02.12.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը դեկտեմբերի 2-ին, ժամը 10։00-ին սիրով հրավիրում է Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի կունենա «Հայաստան, ի՛մ սեր» միջոցառման մեկնարկն ազդարարող ֆլեշմոբ։

«Քարե գորգի վրա» ազգային տարբեր պարեր կատարելուց հետո երգի, պարի անսամբլները և ազգագրական խմբերը հենց Հրապարակից ավտոբուսներով կուղղվեն դեպի մարզեր։ Հանրապետության 40 մեծ ու փոքր համայնքներում դեկտեմբերի 2-ին և 3-ին «Հայաստան, ի՛մ սեր» խորագրով աննախադեպ համերգաշար է նախատեսված, որով կեզրափակվի «Մշակութային կանգառ»-2017-ը։

ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող 36 պետական ոչ առևտրային կազմակերպություններ «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում 2017 թվականին Հայաստանի և Արցախի 110  համայնքներում, ՀՀ Զինված ուժերի զորամասերում իրականացրել են ավելի քան 426 մշակութային  միջոցառումներ՝ թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ. իրականացվել է մոտ 200 կինոցուցադրություն:

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը, որի գլխավոր հովանավորը Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամն է, իրականացվում է մարզերում մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով։

***

Դեկտեմբերի 2-ին` ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Նաղաշ» համույթը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կներկայացնեն «Կարոտի երգերի» նոր՝ նվագախմբային տարբերակի համաշխարհային պրեմիերան։

Երաժշտությունը՝ ամերիկահայ կոմպոզիտոր Ջոն Հոդյանի։ Դիրիժոր՝ Ջոն Հոդյան։ Երաժշտությունը գրված է միջնադարյան բանաստեղծ Մկրտիչ Նաղաշի բանաստեղծությունների հիման վրա։ Նշենք, որ ամերիկահայ կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար Ջոն Հոդյանի երաժշտությունը հայկական արմատների և դասական կոմպոզիցիայի ու ազատ իմպրովիզացիայի համադրում է։ Հոդյանը ստեղծագործում է տարբեր ժանրերում՝դասականից ավանգարդ, ավանդականից ռոքի, ջազի էլեմենտներ և երբեմն զուգակցում այս ամենը:

Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնը կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի հովանու ներքո։

***

Դեկտեմբերի – 2  ին  ժամը 11:00-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Յունիսոն» հասարակական կազմակերպության ղեկավար  Արմեն Ալավերդյանը կխոսի Հայաստանում հաշմանդամների համար միջավայրի հարմարավետության, հասարակության կողմից  խտրականության դրսևորումների ու ինտեգրման մասին ինչպես նաև բանախոսը կներկայացնի 2010 թվականին ուժի մեջ մտած ՄԱԿ-ի կոնվենցիայի մասին զարգացումները:




Լրահոս