Նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան՝ ժամը 03:18-ին (Երեւանի ժամանակով նոյեմբերի 28-ի 22:18-ին) ԿԺԴՀ-ն ընդհատեց երկուսուկես ամիս ձգված լռությունը եւ իրականացրեց բալիստիկ հրթիռի հերթական արձակումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի զինվորականների տվյալներով՝ նոր հրթիռը տեխնիկական բնութագրերով գերազանցում Է մինչ օրս Հյուսիսային Կորեայի կողմից փորձարկված բալիստիկ հրթիռներին:
Հրթիռի թռիչքը տեւել Է 53 րոպե, այդ ընթացքում թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել Է 4-4,5 հազար կիլոմետր, իսկ հեռավորությունը՝ շուրջ հազար կիլոմետր: Այն ընկել Է Ճապոնիայի ափերից 250 կիլոմետր հեռավորության վրա՝ Ամորիի պրեֆեկտուրայի շրջանի բացառիկ տնտեսական գոտում: Ռադարները գրանցել են դրա բաժանումը երեք մասի, ինչից փորձագետները եզրակացնում են, որ դրանք եղել են բուն հրթիռի երկու աստիճանները եւ մարտագլխիկի մոդելը:
Հրթիռն արձակվել Է այսպես կոչված կախովի հետագծով. ոչ թե հորիզոնական, այլ ուղղաձիգ կերպով՝ մեծ անկյան տակ, որպեսզի կրճատվի թռիչքի հեռվությունը: Եթե այն արձակվեր սովորական հետագծով, դրա հեռվությունը կարող Էր կազմել 13 հազար կիլոմետր: Դա նշանակում Է, որ գործողության շառավիղը կծածկեր ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը:
Նոր արձակման առնչությամբ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ն «ստեղծում Է այնպիսի հրթիռներ, որոնք կարող են սպառնալ գործնականում ամբողջ աշխարհին», ինչպես նաեւ, «անտարակույս, ԱՄՆ-ին»: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ «ԱՄՆ-ը գլուխ կհանի դրանից», եւ ընդգծել Է, որ այս հիմնախնդրի նկատմամբ իր երկրի մոտեցումը կմնա անփոփոխ: «Ոչինչ չի փոխվի: Մենք կզբաղվենք դրանով: Դա իրավիճակ Է, որից մենք գլուխ կհանենք»,- խոստացել Է Թրամփը: Նա նաեւ հավելել Է, որ ԱՄՆ-ը շատ լուրջ մոտեցում ունի հիմնախնդրի նկատմամբ:
Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել Է, որ իր երկիրն առաջվա պես բաց Է դիվանագիտական երկխոսություն վարելու համար: «Միացյալ Նահանգներն առաջվա պես հանձնառու Է ԿԺԴՀ-ի միջուկազերծման եւ ռազմատենչ գործողությունների դադարեցման խաղաղ ճանապարհի որոնմանը»,- հայտարարել է պետքարտուղարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: