքայելը։

Ի դեպ, մեր զրուցակիցն այս տարվա սեպտեմբերին հայրենիքում նշանադրվեց 21-ամյա Նարե Գրիգորյանի հետ։ Նրանց հարսանիքը տեղի կունենա Լոս Անջելեսում, օգոստոսին։ Հարցին, թե արդյոք կարեւորել է այն հանգամանքը, որ ընտրյալը հայ լինի, Միքայելը պատասխանեց. «Ո՛չ, նման պարտադիր պայման ինքս իմ առջեւ երբեք չեմ դրել: Նախկինում ես ունեցել եմ այլազգի ընկերուհիներ, բայց Նարեի հետ ծանոթանալուց հետո հասկացա, որ շատ նման ենք իրար ու միմյանց լավ ենք հասկանում: Աստված կամեցավ, որ ընտրյալս հայուհի լինի»:

Միքայելը, հավանաբար, Հայաստանում կմնա մինչեւ տարեվերջ. «Իմ գործունեությունն, ամեն դեպքում, Լոս Անջելեսում է, դժվար կլինի ամեն բան թողնել եւ գալ, հաստատվել Հայաստանում»,- եզրափակեց նա:

Հավելենք, որ Միքայել Շարաֆյանը 2011 թվականին Լոս Անջելեսում կայացած Հոլիվուդյան կինոփառատոնում հաղթել է «Հագուստի լավագույն դիզայներ» անվանակարգում Disasteroid տեսահոլովակի համար: Նա դերասան Լեւոն Շարաֆյանի որդին է:

Աննա Բաբաջանյան




Լրահոս