Մշակույթի նախարարությունը թերագնահատում է և չի գնի պատմական գորգերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն գրել էր, որ արեւելյան գորգերի ավստրալացի կոլեկցիոներ Ջեքուիզ Քադրիի հավաքածուում տեղ են գտել հայկական գորգեր, որոնք այս տարի դրվել են աճուրդի: Հավաքածուի յուրահատուկ նմուշներից մեկն, օրինակ, հայ գրող Գրիգոր Զոհրապի պատկերով գորգն է, որն, ըստ Մարկ Քեշիշյանի, գործվել է պատմական Հայաստանի Սվազ քաղաքում՝ Բեդուկյանների կողմից մինչեւ 1909 թվականը: ՀՀ մշակույթի նախարարությունը, սակայն, գորգերը ձեռք բերելու ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկել: Այնինչ՝ դրանց պատմական նշանակությունը հայերիս համար բավական մեծ է:

Այսպիսով՝ «Ժողովուրդ»-ը դիմել էր ՀՀ մշակույթի նախարարություն հետեւյալ հարցերով՝ արդյո՞ք գերատեսչությունը տեղյակ է գորգերի՝ աճուրդի հանվելու մասին, վերջինս ձեռնարկո՞ւմ է քայլեր՝ դրանք հայրենիք վերադարձնելու ուղղությամբ, նախարարությունը պատրաստվո՞ւմ է գնել այդ գորգերից որեւէ մեկը, կա՞ն այլ պատկան մարմիններ, որոնք հետաքրքրված են դրանցով։

Մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը պատասխանել է, որ Ավստրալիայի աճուրդում Ջեքուիզ Քադրիի հավաքածուում տեղ գտած հայկական գորգի մասին նախարարությունը տեղեկացվել է «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առեւտրային կամզակերպության կողմից:

«ՀՀ մշակույթի նախարարությունը չի պատրաստվում գնել հիշյալ գորգերը, քանզի մասնագիտական հետազոտության եւ քննարկման արդյունքում պարզվել է, որ աճուրդում ներկայացված հայկական գորգերի գեղարվեստական եւ դրամական արժեքները գերագնահատված են: Նախարարությունը նշյալ գորգերով հետաքրքրված այլ կազմակերպությունների մասին որեւէ տեղեկության չի տիրապետում»,-ասված է պատասխանում:

Հավելենք, որ Զոհրապի դիմանկարով գորգը գործվել է Ադանայի որբանոցներից մեկում: Եվ եթե նույնիսկ գեղարվեստական առումով այն մեծ արժեք չունի, ապա պատմական առումով գորգի նշանակությունը հայերիս համար բավական մեծ է: Այն անցել է ցեղասպանության դաժան տարիներով ու պահպանվել մինչ օրս: Հետաքրքիր է՝ ի՞նչն է ՀՀ մշակույթի նախարարության համար արժեք:

Անի Անտոնյան




Լրահոս