Վերամշակման գործարան կառուցելու ծրագիրը այդպես էլ շարունակում է մնալ երազանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե, ի վերջո, երբ է իրագործվելու Իջեւան եւ Դիլիջան քաղաքների կենցաղային աղբի վերամշակման նպատակով գործարան կառուցելու ծրագիրը: Հիշեցնենք, որ երբ երեք տարի առաջ ,Ժողովուրդե-ը Հովիկ Աբովյանից հետաքրքրվել էր, թե ինչպես են պատրաստվում լուծել աղբահանության խնդիրները, նա պատասխանել էր, թե համայնքների աղբահանության եւ սանիտարական մաքրության հարցը քննարկել են մարզխորհրդի նիստերում:

Նա նաեւ ասել էր, որ գերմանական մի կազմակերպություն պատրաստակամություն էր հայտնել աղբի վերամշակման համար համագործակցել Վանաձոր եւ Դիլիջան քաղաքների հետ, Վանաձորի վարչական տարածքում պետք է ստեղծվի աղբի վերամշակման ձեռնարկություն: Ուստի մարզպետն այն ժամանակ հույսով էր, որ իրենց կհաջողվի աղբի վերամշակմամբ զբաղվող եվրոպական որեւէ ձեռնարկության հետ համագործակցելով՝ լուծել Տավուշի մարզի աղբավայրերի խնդիրը:

Ինչեւէ, երեք տարի անց այս խնդրի վերաբերյալ մեր հարցմանը Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գեւորգյանի ստորագրությամբ տրված պատասխանում նշված է. ,Ներկայումս մշակվում է ռազմավարություն կոշտ կենցաղային թափոնների կառավարման ուղղությամբ, նախատեսվում է մինչեւ 2018-2020թթ Լոռու մարզի Ղուրսալի համայնքի տարածքում 50 հեկտարի վրա 30 մ խորությամբ կառուցել եվրոպական եւ ժամանակակից չափանիշներին համապատասխան կոշտ կենցաղային թափոնների աղբավայր (համալիր), որը ներառելու է նաեւ Դիլիջան համայնքի կենցաղային աղբի տեղափոխումը՝ կոշտ կենցաղային թափոնների վերբեռնման սկզբունքով:

Առաջիկայում Իջեւան համայնքի կամ Իջեւանի տարածաշրջանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման նպատակով ժամանակակից աղբավայրի կառուցում նախատեսված չէե: Սա այն դեպքում, երբ Ղուրսալին Վանաձորից 15 կմ հեռավորությամբ է գտնվում, Վանաձոր – Դիլիջան հեռավորությունը 32 կմ է: Դիլիջան քաղաքից մինչեւ Ղուրսալի շուրջ 50 կմ է: Խոշորացված Դիլիջան համայնքի կազմում կան գյուղեր, որոնք Դիլիջանից շուրջ 25 կմ հեռու են: Դիլիջանի տարածաշրջանի գյուղերի կենցաղային աղբը 75 կմ տեղափոխվելու է, որ Ղուրսալիում ոչ թե վերամշակվի, այլ կուտակվի: Այսինքն՝ վերամշակման գործարան կառուցելու ծրագիրը այդպես էլ շարունակում է մնալ երազանք։

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս