ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրվելիք ԵՄ-ի հետ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Իրավական համագործակցությունը
1. Կողմերը համաձայնում են զարգացնել քաղաքացիական եւ առեւտրային գործերի շուրջ դատական համագործակցությունը՝ քաղաքացիական գործերով դատական համագործակցության վերաբերյալ բազմակողմ կոնվենցիաների եւ, մասնավորապես, միջազգային իրավական համագործակցության եւ վեճերի, ինչպես նաեւ երեխաների պաշտպանության ոլորտներում միջազգային մասնավոր իրավունքի վերաբերյալ Հաագայի համաժողովի կոնվենցիաների վերաբերյալ բանակցությունների, դրանց վավերացման եւ կիրարկման մասով:
2. Ինչ վերաբերում է քրեական գործերով դատական համագործակցությանը, Կողմերը պետք է փորձեն ամրապնդել համապատասխան բազմակողմ համաձայնագրերի հիման վրա փոխադարձ իրավական աջակցության շուրջ համագործակցությունը: Համապատասխան դեպքերում այդպիսի համագործակցությունը պետք է ներառի ՄԱԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի համապատասխան միջազգային փաստաթղթերին միանալը եւ դրանք կատարելը, ինչպես նաեւ Եվրոդատի եւ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջեւ ավելի սերտ համագործակցությունը:
Հյուպատոսական պաշտպանությունը
Հայաստանի Հանրապետությունը համաձայնում է, որ ցանկացած ներկայացված անդամ պետության դիվանագիտական եւ հյուպատոսական մարմինները պետք է ապահովեն պաշտպանություն այնպիսի անդամ պետության ցանկացած քաղաքացու համար, որը Հայաստանի Հանրապետությունում չունի մշտական հասանելի ներկայացուցչություն տվյալ դեպքում արդյունավետորեն ապահովելու համար հյուպատոսական պաշտպանություն այն նույն պայմաններով, ինչ այդ անդամ պետության քաղաքացիների համար:
Տնտեսական երկխոսությունը
1. Եվրոպական միությունը եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է խթանեն տնտեսական բարեփոխումների գործընթացը՝ յուրաքանչյուր տնտեսության հիմնարար սկզբունքների ընդհանուր ընկալումը եւ տնտեսական քաղաքականությունների ձեւավորումն ու իրականացումը բարելավելու միջոցով։
2. Հայաստանի Հանրապետությունը պետք է լրացուցիչ քայլեր ձեռնարկի՝ արդյունավետ գործող շուկայական տնտեսություն զարգացնելու եւ իր տնտեսական ու ֆինանսական կարգավորումներն ու քաղաքականությունները համապատասխան դեպքերում Եվրոպական միության տնտեսական ու ֆինանսական կարգավորումներին ու քաղաքականություններին աստիճանաբար մոտարկելու ուղղությամբ։ Եվրոպական միությունը կաջակցի Հայաստանի Հանրապետությանը՝ ապահովելու կայուն մակրոտնտեսական քաղաքականություններ՝ ներառյալ Կենտրոնական բանկի անկախությունը եւ գների կայունությունը, կայուն պետական ֆինանսները եւ արտարժույթի փոխանակման դրույքաչափի կայուն համակարգն ու վճարային հաշվեկշիռը։
Այդ նպատակով Կողմերը համաձայնում են կանոնավոր տնտեսական երկխոսություն անցկացնելու շուրջ, որն ուղղված կլինի՝
ա) մակրոտնտեսական միտումների եւ քաղաքականությունների, ինչպես նաեւ՝ կառուցվածքային բարեփոխումների, այդ թվում՝ տնտեսական զարգացման ռազմավարությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակմանը,
բ) փորձառության եւ լավագույն գործելակերպերի փոխանակմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պետական ֆինանսները, դրամավարկային քաղաքականության եւ արտարժույթի փոխանակման դրույքաչափին առնչվող հայեցակարգերը, ֆինանսական հատվածի քաղաքականությունը եւ տնտեսական վիճակագրությունը,
գ) տարածաշրջանային տնտեսական ինտեգրման, այդ թվում՝ Եվրոպական տնտեսական եւ արժութային միության գործունեության վերաբերյալ տեղեկությունների եւ փորձի փոխանակմանը,
դ) տնտեսության, ֆինանսների եւ վիճակագրության ոլորտներում երկկողմ համագործակցության կարգավիճակի վերանայմանը։
Պետական հատվածի ներքին հսկողությունը եւ աուդիտի միջոցառումները
Կողմերը պետք է համագործակցեն պետական հատվածի ներքին հսկողության եւ արտաքին աուդիտի իրականացման հարցում՝ հետեւյալ նպատակներով՝
ա) ապակենտրոնացված կառավարչական հաշվետվողականության սկզբունքին, այդ թվում՝ ամբողջ պետական հատվածի համար անկախ ներքին աուդիտի գործառույթին համապատասխան՝ պետական ներքին հսկողության համակարգի հետագա զարգացումը եւ կիրարկումը Հայաստանի Հանրապետությունում՝ համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային ստանդարտների, շրջանակային հայեցակարգերի եւ ուղեցույցների ու Եվրոպական միության պատշաճ գործելակերպի հետ ներդաշնակեցմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած՝ պետական ներքին ֆինանսական հսկողության բարեփոխումների ծրագրի հիման վրա.
բ) Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական ստուգումների այնպիսի համարժեք համակարգի մշակումը, որը կլրացնի ներքին աուդիտի գործառույթը, այլ ոչ թե կկրկնօրինակի այն.
գ) Հայաստանի Հանրապետությունում պետական ներքին ֆինանսական հսկողության կենտրոնացված ներդաշնակեցման ստորաբաժանմանն աջակցումը եւ բարեփոխումների գործընթացն ուղղորդելուն առնչվող դրա կարողության ամրապնդումը.
դ) Վերահսկիչ պալատի՝ որպես Հայաստանի Հանրապետության՝ աուդիտ իրականացնող բարձրագույն հաստատության դերի հետագա ամրապնդումը՝ մասնավորապես դրա ֆինանսական, կազմակերպական եւ գործառնական անկախության տեսանկյունից՝ արտաքին աուդիտի (INTOSAI) [Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության] միջազգայնորեն ընդունված ստանդարտներին համապատասխան, եւ
ե) տեղեկությունների, փորձի եւ պատշաճ գործելակերպի փոխանակման գործընթացի ապահովումը։

