Երգչուհի Արփին սպասում է իր երկրորդ երեխային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովրդական երգերի նորովի մշակումներով հանդես եկող երգչուհի Արփին (Արփինե Շահնուբարյան) սպասում է իր երկրորդ զավակին։ Նրա որդին կծնվի մայիսին։ Արփին «Ժողովուրդ»-ին պատմել է իր ապրած զգացմունքների, օրորոցային երգեր ներառող CD-ի ձայնագրության, իր հեղինակած ստեղծագործությունների եւ այլ թեմաների մասին։

-Արփի՛, այժմ ինչո՞վ եք զբաղված, ի՞նչ նորություններ ունեք երկրպագուների համար։

-Այս ամառվանից աշխատում եմ հին հայկական օրորոցային երգերի CD-իս վրա։ Համագործակցում եմ «Գաթա» բենդի Գարեգին Առաքելյանի եւ ԴերՀովայի հետ։ Թերեւս 14-15 օրորոցայինի անդրադարձ կկատարեմ։ Հույս ունեմ՝ CD-ն գարնանն արդեն կթողարկվի։ Այս ընթացքում ձայնագրում եմ նաեւ իմ գրած նոր երգերը։

-Դրանք ի՞նչ ժանրի ստեղծագործություններ են։

-Դրանք փոփ ժանրի ստեղծագործություններ են, բայց այդ գործերի թիվն այնքան էլ մեծ չէ։ Գուցե երգերում առկա լինեն ժողովրդականի որոշակի տարրեր։ Ուզում եմ որակյալ մշակողների հետ աշխատել։ Կարծում եմ՝ այսօր Հայաստանում որակյալ փոփի կարիք կա։ Երգիչները պարբերաբար վերցնում են հին երգերը ու կատարում են նորովի, բայց թարմության պակաս կա։ Գուցե իմ այդ գործերը կատարեմ բենդիս հետ։

-Գիտենք, որ վերջերս Ավստրալիայում էիք, կպատմե՞ք՝ այնտեղ ում համար ելույթներ ունեցաք։

-Ինձ տեղի հայկական համայնքն էր հրավիրել։ Կա հիմնադրամ, որը մեծ բարեգործություններ է անում Հայաստանի համար, ես էլ այդ միջոցառումների շրջանակում հանդես եկա ելույթներով։ Այդքան հեռավոր երկրում հայկական համայնքի համար ներկայանալն ինձ համար մեծ բան էր։ Բայց ամենակարեւոր նորությունն այն է, որ երկրորդ բալիկիս եմ սպասում։

-Լավ նորություն է, իսկ սեռը հայտնի՞ է։

-Այո՛, տղա է, լույս աշխարհ կգա մայիսին։ Ի դեպ, հիմա ինձ համար օրորոցային երգեր կատարելու համար իդեալական կարգավիճակն ապահովված է։ Նույնիսկ մի քանի երգեր, որոնք ձայնագրել էի մինչ հղիությունը, մտադիր եմ նորից ձայնագրել՝ նոր կարգավիճակում զգացողություններս ճիշտ փոխանցելու համար։

-Հենց այդ զգացողությունների մասին էլ կցանկանայի՝ պատմեիք։

-Հիմա դեռ ոչինչ չեմ հասկանում, քանի որ դուստրս՝ երկուամյա Արեւիկը, ամբողջովին լցնում է օրս։ Անկեղծ ասած՝ չեմ պատկերացնում ինձ՝ որպես տղայի մայր, բայց, իհարկե, սպասումներս մեծ են։ Միշտ ուզեցել եմ 2015-ին երեխա ունենալ, որպեսզի Ցեղասպանության զոհերից գոնե մեկի պակասը լրացնեմ։ Այդ ցանկությունս իրականացավ։ Երազել եմ ունենալ նաեւ որդի, որպեսզի զինվոր տամ հայրենիքիս, Աստծո կամոք, դա էլ կկատարվի։

-Իսկ երկրորդ բալիկի ծնունդով պայմանավորված՝ հնարավո՞ր է, որ պասիվացնեք Ձեր երաժշտական գործունեությունը։

-Ես միշտ փորձել եմ այնպես անել, որ գործնականն ու անձնականը իրար չխանգարեն։ Երբ սպասում էի առաջնեկիս, մինչեւ հղիությանս վերջին օրը երգել եմ։ Կարծում եմ՝ շարժման, աշխատանքի մեջ լինելը կնոջը հաղորդում է էներգիա, որը շատ կարեւոր է։ Ես նվնվան հղիներից չեմ (ծիծաղում է)։ Իհարկե, ժամանակ եմ տրամադրում նաեւ հանգստին, փորձում եմ այդ բալանսը պահել։ Այս փուլում փորձում եմ օգտվել իմ հանգիստ վիճակից եւ ձայնագրություններ եմ անում։

-Իսկ «Հայվեյ» խմբի երաժիշտների հետ կշարունակե՞ք համագործակցել։

-Բենդի հետ կապված շատ մեծ պլաններ ունեմ։ Առհասարակ, այդ բենդն իմ երաժշտական կյանքի մեծագույն ձեռքբերումներից մեկն է, այն ինձ համար բոլորովին ուրիշ աշխարհ է։ Բենդի անդամների հետ շատ լավ ընկերներ ենք, մտերիմ ենք անգամ ընտանիքներով։ Ընդհանրապես, ինձ համար առանց երաժիշտների, միայնակ ներկայանալը բավական բարդ է, միշտ սովոր եմ թիկունքիս ունենալ այդ աջակցությունը։ Այնպես որ, մեր համագործակցությունը դեռ երկար կյանք կունենա։

Աննա Բաբաջանյան




Լրահոս