Հարց քաղաքացիներից` հարկադիր կատարողն իրավունք ունի՞ բռնագանձում տարածել պարտապանի աշխատավարձի և նրա այլ եկամուտների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ հարկադիր կատարողն իրավունք ունի՞ բռնագանձում տարածել պարտապանի աշխատավարձի եւ նրա այլ եկամուտների վրա, թե՞ ոչ:

Հասմիկ Եղյան (50 տարեկան, բուժքույր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հարկադիր կատարողն իրավունք ունի օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում բռնագանձում տարածել պարտապանի աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարների, կուտակային եւ կամավոր կուտակային կենսաթոշակների, կրթաթոշակի եւ մտավոր սեփականության օբյեկտների օգտագործմամբ ստացված վարձատրությունների, պետական կենսաթոշակների վրա, սակայն ոչ թե դրանց ամբողջ գումարի, այլ որոշակի տոկոսի վրա: Մասնավորապես`
-աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարներից, կուտակային եւ կամավոր կուտակային կենսաթոշակներից, կրթաթոշակի եւ մտավոր սեփականության օբյեկտների օգտագործմամբ ստացված վարձատրություններից կարող է պահվել մինչեւ 75%, եթե բռնագանձումը կատարվում է ալիմենտ վճարելու կամ առողջությանը, կերակրողի մահվամբ պատճառված վնասը կամ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու նպատակով,
-այլ պահանջների բավարարման նպատակով նշված եկամուտներից կարող է պահվել մինչեւ 50%,
-պարտապանի պետական կենսաթոշակներից կարող է պահվել մինչեւ 30%:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հարկադիր կատարման ցանկացած միջոցի կիրառման համար հիմք է հանդիսանում դատարանից դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն ուղարկված կատարողական թերթիկը: Առանց կատարողական թերթիկի օրինական չեն կարող համարվել իրականացվող հարկադիր կատարման միջոցները: Կատարողական թերթիկը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա՝ 3-օրյա ժամկետում:




Լրահոս