Տուբերկուլյոզով հիվանդներին հարկադիր բուժման կուղարկեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի հետ զրուցել է առողջաահության նախարարությունում առկա խնդիրների շուրջ:

-Պարո՛ն Ալթունյան, նոյեմբերի 14-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ եթե «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի կալանավոր Էրիկ Սարգսյանը մահանա, ապա դրա պատասխանատվությունը կկրի ՀՀ առողջապահության նախարարությունը: Ավելին՝ կալանավորի էպիկրիզը ուղարկված է Ձեզ, սակայն նախարարությունը պատասխանել է, թե այս պահին պետպատվերի խնդիրը լուծված չէ: Սա պատասխան է՞:

-Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը առանձնահատուկ, եթե թույլ տաք, կվերլուծենք միայն հիվանդի անուն, ազգանունը ունենալուց հետո:

-Մեկ շաբաթ առաջ մենք այդ մասին հրապարակել ենք, ավելին՝ նախարարությանը ներկայացրել ենք, թե որ կալանավորը ինչ խնդիր ունի. խոսքը կալանավոր Էրիկ Սարգսյանի մասին է: Այսքան ժամանակ չե՞ք ուսումնասիրել՝ ունենալով հիվանդ կալանավորի հիվանդության պատմությունը:

-Երկար ժամանակ հիվանդը չի կարող ծայրահեղ վիճակում գտնվել: Դրա համար եմ ասում՝ թույլ տվեք էրիկի հիվանդության պատմության հետ ծանոթանամ, միգուցե որակավորումը փոխվի: Տիկին Զոհրաբյանի կամ Ձեր համար դա ծայրահեղ ծանր է, ինձ համար դա միջին ծանրության է կամ բարենպաստ, պետք է ուսումնասիրեմ:

-Ինչքա՞ն ժամանակ է պետք, որ ուսումնասիրեք: Ստացվում է, որ կալանավոր կլինի, թե հասարակ քաղաքացի՝ վատառողջ գնում են հիվանդանոց, որտեղ պատասխանում են, թե պետպատվերը վերջացել է: Այսինքն՝ մարդի՛կ, գնացե՛ք, մահացե՛ք:

-Նախարարությունը աշխատում է օպերատիվ ռեժիմով եւ բոլոր հարցումների պատասխանում է երկուսից հինգ օրվա ընթացքում, ինչ վերաբերում է այն կարծիքին, որ ուզում են ձեւավորել, դա խեղաթյուրում է:

-Փաստերը խեղաթյուրո՞ւմ: Պարո՛ն նախարար, նախարարության աշխատակիցները, եթե պետք է՝ որեւէ տեղ գործուղման գնան երկրում, չեն գնում, քանի որ կրճատումներ եք արել եւ մարդկանց ասել, թե արդյունքում իրենք պետք է իրենց միջոցներով գնան ու չեն գնում, ի՞նչ եք պատրաստվում անել:

-Դուք գիտեք՝ այդպիսի բարեփոխումներ տեղի ունեցել են, բայց բարեփոխումները ինչի՞ն են վերաբերում: Եթե ստուգման վայրը գտնվում է ոչ ավելին, քան 50 կիլոմետր հեռավորության վրա, եւ ստուգումը հնարավոր է կատարել աշխատանքային ժամերին, եւ մեքենան կա, վառելանյութը տրամադրում է նախարարությունը, այդ դեպքում գործուղման այդ գումարը չի տրամադրվում, դա համարվում է աշխատանքային օրվա ընթացքում կատարված աշխատանք: Իսկ եթե հեռավորությունը շատ ավելին է, եւ պետք է գիշերել, դա համարվում է գործուղում, եւ դրա համար վճարվում է: Եթե աշխատակիցը չի կարողացել ապացուցել գնալու անհրաժեշտությունը, պարզ է, որ դա մերժվում է:

-Օրերս «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր, որ հոգեբուժական կենտրոնները 25 դատական հայց են ներկայացրել դատարան, որ քաղաքացիներին հարկադիր բուժման ենթարկեն, կան դեպքեր, որ դատարանները մերժել են, քանի որ քաղաքացին հայտնել է, որ չի ցանկանում բուժվել, մինչդեռ հարազատները պնդում են, որ նա հանրությանը իր ընտանիքի անդամների համար վտանգ է ներկայացնում: Ինչպե՞ս եք տեսնում խնդրի լուծումը:

-Տեսնում եք, ես չգիտեմ, որ դեպքերի մասին է խոսքը, բայց միշտ այդ հակասությունը կա, կոնկրետ անձի ազատության աստիճանը եւ հասարակության պաշտպանվածության աստիճանը: Միշտ հակասությունը կլինի, բալանսի մեջ է ճշմարտությունը: Եթե անձը վնաս է ներկայացնում հասարակության համար, միջնորդագիրը կա՛մ պետք է իրավապահ համակարգին տրամադրի, կա՛մ հարեւանները, կա՛մ բարեկամները պետք է իրավապահներին հայտնեն, նրանք էլ դիմեն բուժհասատատություն, ու նոր անձին հարկադիր բուժման ներկայացնեն: Բայց պետք է նշեմ, որ նույն հարցը մեզ մոտ սպասվում է տուբերկուլյոզի մասով, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ տուբերկուլյոզով հիվանդները ընդահատում են իրենց բուժումը եւ մեկնում են Ռուսաստան, վերադառնում են արդեն կայուն տուբերկուլյոզի տեսակներով: Մենք երեւի թե նախաձեռնենք կառավարության որոշում կամ այլ որեւիցե իրավական ակտ, որի ուժով կկարողանանք այդ անձնավորություններին կարանտինի ենթարկենք մինչեւ բուժումը:

-Այսինքն՝ տուբերկուլյոզով հիվանդությամբ տառապող մարդկանց եւս հարկադիր բուժման կենթարկե՞ք:

-Այո՛, բուժումը մինչեւ վերջ տանել հարկադիր կերպով: Հակառակ դեպքում մենք տուբերկուլյոզը Հայաստանում չենք հաղթահարի, նախարարությունը նախատեսում է մինչեւ 2021 թվականը զրոյացնել տուբերկուլյոզի հիվանդների քանակը Հայաստանում:

Քնար Մանուկյան




Լրահոս