Հարց քաղաքացիներից` ո՞ր դեպքում կարող է տունն օտարվել այլ անձի անունով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մեր տունը եղել է սկեսուրիս անունով, որը մահացել է: Ունի մեկ աղջիկ եւ 2 տղա: Տղաներից մեկը սեփականության մեջ չկա գրանցված, մյուսն էլ ամուսինս է, որը 1 տարի առաջ մահացել է: Մնացել է աղջիկը, որ ապրում է այլ հասցեում:

Նա գրանցված է հենց իր բնակարանում: Ուզում եմ տունը դարձնել իմ անունով: Խնդրում եմ ասեք՝ հնարավո՞ր է, թե՞ ոչ: Եթե այո, ապա խնդրում եմ մանրամասն ներկայացնել կարգը: Ինչքա՞ն գումար պետք է վճարեմ: Նշեմ, որ ունեմ 3-րդ կարգի հաշմանդամություն, ունեմ 2 անչափահաս երեխաներ եւ ստանում ենք նպաստ:

Էմմա Հայրապետյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների օբյեկտները (այդ թվում՝ ցանկացած անշարժ գույքը) կարող են ազատորեն օտարվել կամ անցնել մեկ անձից մյուսին համապարփակ իրավահաջորդության կարգով (ժառանգում) կամ այլ եղանակով:

Ինչ վերաբերում է ժառանգությամբ ընդունված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կարգին եւ վճարներին, ապա հայտնվում է, որ նշված դեպքերում անհրաժեշտ է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով (օրենքի 24-րդ հոդված) Կադաստրի մարմնին ներկայացնել ժառանգությունն ընդունելու մասին իրավահաստատող փաստաթուղթ (ըստ օրենքի կամ ըստ կտակի՝ ժառանգության իրավունքի վկայագիր), ինչպես նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 36-րդ մասի 1-ին կետով (1000 ՀՀ դրամ) եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (25000 ՀՀ դրամ) նախատեսված վճարի մուծման անդորրագրերը:

Նշենք նաեւ, որ պետական գրանցման մասով արտոնություններ սահմանված են միայն ՀՀ կառավարության սահմանած ցանկերում ընդգրկված սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման դեպքում (նշված վճարները գանձվում են 50 տոկոսի չափով):

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ պարտապանի մահվան դեպքում պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում իրենց պահանջները ներկայացնել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին։




Լրահոս