«ՇԱՌԼԱՏԱՆՆԵՐԻ ԲԱՆԱԿԸ ԿՈՐԶԵՑ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՄԵՆ ԲԱՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել ենք, որ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը կարող է զրկվել տնից։ Այս մասին ահազանգել են մի խումբ մտավորականներ՝ դիմելով ՀՀ նախագահին եւ վարչապետին: «Խաչիկ Մանուկյանը իր հայրենիքը այնքան շատ է սիրում, որ որոշեց տնտեսապես օգուտ բերել ե՛ւ իրեն, ե՛ւ հայրենիքին: Նա փորձեց տնտեսության մեջ իր ներդրումն ունենալ, սակայն ավելի «գիտակները» խաբեցին նրան: Բանկը, որից պետք է ստանար գումարը, մուտքագրում չէր արել: Հետագայում կառավարիչը ինքնասպան եղավ, ու բանկը վաճառվեց ուրիշ մեկին: Բանկի ունեցվածքը գնաց գնորդին, բայց պարտականությունները՝ ոչ»,-նշել է Աշխարհի հայ նկարիչների միության համանախագահ Ղազար Միրզոյանը։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել էր Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ, որը կոչ էր արել օգնել բանաստեղծին՝ անկախ բոլոր հանգամանքներից։ Այժմ արդեն «Ժողովուրդ»-ը զրուցել է հենց իր՝ Խաչիկ Մանուկյանի հետ։

-Պարո՛ն Մանուկյան, այս օրերին Ձեր թիկունքում աջակցություն զգացի՞ք։ Այնպիսի տպավորություն էր, որ արվեստագետների մի ստվար զանգված Ձեր կողքին էր։
-Նորություն չէ ասածս՝ այն, ինչ փողով գնվում է, արդեն էժան է։ Այդ սերը, այդ ոգեղեն ջերմությունը, իսկապես, ոչնչով չես փոխարինի։
-Շատերին է հետաքրքրում՝ տան հարցը, ի վերջո, լուծվե՞ց, թե՞ վտանգը դեռ կախված է Ձեր գլխին։ Հետաքրքիր կլիներ լսել հենց Ձեր մեկնաբանությունը՝ ի վերջո, ի՞նչ պատմության մեջ եք ներքաշվել։
-Խարդավանքների շղթայի վերջին փուլն է։ Հույս ունեմ, որ տվյալ բանկի նոր ղեկավարները խելամիտ կգտնվեն եւ առողջ որոշում կկայացնեն, հակառակ դեպքում՝ իրենք ժառանգորդն են հանդիսանում այն կառավարչի, որը, մի շարք վարկառուների (այդ թվում եւ ինձ) ֆինանսական լուրջ կորուստների մատնելով, ինքնասպան եղավ։ Բանկի գլխամասից եկած խաբեբաների, շառլատանների բանակի ներկայացուցիչները, որոնք սուտ խոստումներով մեզանից շարունակեցին կորզել հնարավոր ամեն բան, արդեն ազատված են պաշտոններից։ Այս չարաբաստիկ պատմությունն ամեն կերպ փորձեցին կոծկել։ Ամեն անգամ բանկի նոր պաշտոնյաները նոր խնդիրներ են առաջացնում։ Հուսով եմ՝ իմ հանդիպումը նոր ղեկավարների հետ դրական արդյունք կտա։ Տեսնենք։
-Իսկ կոնկրետ գրողական համայնքը Ձեր կողքի՞ն է այս դժվարին պահին։
-Շատերին ինքս եմ խնդրել, որ զուսպ լինեն։ Նրանց մի մասը, սեփական գրքերը վաճառելով, փորձում է ֆինանսական օգնություն ցուցաբերել. կրկին համոզվեցի, որ մեր երկրի իսկական տերերը ոգեղեն արժեքներ կերտող մեր տաղանդավոր եւ հպարտ հայրենակիցներն են։
-Պարո՛ն Մանուկյան, այս հոգեվիճակը, հուսով ենք, չի խանգարի Ձեր ստեղծագործական գործունեությանը, կեցության հարցը չի մղվի առաջին պլան։
-Ստեղծագործելուն միայն մի բան կարող է խանգարել՝ երբ վերջնականապես հեռանամ այս հրաշալի մոլորակից։ Մենք, աստվածային արժեքները շրջանցելով, հաճախ չարության թունավոր շնչին ենք հաղորդվում. մի ստեղծագործության մեջ մի քիչ կոպտորեն հնչեցրել եմ.
Սերը շրջանցող տարածության մեջ
Ի՜նչ էին փնտրում այս լակոտները՝
Ադոլֆ, Բոնապարտ, Մակեդոնացի…
Անհագուրդ հոգու մանվածքի վրա
Անսերությունն է կուրացնում մարդուն,
Կուրացած աչքը սիրուց բացվում է։
Հավելենք, որ տեւական ժամանակ է՝ մտավորականները պայքարում են հանուն ընկերոջ՝ Խաչիկ Մանուկյանի։ Աշխարհի հայ նկարիչների միությունը եւ Հայաստանի գրողների միությունը համատեղ կատարել են նկարահավաք, եւ տպագրվել է «Նվիրաբերում» անունով պատկերագիրքը: Նվիրաբերված նկարները կվաճառվեն, այդ հասույթով կփակվի բանաստեղծի պարտքը:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՓՈՔՐԻԿ ՈՐԴՈՒԿՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆՎԵԼ ՄԵՐ ԴԱՇՏՈՒՄ»