Շարունակելի…

 

 

 

ԿԱՐԱԳԸ՝ ՈՐՊԵՍ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆՎԵՐ

Հայաստանում ոչ միայն կարագի գինն է թռիչքաձեւ բարձրանում, այլեւ մսամթերքինը: Ավելին՝ ե՛ւ կարագի, ե՛ւ մսամթերքի շուկաներում առաջիկայում սպասվում է թանկացումների նոր ալիք: Պատճառը տոնական օրերն են, երբ հակառակի պես ամեն բան մեր հանրապետությունում էժանանալու փոխարեն կրկինակի կամ եռակի թանկանում է:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ կարագի գինը սկսել է բարձրանալ անցած տարվանից: Իսկ վերջին մի քանի ամիսներին այն շեշտակի է թանկացել: Պաշտոնապես միայն հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, կարագը թանկացել է 14.6 տոկոսով: Ըստ մասնագետների՝ պատճառը միջազգային շուկայում տեղի ունեցող զարգացումներն են: Նոր Զելանդիայից արտահանող հիմնական ընկերությունների, այդ թվում նաեւ «Ֆոնտեռռա»-ի պաշտոնական տվյալներով` 2016 թվականի մայիսից 2017 թվականի սեպտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում կարագի միջազգային շուկայում արտահանման գները ավելի քան 130 տոկոսով աճել են: Մասնագետների կանխատեսմամբ` կարագի շուկայում գնային բարձրացումները կմնան մինչեւ հաջորդ տարվա փետրվար ամիս:
Պաշոտանական վիճակագրությամբ` այս հոկտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր հանրապետությունում արձանագրվել է կարագի 38.9 տոկոս գնաճ: Օրինակ՝ «Նոր զելանդական» տեսակի կարագի գինն աճել է 51.8 տոկոսով. այսինքն՝ եթե անցած տարվա հոկտեմբերին նշված կարագի գինը կազմել է 2800 դրամ, ապա այս հոկտեմբերին այն վաճառվել է 4255 դրամով: «Անքոր» տեսակի կարագը անցած տարվա հոկտեմբերին վաճառվել է 3000 դրամով, իսկ այս հոկտեմբերին` 4300-ով: Իսկ ահա «Վալիո» տեսակի կարագը 2016 թվականի հոկտեմբերին արժեր 4010 դրամ, իսկ այս հոկտեմբերին 5100 դրամով է վաճառվել: Կարճ ասած` առաջին անհրաժեշտության այս սննդատեսակը այնքան է թանկացել, որ մարդիկ սկսելու են շուտով իրար կարագ նվիրել:
Մյուս կարեւոր սննդատեսակը, որը վերջին ամիսներին նկատելի թանկացավ, միսն է: Ընդ որում, թանկացել եւ շարունակում է թանկանալ խոզի, գառան եւ տավարի միսը: Այս հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, տավարի եւ հորթի միսը թանկացել է 2.4, գառան, ոչխարի եւ այծի միսը` 5.9, իսկ խոզի միսը` 4.6 տոկոսով: Այս ոլորտի մասնագետների պնդմամբ` մսամթերքի գնի բարձրացման պատճառը անասնակերի թանկացումն է: Բանն այն է, որ երաշտի պատճառով խոտի քանակությունը նվազել է, ինչի հետեւանքով անասնակերի գինը 15-30 տոկոսով թանկացել է: Դա էլ իր հերթին բերել է մսի գնի բարձրացման: Բացի այս՝ մսամթերքի թանկացման մյուս պատճառը արտահանման ավելացումն է: Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա ընթացքում ՀՀ-ից մեծ քանակությամբ միս է արտահանվել, ինչն էլ այս շուկայում հանգեցրել է մսամթերքի գների բարձրացման:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆՈՒՄ ՀԵՐԹԵՐ ԵՆ
