Հարց քաղաքացիներից` մասնագիտական դպրոց-ստուդիաների գործունեությունը լիցենզավորման ենթակա՞ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ մասնագիտական դպրոց-ստուդիաների, ակումբների եւ նմանատիպ կենտրոնների կրթական գործունեությունն ի՞նչ կարգով է իրականացվում: Այսինքն՝ ուզում եմ տեղեկանալ՝ դա լիցենզավորման ենթակա գործունեությո՞ւն է, թե՞ ոչ:

Մարինե Մխիթարյան (37 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ լիցենզավորման ենթակա են այն կրթական ծրագրերը, որոնք նշված են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի «9.Կրթություն բնագավառ» բաժնում:

Կրթական ծրագրերն են`

հանրակրթական ծրագրեր՝ նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ,

մասնագիտական կրթական ծրագրեր` նախնական (արհեստագործական), միջին, բակալավրի, մագիստրոսի:

Միաժամանակ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` կրթական ծրագիրը սահմանում է որոշակի մակարդակ եւ ուղղվածություն ունեցող կրթության բովանդակությունը, անհրաժեշտ գիտելիքների եւ հմտությունների ծավալը: Մասնավորապես մասնագիտական կրթական ծրագրերը նպատակաուղղված են կրթության հանրակրթական եւ մասնագիտական մակարդակների հաջորդականության միջոցով համապատասխան որակավորման մասնագետների պատրաստմանը, կարողությունների եւ հմտությունների ձեւավորմանը, գիտելիքների ծավալի ու որակավորման բարձրացմանը:

Վերոգրյալ հաստատությունները հանդիսանում են լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող միավորներ, որոնց գործունեությունը նպատակաուղղված է հիմնական ծրագրերից դուրս սովորողների կրթական պահանջմունքների բավարարմանը, նրանց որակավորման բարձրացմանը, ուստի այն չի հանդիսանում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ լիցենզիաների ձեւերը պետք է ունենան ՀՀ կառավարության կողմից արժեթղթերի համար սահմանված պաշտպանվածության աստիճան, հանդիսանում են խիստ հաշվառման փաստաթղթեր, ունեն հաշվառման համար սերիա: Լիցենզիաների ձեւերի ձեռքբերումը, հաշվառումը եւ պահպանումն իրականացնում են լիցենզավորող մարմինները:




Լրահոս