«Մեր դաշտում փոքրիկ որդուկներ են հայտնվել, խոպանչի իվենթչիներ, որոնք փորձում են ամեն տեղ լինել, ամեն տեղ ունեն իրենց ագենտիկները, ու եթե շքամուտքում 15 հոգի սիրող ունեն, դառնում են դիջեյ, մի խոսքով՝ ով չի ալարում, դիջեյություն է անում»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց DJ Smoke-ը (Արմեն Ալքամյան)։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում դիջեյներն ակտուալ են հատկապես ռեստորանային ոլորտում, եւ դա այն պատճառով, որ շուկան մեզ մոտ աստիճանաբար փոքրանում է. «Գնում ես ռեստորան, ասում են, որ դիջեյ ունեն, մեկ էլ գալիս է մեկը, որն ընդամենը տեխնիկային հետեւող է, ոչ ավելին։ Ուզում եմ ասել, որ Հայաստանում դիջեյ հասկացությունը բավական խեղաթյուրված է։ Այս մարդկանց էլ են դիջեյ անվանում, մեզ էլ։ Ասում եմ՝ ժողովո՛ւրդ, այդ մարդը տեխնիկ է, իսկ դիջեյը՝ արտիստ։ Ես ընդամենը կուզենամ, որ դիջեյության կուլտուրան Հայաստանում չլղոզվի»,-ասաց DJ Smoke-ը։
Նա նաեւ շեշտեց, որ դիջեյը պետք է կոնկրետ ուղղվածություն ունենա՝ հիփ-հոփ, էթնո, էլեկտրոնային ոճ եւ այլն.«Ես, օրինակ, հաճախ մատուցում եմ կոմերցիոն երաժշտություն, աշխատում եմ արտիստների հետ։ Համագործակցեցի Տիմատիի, ապա Սարոյի, վերջերս էլ Կամո Սեյրանյանի հետ. իմ մշակմամբ ներկայացրի ազգային, ժողովրդական գործեր, մոտեցանք ազգային թեմաների»։
Հարցին, թե արդյոք դիջեյները կարող են Հայաստանում նորմալ վաստակել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Տեսակով արտիստը չի կարող բավարարվել իր ստացած արդյունքներից, պետք է անընդհատ աշխատի, իսկ եթե աշխատի, նաեւ կվաստակի»։
Դիջեյը որքան հաճախ է լինում արտերկրում, առնչվում օտար երկրների մշակույթին, այնքան համոզվում է, որ մենք եվրոպական երկրներից, օրինակ, սովորելու շատ բան ունենք.«Մոսկվայի դիջեյներն, օրինակ, անընդմեջ ճամփորդում են մարզերում, կուզենայի` նույնը մեզ մոտ լիներ, որ դիջեյությունը մարզերում մասսայական բնույթ կրեր, որ, օրինակ, Գավառի բնակիչը իմանար՝ իսկական դիջեյությունն ինչ է։ Կցանկանայի նաեւ, որ հովանավորները, պրոդյուսերները հետաքրքրվեին մեզնով եւ ներդրումներ կատարեին մեր ոլորտում»,-եզրափակեց նա։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱ՞Ծ Է ԵՂԵԼ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հերքում է տարածված լուրերն այն մասին, որ Բելառուսի դեմ խաղը պայմանավորված է եղել: Federbet միջազգային կազմակերպությունը, որը զբաղվում է պայմանավորված խաղերի բացահայտմամբ, կասկածներ է հայտնել, որ Հայաստան-Բելառուս (4:1) ընկերական հանդիպումը պայմանավորված է եղել: Ըստ կազմակերպության` կասկածելի է եղել այն, որ մինչ խաղի 41-րդ րոպեն, երբ 0:0 էր հաշիվը, շատ խաղադրույքներ են արվել Հայաստանի թիմի հաղթանակի օգտին:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Արազ Օզբիլիսի, Հենրիխ Մխիթարյանի, Ռումյան Հովսեփյանի եւ էրիկ Վարդանյանի գոլերի շնորհիվ ընկերական խաղում 4:1 հաշվով հաղթեց Բելառուսի ընտրանուն: Հաջորդ հանդիպումը Պետրոսյանի սաները կանցկացնեն նոյեմբերի 13-ին` մրցելով Կիպրոսի թիմի դեմ:

 

 

ԿՄԱՍՆԱԿՑԻ «ԴԵՊԻ ԵՎՐԱՏԵՍԻԼ»-ԻՆ
Թամար Կապրելյանը կմասնակցի «Դեպի Եվրատեսիլ»-ին: Նա երգ կներկայացնի «Դեպի Եվրատեսիլ» նախագծին: Նշենք, որ Թամարը մեկ անգամ արդեն փորձ ունեցել է երգելու եվրատեսիլյան բեմում: Նա 2015 թվականին Genealogy խմբի կազմում ներկայացրել է Հայաստանը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի այն արտիստը, որը կդառնա «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողը:




Լրահոս