Նոյեմբերյանի անձնագրային բաժանմունքի առջեւ մարդկանց կուտակումներ են: Հերթերն առաջանում են առավոտից եւ մի փոքր նվազում են միայն օրվա երկրորդ կեսին: Նոյեմբերյանի սոցիալական ծառայությունից տարածաշրջանի համայնքապետարաններին հայտնել են, որ 2018թ. սկզբից ընտանեկան նպաստառուներին նպաստի գումարը վճարվելու է նույնականացման քարտերի միջոցով, ինչն էլ պատճառ է դարձել, որ նպաստառուները շտապեն անձնագրային բաժիններ: Դպրոցների աշխատակիցները, որոնք օգտվում են բուժման, հանգստի համար նախատեսված սոցիալական փաթեթի ծառայություններից, նույնպես շտապում են մինչեւ այս տարվա վերջ ձեռք բերել նույնականացման քարտեր, որպեսզի չզրկվեն սոցիալական փաթեթից: Արդյունքում, անձնագրային բաժիններում արդեն մի քանի օր է՝ հերթեր են գոյանում:

 

 

ԼԱՎՈՒԹՅՈՒՆ՝ ԱՆՏԱՌԻ ՀԱՇՎԻՆ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջեւանի անտառտնտեսության Խաչարձանի անտառպետության թիվ 6 պահաբաժնի անտառապահ Սեւակ Խանումյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2017թ. հուլիս ամսվա սկզբներին իր հորեղբոր որդուն` Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի բնակիչ Վրույր Խանումյանին թույլատրել է իր պահպանության տակ գտնվող պահաբաժնից ապօրինի հատել եւ անտառից դուրս բերել ընդհանուր 109 հազար 800 դրամ արժողությամբ բոխի եւ հաճարենի ծառատեսակների 12.2 խորանարդ մետր թափուկ վառելափայտ, որով պետությանը պատճառել է ընդհանուր 219 հազար 600 դրամի վնաս: Ս. Խանումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ներկայումս Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է Ս. Խանումյանի դատավարությունը:
Ի դեպ, այս տարվա ամռանից Տավուշի մարզում ապօրինի անտառհատումների վերաբերյալ հարուցված քրեական գործերում, որպես պետությանը պատճառված վնաս, նշված է ոչ միայն հատված ծառերի սակագնային արժեքը, այլ նաեւ սակագնային արժեքի երեքից մինչեւ հնգապատիկ գումարի չափը: Սովորաբար սակագնային արժեքի եռապատիկ գործակից կիրառվում է անտառից թաց կանգուն ծառեր հատելու, իսկ հնգապատիկ գործակիցը՝ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի հատումներ կատարելու դեպքում: Նախկինում հատված ծառերի սակագնային արժեքի գործակիցը ներառվում էր բնությանը պատճառված վնասի վերաբերյալ քաղաքացիական հայցերով գործերի մեջ, իսկ այժմ՝ քրեական գործերում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս