Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը կոչ-նամակով դիմել է ՀՀ մարզպետներին եւ խնդրել է իրենց անձնական միջոցներից 1000 դոլարի չափով ներդրում անել վիրավոր զինվորների եւ զինհաշմանդամների համար վերականգնողական կենտրոնի կահավորման համար:
«Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինհաշմանդամներին» բարեգործական ՀԿ պատրաստվում է ստեղծել Վերականգնողական կենտրոն, որի համար տարածք է տրամադրել Երեւանի պետական բժշկական համալսարանը: Այն Հայաստանի առաջին քաղաքային հիվանդանոցի շենքն է եւ կարիք ուներ հիմնանորոգման ու կահավորման: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շինաշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Հիմնանորոգման ֆինանսական միջոցների ներդրմանն ու կահավորմանը մասնակցել են բազմաթիվ անհատներ, ինչպես նաեւ տարբեր պետական ու ոչ պետական կառույցներ:
Հետագայում այս Կենտրոնը զինհաշմանդամների համար կծառայի նաեւ որպես ուսումնական կենտրոն, որտեղ տղաները կստանան նոր աշխատանքային հմտություններ եւ արդյունքում` աշխատանք: Կենտրոնի բացումը նախատեսվում է 2018-ի հունվարի 28-ին, շենքի հիմնանորոգումն արդեն ավարտին է մոտենում, մնում է կահավորելը, որի համար բավարար կլինի յուրաքանչյուր մարզպետի կողմից 1000 դոլարի ներդրումը: Ի դեպ, 1000 դոլարն ուղարկելու ժամկետը մինչեւ դեկտեմբերի 10-ն է:
Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը իր կոչ-նամակով դիմել է նոյեմբերի 25-ին` այն ուղարկելով մարզպետարանների էլեկտրոնային փոստերին: «Փորձում եմ բոլոր մարզպետարանների հետ կապվել հեռախոսով` հավաստիանալու համար իրենք ստացել են արդյոք: Բայց ոչ բոլոր մարզպետարանների հեռախոսն է պատասխանել: Անահիտ Բախշյանը խոստացել է դեկտեմբերի 10-ից տարածել այն մարզպետների անունները, ովքեր միացել են իր կոչին:
Ներկա դրությամբ հազար դոլար ներդնելու վերաբերյալ Անահիտ Բախշյանի կոչին ոչ մի մարզպետ դեռեւս չի արձագանքել: «Երկու օր առաջ եմ տարածել, բայց դեռ լռում են: Նորից եմ կրկնում` նոյեմբերի 25-ին եմ ուղարկել այդ կոչ-նամակը, թող ստուգեն իրենց էլեկտրոնային փոստերը: Խոսքը իրենց անձնական միջոցներից ներդրման մասին է, ոչ թե պետական: Խորհուրդ եմ տալիս ստուգել իրենց էլեկտրոնային փոստերը»,- ասաց տիկին Բախշյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Բախշյանի կոչ-նամակը ոչ բոլոր մարզպետներն են ստացել: Նրանք անգամ տեղյակ չէին, թե ինչի մասին էր խոսքը: Բայց կան մարզպետներ, որոնց սրտով չէ ավագանու անդամի այս նախաձեռնությունը: Կան նաեւ այնպիսիք, որոնց մոտ Անահիտ Բախշյանի կոչ-նամակը մտավախություն է առաջացրել:
Ի դեպ, մարզպետների աշխատավարձը ամսական գերազանցում է 500 հազար դրամը: Օրինակ՝ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ամսական աշխատավարձը անցած տարվա հայտարարագրի համաձայն՝ կազմել է 740 հազար դրամ, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանինը` 687 հազար դրամ, Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանինը` 530 հազար դրամ եւ այսպես շարունակ:
«Ժողովուրդ»-ը անմիջապես մարզպետներից փորձեց պարզել, թե արդյո՞ք նրանք պատրաստվում են արձագանքել Անահիտ Բախշյանի կոչին եւ պատրա՞ստ են իրենց անձնական միջոցներից գումար նվիրաբերել: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում լսելով հարցը, անմիջապես հայտարարեց, որ Անահիտ Բախշյանի նամակը չի ստացել: «Նորից կստուգենք, կտեսնենք՝ ստացե՞լ ենք տիկին Բախշյանից նամակ, թե՞ ոչ: Բայց նշեմ, որ մենք ամեն օր հետեւում ենք մարզպետարանի պաշտոնական էլեկտրոնային փոստին: Մենք պետք է դեռ հասկանանք՝ ի՞նչ պահանջ է, ինչի՞ համար է: Ի վերջո, մենք կառավարության ներկայացուցիչներն ենք մարզում:
Փորձենք դիմել մարզի գործարարներին, խնդրենք նրանց՝ փոխանցեն այդ գումարը, եթե դրա անհրաժեշտությունը կա: Բայց դեռ պետք է ուսումնասիրենք»,- ասաց Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նույնպես հայտարարեց, որ կոչ-նամակ չի ստացել: «Եթե ստանամ, տեսնեմ՝ ազնիվ բան է, կքննարկենք, ելնելով առաջարկից՝ կորոշենք: Բայց մենք որեւէ կոչ-նամակ չենք ստացել տիկին Բախշյանից: Եթե ստանանք էլ, ապա բազմաթիվ հարցեր կան, պետք է քննարկենք ու որոշենք»,- ասաց Շիրակի մարզպետը:
Իսկ ահա Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ Անահիտ Բախշյանի կոչ-նամակը գտնվում է իր աշխատակազմի ղեկավարի մոտ: «Դեռ որեւէ բան չենք քննարկել, բայց մի քանի օրից պարզ կդառնա: Մի հատ ծանոթանանք կոչի բովանդակությանը, բնականաբար կփորձենք… պարզ չէ՞, որ պետք է օգտակար լինենք: Միայն մարզպետարանը բյուջետային հիմնարկ է եւ չունի նման ֆինանսական հնարավորություն: Կփորձենք նաեւ ընկերների օգնությանը դիմել, չնայած, որ այս պահի դրությամբ հստակ չէ, կքննարկենք եւ առաջիկայում կներկայացնենք»,- խոստացավ Լոռու մարզպետը:
Մի խոսքով, մարզպետները բավական նուրբ կացության մեջ են հայտնվել: Քանի որ նրանք չեն կարող պնդել, թե իրենք աշխատավարձով են ապրում, որովհետեւ Հայաստանում դժվար թե գտնվի որեւէ մեկը, ով այդքան միամիտ կլինի եւ կհավատա նման պնդումներին: Մյուս կողմից էլ՝ եթե մարզպետները արձագանքեն, ապա այս ակցիան կարող է նախադեպ դառնալ:
Սյունէ Համբարձումյան